ԱԱՀ-ի կիրառումը կրթության ոլորտում աղետալի հետևանքները կհանգեցնի. փորձագետների կարծիք
Կրթական հաստատությունների համար ԱԱՀ-ի կիրառման մտադրությունը լուրջ մտահոգությունն է առաջացրել թե փորձագետների, թե հաստատությունների, թե ծնողների շրջանում։ Նրանք ահազանգում են՝ եթե նման որոշում ընդունվի, ապա հետևանքները կործանարար են լինելու։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի՝ «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» 2020 թ․ դեկտեմբերի 30-որոշմամբ կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ:
Որոշմանը կից հավելվածում որպես հիմնավորում նշվում է, որ արտոնությունից օգտվում են ոչ միայն սոցիալապես անապահովները, այլև բարձր եկամուտ ունեցող խմբերը, և վերջիններս ավելի շատ։
«Այս առումով ԱԱՀ-ից ազատման արտոնությունները կորցնում են իրենց հասցեականությունը և իրենց հիմնական նպաըակին չեն ծառայում»,-ասված է հավելվածում։
Ծնողի կարծիքը
Գրող, գրականագետ Կարեն Անտաշյանը, օրինակ կարծում է, որ ծնողը երեխային մասնավոր դպրոց ուղարկելով թեթևացնում է պետության ֆինանսական բեռը, կոմպեսացնում կրթության ոլորտում առկա բացերը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մասնավոր դպրոցները ԱԱՀ-ով հարկելու որոշումը նման է տունդ տաքացնելու համար պտղատու մատղաշ այգին կտրել՝ վառելուն։ Հա, ասենք մի երկու ծակ էլ դրանով փակեցիք, հետո՞ բա հետո՞, մի ամբողջ փխրուն, դեռ բնավ չկայացած ոլորտի հաշվի՞ն։
Մասնավոր դպրոց տալով մենք մեր սեփական չարչարանքը, միջոցները ներդնում ենք մեր երեխաների ապագայի մեջ, ճիշտ է, բայց անուղղակիորեն նաև կոմպենսացնում ենք պետության կազմակերպած վատ կրթության բացերը ու թեթևացնում ֆինանսական բեռը, ապագայում նաև երկրի համար լավ մասնագետների հոսք ապահովելով։
Եթե ինչ-որ էլիտար, թանկ վարձավճարով դպրոցներ կան, որտեղ գերագնահատված վարձով են սովորում երեխեքը, խնդրեմ, բայց նվազագույն տանելի պայմաններով դպրոցներին սա չպետք է վերաբերվի»։
Ի՞նչ են ասում փորձագետները
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը համոզված է, որ կառավարությունը շատ տեխնիկական մոտեցում է ցուցաբերում այս հարցին՝ առանց խորությամբ ուսումնասիրելու խնդիրը։
«Առողջապահական, կրթական ծառայությունները միշտ ազատված են եղել ԱԱՀ-ից։ Այն խնդիրը, որ փորձում են լուծել՝ կապված հարկային ճեղքի հետ, բյուջեի խնդիրները չի լուծի, հատկապես կրթության մասով։ Ես կարծում եմ, որ դա աղետալի հետևանքներ կունենա միջին ու մասնագիտական նախնական կրթության բնագավառում։ Սա զգալի ազդեցություն կունենա նաև ԲՈՒՀ-երի վրա»,-ասում է Քյուրումյանը։ Նրա դիտարկամամբ, հնարավոր փոփոխությունը կհանգեցնի նաև արտասահմանցի ուսանողների թվի կրճատմանը։
«Մեկ ձայն» ասոցիացիայի խորհրդի անդամ Հայկազ Նավասարդյանն էլ համարում է, որ որոշման նախագիծը պատրաստողները լավ չեն հաշվարկել հնարավոր ռիսկերն ու վնասները հատկապես մասնավոր դպրոցների ու մանկապարտեզների մասով։
«Մասնավոր դպրոցների, մանկապարտեզների պարագայում պետությունը ոչ թե շահելու է, այլ էապես ֆինանսապես տուժելու է։ Մենք մեկ-երկու օրվա մեջ փորձեցինք որոշ տեղեկություններ հավաքել։ Օրինակ, 7 հազար երեխա այսօր հաճախում է մասնավոր մանկապարտեզ, այնպես չէ, որ պետությունն ի վիճակի է բոլորին ընդգրկել պետական մանկապարտեզներ, հետևաբար նրանց մի մասը զրկվելու է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, դա էլ իր հերթին բերելու է բացասական այլ հետևանքների, օրինակ ծնողները ստիպված նստելու են տանը, որպեսզի խնամեն երեխաների, դա էլ իր հերթին կնվազեցնի բյուջե վճարվող եկամտահարկը, դա էլ իր հերթին կբերի գործազրկության աճին»,-ասում է Նավասարդյանը։
ԿՏԱԿ-ի տվյալներով, մասնավոր դպրոցներն ունեն մոտ 10 հազար աշակերտ։ Նավասարդյանի հաշվարկով, պետությունը նրանց հաշվին կարողանում է տնտեսել 2.6 մլրդ դրամ գումար, քանի որ յուրաքանչյուր աշակերտի համար պետությունը մոտ 235 հազար դրամ է տրամադրում, դրան գումարած տարրական դասարաններին դասագրքեր չի տրամադրում, ուսուցիչներին սոցապահավոգրության մեջ չի ներառում, նրանց համար վերապատրաստում չի կազմակերպում։
«Այսինքն, պետությունը ոչ պետական դպրոցների հաշվին լուրջ գումար է տնտեսում։ Իսկ եթե ԱԱՀ է կիրառվում, ապա կարող են փակվել ոչ պետական դպրոցները, որի աշխատակիցները դառնում են գործազուրկ, հետևաբար եկամտահարկ չի վճարվում, վարձակալության վճար չի վճարվում։ Լինում են մուլտիպլիկատիվ այլ էֆեկտներ, քանի որ դպրոցը նաև գույք է գնում, սնունդ է գնում և այլն, և այլն»,-նշեց նա։
Եթե նույնիսկ որևէ դպրոց չփակվի, ոչ մի երեխա դուրս չգա դպրոցից, ինչը հնարավոր չէ, ապա պետությունը լավագույն դեպքում կստանա լրացուցիչ 1 մլրդ դրամ գումար։
Նավասարդյանը նշում է՝ անանուն հարցում են անցկացրել մասնավոր դպրոցների սաների 2600 ծնողի շրջանում, ընդամենը 1 տոկոսն է ասել, որ կվճարի թանկ գնով, 10 տոկոսն ասել է՝ դժվարությամբ կվճարի, այլ դպրոց տեղափոխելու տարբերակ ընտրել են 28 տոկոսը, 40 տոկոսը պատասխանել է, որ երեխային կտեղափոխի պետական դպրոց։
«Պետական դպրոց տեղափոխելով՝ պետության վրա ծախս է ավելանում»,-նշում է Նավասարդյանը՝ ավելացնելով, եկամտի նվազման դեպքւոմ մասնավոր դպրոցները կփակվեն։
Պետք է համոզել, որ Հայաստանի համար լավագույն լուծումը սա չէ
«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է, եթե կրթությունը հարկվի ԱԱՀ-ով, մասնավոր դպրոցները փակման վտանգի առջև կհայտնվեն:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը փաստացի կոչնչացնի տարիների փորձ ունեցող, առաջադեմ, փորձառու բազում ուսուցիչներին մասնագիտության մեջ պահած, կրթության զարգացման կարևոր գրավական հանդիսացող ոչ պետական դպրոցների ճնշող մեծամասնությունը։
«ՀՀ կրթությանը կհասցվի մեծագույն վնաս, տնտեսությունը կտուժի, կաճի պետության ֆինանսական բեռը, ոչ պետական դպրոցների հազարավոր աշխատակիցներ կդառնան գործազուրկ` սրելով առկա ճգնաժամի սոցիալական հետևանքները։
Կառավարության՝ բյուջետային ճեղքվածքը հարկային բեռի ծանրացմամբ փակելու քայլը, եթե այն կիրառվի ոչ պետական դպրոցների նկատմամբ, ոչ միայն կնվազեցնի պետության եկամուտները, այլ կբերի տնտեսության մի ամբողջ հատվածի կործանման։ Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ կառավարությանը կոչ ենք անում ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում»,-ասվում է հայտարարության մեջ։
«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը չի բացառում, որ նման որոշումը կարող է հանգեցնել արտագաղթի, բացի այդ զրկում է քաղաքացիներին այլընտրանքային կրթության հնարավորությունի՝ առաջացնելով լուրջ սոցիալական դժգոհություն հասարակության շրջանում։
«Չենք կարող չնշել, որ միջազգային օլիմպիադաներից հաղթած վերադարձողների մեծ մասը հենց մասնավոր դպրոցների սաներ են։ Մյուս կողմից էլ որոշումը հանգեցնելու է կրկուսույցների ծառայությունների ընդլայնմանը։ «Մեկ ձայն»-ը կհիմնավորի, որ սա Հայաստանի Հանրապետության համար լավագույն լուծումը չէ տնտեսական ճեղքվածները փակելու տեսանկյունից»,-ասաց Շամամ Գևորգյանը՝ ավելացնելով, որ միաժամանակ դա տանելու է մասնավոր կրթության էլիտարացմանը, այդ դպրոցներ կգնան այն երեխաները, որոնց ընտանիքների համար թանկացումն էական նշանակություն չի ունենա։
Շամամ Գևորգյանն ասում է՝ հանդիպումներ են անցկացրել 35 դպրոցներում։ Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ դպրոցները շատ հետևողական աշխատանք են տանելու որոշումը կայացնող ու նախագծի առաջարկ պետական գերատեսչությունների հետ՝ հիմնավորելու որոշման անարդյունավետությունը և երկարաժամկետ տեսանկոյւնից անհեռանկար լինելը։
Հ. Կարապետյան
Ինֆոգրաֆիկաներն՝ Ամփոփ.ամ
Դիտումների քանակը` 976