Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
«Երբ քոլեջի ուսանող էի, մեզ տարան հիվանդանոց, պետք է տեսնեինք, ոնց են աբորտ անում: Երբեք չեմ մոռանա, արդեն ձևավորված ոտիկները, աղիները… Հետո ուշաթափ եմ եղել: Մինչև էդ ծննդաբերության էինք մասնակցել: Կինը ճգնում էր, թևս ուժեղ բռնած սեղմում, երեխա լույս աշխարհ բերելու համար: Այս տեսարանից հետո հատկապես չեմ կարող հասկանալ, ներել աբորտ անող կնոջը»,-ասում է 30-ամյա Լիլիանը, ով ամուսնացած չէ: Ուսումն ավարտելուց հետո մանակաբարձ չդարձավ, հիմա այլ աշխատանք ունի, նաև դասավանդում է երևանյան բուհերից մեկում…
«Աբորտը համարում եմ մարդասպանություն: Ի՞նչ տարբերություն երբ ես մարդուն սպանում, նոր սաղմնավորված վիճակում, թե ավելի ուշ: Հանցագործություն է, բարոյական առումով անընդունելի»,-ասում է բարձրագույն կրթությամբ Լարիսան, ով մեկ երեխա ունի…
Ո՞ր կանայք են առավել հաճախ դիմում աբորտի
Այս հարցի պատասխանն է տալիս վերջերս ամփոփված «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2010» զեկույցը, որը պատրաստվել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, Առողջապահության նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացված ուսումնասիրությունների ու հարցումների հիման վրա:
Ըստ զեկույցի Հայաստանում ավելի հաճախ հղիության արհեստական ընդհատման դիմում են կրթական ցածր մակարդակ ունեցող կանայք: «Բարձրագույն և հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում աբորտների ցուցանիշն ավելի ցածր է, քան այլ կրթություն ունեցող կանանց մոտ: Հատկանշական է, որ աբորտների ամենացածր ցուցանիշը գրանցվել է բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում (20 տոկոս): Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում, ովքեր օգտագործում են պտղաբերության հսկման ավելի փորձված և վստահելի մեթոդներ, անցանկալի հղիություններն ավելի քիչ են տարածված»,- նման եզրահանգման են եկել զեկույցի հեղինակները:
Զեկույցի արդյունքների համաձայն 15-19 տարիքային խմբում աբորտները 10 տոկոս են կազմում, 20-24 տարիքային խմբում` 18 տոկոս, 25-34 տարիքային խմբում` 39 տոկոս:
Գոյություն ունի նաև ուղիղ համեմատական կապ երբևէ ունեցած աբորտների և կենդանի երեխաների թվաքանակի միջև: Ի տարբերություն մեկ երեխա ունեցող կանանց 17 տոկոսի, երեխա չունեցող կանանց 1 տոկոսից քիչն է ունեցել աբորտ: Նույն ցուցանիշը 2-3 երեխա ունեցող կանանց շրջանում կազմել է 58 տոկոս և 4 կամ ավելի երեխա ունեցող կանանց շրջանում` 56 տոկոս:
Ինչպիսի՞ն է աբորտների թիվը Հայաստանում:
Վերջին տասը տարիների ընթացքում աբորտով ավարտված հղիությունների մասնաբաժինը նվազել է՝ ՀԺԱՀ 2000-ի արդյունքում գրանցված 55 և ՀԺԱՀ 2005-ին` 45 տոկոսից մինչև ՀԺԱՀ 2010-ին արձանագրված 29 տոկոս ցուցանիշը:
Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, մեկնաբանելով մեր խնդրանքով այս ցուցանիշները նշում է, որ աբորտների նվազումը մասամբ պայմանավորված է վերջին տասը տարիների կտրվածքով հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործման մակարդակի աճով և նույն ժամանակահատվածի կտրվածքով՝ հակաբեղմնավորման ավանդական մեթոդների օգտագործման նվազմամբ:
Նա կարևորում այս առումով նաև խորհրդատվական ինստիտուտի կայացումը: «Արևմտյան երկրներում շատ բարձր մակարդակի է խորհրդատվական ծառայությունը, ցանկացած կին ունի էդ սովորույթը, մշակույթը: Որևէ քայլ անելիս խորհրդակցում են բժշկի հետ: Մեզ մոտ ցավոք սրտի դեռ նման բան չկա»,-նկատում է Գ. Հայրապետյանը:
«Մենք բավականին մեծ խնդիր ունենք իրազեկման բարձրացման առումով, որովհետր մեզանում կա մի կանխավարկած, որ հակաբեղմնավորման հաբերը վնասակար են առողջությանը: Այստեղ շատ կարևոր է պետության դերը, որն իր վրա դեռ չի վերցրել պարտավորությունը` աղքատ խավի կանանց տրամադրել հակաբեղմանվորիչներ: Կարծում եմ, արդեն ժամանակն է, որ պետությունն իր վրա վերցնի այդ պարտավորվածությունը»,- նշում է Հայրապետյանը, հղում անելով զեկոյցում զետեղված բավականին խոսուն թվերի վրա:
Ըստ այդ թվերի երբևէ աբորտի դիմած կանանց գրեթե 2/3-ն իրենց կյանքի ընթացքում ունեցել է 1-ից ավելի աբորտ: Երբևէ աբորտի դիմած կանանց 47 տոկոսն ունեցել է 2-3, իսկ 12 տոկոսը` 4-5 աբորտ: Կանանց 5 տոկոսն ունեցել է 6 կամ ավելի աբորտ:
«Ենթադրվում է, որ այս կանանց շրջանում աբորտները հանդիսացել են պտղաբերության վերահսկման հիմնական մեթոդը: Այս հարցի շուրջ ևս նկատելի է նշանակալի տարբերություններ ըստ մարզերի, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արմավիրում և Կոտայքում (10-11 տոկոս), իսկ ամենացածրը՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում (1 տոկոս և ավելի պակաս): Երբևէ աբորտ ունեցած կանանց շրջանում մեկ կնոջ հաշվով աբորտների միջին թիվը կազմել է 2.4»,-նշվում է զեկույցում:
Անդրադառնալով հղիության արհեստական ընդհատման բացասական հետևանքներին Հայրապետյանը փաստում է. «Առաջնային անպտղության ցուցանիշը Հայաստանում ընդամենը 4% է: Երկրորդային անպտղության /երբ կինն ունի երեխա, ցանկանում է ունենալ ևս երկրորդ երեխա/ ցուցանիշը 15 տոկոս է, այն առաջանում է կամ սեռավարակից կամ էլ աբորտից»:
Իսկ գուցե՞ արգելել աբորտները
…45-ամյա Նարինեն, ով արդեն դպրոցն ավարտած երկու տղա ունի ու որևէ անգամ աբորտի չի դիմել, մեզ հետ զրույցում ասաց, ինքը կողմ է, որ օրենքով արգելվի հղիության արհեստական ընդհատումը:
Հայաստանյան օրենսդրությունը մինչև 12 շաբաթական հղիությունը չի արգելում աբորտը, իսկ դրանից հետո թույլատրվում է աբորտ անել, եթե մոր կամ պտղի կյանքին վտանգ է սպառնում, մեկնաբանոմ է մասնագետը:
«Փառք աստծո, Հայաստանում արհեստական վիժումը օրենքով թույլատրված է մինչև 12 շաբաթականը: Դա է պատճառներից մեկը, որ վերջին 10-12 տարվա ընթացքում արհեստական վիժումից ոչ մի մայրական մահացություն չի եղել: Մենք ունենք շատ զարգացած երկրների օրինակներ, որտեղ արգելված է աբորտը, հատուկ չարտերային թռիչքներ են լինում հարևան երկրներ, կանայք հարևան երկրում են անում աբորտը: Դրանք հայտնի են «աբորտային թռիչքներ» անունով: Կամ էլ անում են անօրինական ձևով, պադվալներում, հակահիգիենիկ պայմաններում, ինչը բերում է մահվան դեպքերի»,- պարզաբանեց Գարիկ Հայրապետյանը:
Որո՞նք են պատճառները
Աբորտները, ըստ մասնագետի, հիմնականում երկու պատճառ ունեն` սոցիալ-տնտեսական ու սեռի սելեկտիվ ընտրություն: Հայաստանում սոցիալ-տնտեսական պատճառը հիմնականն է, նշում է Հայրապետյանը:
Ըստ հետազորության արդյունքների` այլևս երեխա չունենալու կնոջ ցանկությամբ է պայմանավորված եղել աբորտների 39 տոկոսը: Աբորտների 15 տոկոսը հետևանք է եղել սոցիալ-տնտեսական պատճառների կամ հաջորդ երեխայի ծնունդը հետաձգելու ցանկության: Ինն աբորտներից մեկը հրահրվել է մոր առողջության վերաբերյալ մտավախության պատճառով (11 տոկոս): Աբորտների 9 տոկոսի պատճառ հանդիսացել է պտղի սեռը: Պտղի սեռի պատճառով աբորտի դիմած կանանց մեծամասնությունը (8 տոկոս) ցանկանում էր տղա երեխա ունենալ: Ինչպես երեխա ունենալու վերաբերյալ զուգընկերոջ անհամաձայնությունը, այնպես էլ զարգացման արատով երեխա ծնվելու վտանգը դարձել են ցուցում կատարված աբորտների 4 տոկոսի համար:
Գարիկ Հայրապետյանի դիտարկմամբ սեռով պայմանավորված աբորտների 30 տոկոսը պայմանավորված է տղա ունենալու ցանկությամբ, իսկ 0.8 տոկոսը` աղջիկ ունենալու:
Սեռով պայմանավորված աբորտները նվազեցնելու համար պտղի սեռը հայտնելու արգելքի վերաբերյալ նա նշում է, որ կտրականապես արգելելն էլ լուծում չէ, քանի որ դա կբերի կոռուպցիոն ռիսկերի:
«Այստեղ կարևոր է ոչ թե արգելքը, այլ մեխանիզմներ մտածելը, ավելի շատ պետք է աշխատել ազգաբնակչության ենթագիտակցության վրա, որ աղջիկ երեխայի արժեքը չպետք է ավելի ցածր լինի մեր հասարակությունում, քան տղա երեխայինը: Եթե մենք ասում ենք, մեր ազգին պետք են զինվորներ, մենք չպետք է մոռանանք, որ այդ զինվորները ծնող մայրեր են պետք: Այսօր մենք արդեն 0-19 տարեկանների խմբում 50 հազարով ավելի տղա կա»,-ասում է Գարիկ Հայրապետյանը:
Հ. Կարապետյան
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Դիտումների քանակը` 6656