Անահիտ Բախշյան. «Ինչի՞ց է սկսվում ներառական կրթությունը»
Այսպիսի հարցադրմամբ հանդես եկավ Երևանում կայացած «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» միջազգային գիտաժողովում իր ելույթում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Նրա դիտարկմամբ, ՝ «Ինչի՞ց է սկսվում ներառական կրթությունը» հարցին 16 տարի առաջ հարցով էին պատասխանում` իսկ ի՞նչ կրթություն է դա. բառն անգամ չէինք լսել…
« 15 տարի առաջ այս հարցին ի պատասխան ասում էինք` դա կրթության մի ձև է, որը սկսվում է, երբ դպրոցում հայտնվում է հաշմանդամություն ունեցող երեխա.. Որովհետև 1999 թվականին ընդունված օրենքն արդեն ծնողին տվել էր իր հաշմանդամություն ունեցող երեխայի համար հատու՞կ, թե՞՝ հանրակրթական դպրոց ընտրելու իրավունքը:
14 տարի առաջ կպատասխանեինք, այո, լսել ենք, Երևանում մի դպրոց կա, որը , կրթության նախարարություն հետ եռակողմ համաձայնագրով սկսել է, բայց ի՞նչ են անում և ինչպե՞ս, դեռ չգիտենք: Ուսուցիչներն անվստահություն ունեին այս գործընթացի նկատմամբ:
12 տարի առաջ կասեինք, այո՛, լսել ենք, որ ներառական կրթություն են իրականացնում Երևանի ևս 4 դպրոցում՝ աշխատելով փոխել հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ շրջապատի վերաբերմունքը: Այդ ժամանակ է, որ սկսեցին խոսել երեխայի կրթության ու ընտանիքում ապրելու սահմանադրական իրավունքների, հանրակրթական դպրոցում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման մասին, բայց ինչի՞ց, ո՞րտեղից սկսել, ծանոթ չէինք: Ուսուցիչները դեռևս դիմադրում էին»,- ասաց իր ելույթում Անահիտ Բախշյանը:
Իսկ 10 տարի առաջ, նրա խոսքով, նման հարցին կպատասխանեին, որ ներառական կրթությունը սկսվում է հասարակության վերաբերմունքի փոփոխությունից, կարծրատիպերի վերանայումից, մանկավարժների տեղեկացվախությունից ու մանկավարժական հմտություններից:
«10 տարի առաջ կասեինք, որ արդեն սկսում է գործել 2005- ին ընդունված ՀՀ օրենքը, ըստ որի՝ պետությունը լրացուցիչ ֆինանսավորում է տալիս վկայագրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, և դպրոցներն ունեն նոր մասնագիտական հաստիքներ, ունեն հատուկ մանկավարժներ, ովքեր աջակցում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացին: Մանկավարժների դիմադրությունը աստիճանաբար թուլանում է:
5 տարի առաջ այս հարցին կպատասխանեինք, ներառական կրթությունը սկսվում է յուրաքանչյուր երեխայի յուրահատկություններին համապատասխան մոտեցումը գտնելուց, որովհետև դրա կարիքն ունի ցանկացած երեխա և նրա համար որակյալ կրթություն կազմակերպելու ձևը ներառական կրթության գաղափարախոսությունն է, որի ներդրման և իրականացման համար անհրաժեշտ է օրենքի մեջ կատարել լրջագույն, հեղափոխական փոփոխություններ:
Եթե այսօր հարցնեք, թե ինչի՞ց է սկսվում ներառական կրթությունը, ապա կասենք. պետական քաղաքականությունից, որովհետև դա պետության պատվերն է, որը պահանջում է թե՛ վերաբերմունքի փոփոխություն, թե՛ մանկավարժների հմտությունների ու կարողությունների զարգացում, թե՛ ֆինանսավորում, թե՛ համագործակցություն մանկավարժական բոլոր ոլորտների ու հասարակության միջև»,- ընդգծեց նա:
Ա.Բախշյանը շեշտեց, քանի որ ներառականությունը այլեւս պետական քաղաքականություն է, բոլորը պարտավոր են կրթության ոլորտում աշխատել այդ գաղափարախոսությամբ: 2014թ-ի դեկտեմբերի 1-ին «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումով Հայաստանն ամրագրեց համընդհանուր ներառական կրթության անցման քաղաքական կամքը. «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք»:
Սակայն օրենքով ամրագրված անչափ կարևոր այս ձեւակերպումն, ըստ Անահիտ Բախշյանի, դեռևս երաշխիք չէ այն իրականություն դարձնելու համար: Իրականում դա մշտապես կատարելագործվելու, հասարակության յուրաքանչյուր անդամի գլխում ու սրտում խտրականության նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի փոփոխության կարիք ունեցող անընդհատ գործընթաց է, որտեղ ամենակարևոր դերակատարումը կրթության կազմակերպիչներինն է՝ տնօրենից սկսած:
«Մեզանում այն սկսվում է ԿԳ նախարարի հրամանով ներառական դպրոցներ ճանաչված դպրոցներում ուսուցչական կազմի վերապատրաստումից, որի համար օրենքի նոր փոփոխություններին համապատասխան բովանդակությամբ մոդուլն արդեն պատրաստ է: ԿԱԻ-ում ունենք այս մոդուլով վերապատրաստված մասնագետների թիմ, որը մարզերում կվերապատրաստի մեր մարզային մասնաճյուղերի մասնագետներին ու տվյալ դպրոցների տնօրեններին, ովքեր իևենց հերթին կվերապատրաստեն իրենց դպրոցների մանկավարժներին»,- ասաց նա:
Ըստ նրա, եթե վերապատրաստման արդյունքում մեր մանկավարժներն ասեն, որ
-Ներառական կրթությունն իմ համոզմամբ, յուրաքանչյուր երեխայի կարողությունների լիարժեք բացահայտման միջոցով որակյալ կրթական ծառայությունների մատուցման գործընթացների ամբողջությունն է,
-Ասեն, որ փոխել եմ վերաբերմունքս կրթական ծրագրերի, ուսումնական նյութերի մատչելիության նկատմամբ, դրանք պետք է հարմարեցնեմ յուրաքանչյուր երեխայի,
-Ասեն, որ միջավայրի ֆիզիկական խոչընդոտները հնարավորինս վերացրել եմ և դասարանում, դպրոցում յուրաքանչյուր երեխայի համար սովորելու հավասար հնարավորությունը ստեղծել եմ,
-Ասեն, որ բոլոր երեխաները հարգալից վերաբերմունքի են արժանանում և համատեղ սովորելու համար հավասար հնարավորություններ են ստանում իմ կողմից,
ապա մենք կասենք, որ մեր վերապատրաստումները ծառայել են իրենց նպատակին: Այսօր, ցավոք, դեռ վստահորեն չենք կարող նման եզրակացություն անել, որովհետև ճանապարհը հեշտ չէ, բայց աստվածահաճո է, հեղափոխական է ու ով հաղթահարում է այս ճանապարհը, նա իսկական մանկավարժ է:
Վերջապես, այսօր, 16 տարի անց ամփոփելով՝ ինչի՞ց է սկսվում ներառական կրթությունը հարցի պատասխանը, Ա.Բախշյանն ասաց, որ այն սկսվում է մանկավարժների վերաբերմունքի (սիրտ), հմտության (ձեռք) և գիտելիքի (գլուխ) եռամիասնությունից: «Առանց այս հավասարասրուն եռանկյունու գոյության, շատ դժվար կլինի խոսել որակյալ կրթության մասին, ուստի ուսուցիչներն ու դպրոցի բոլոր մանկավարժական աշխատողներն իրենց մեջ պե՛տք է ունենան այս հավատամքը՝ սիրտ (վերաբերմունք), գլուխ (գիտելիք) և ձեռք (հմտություն), որոնցով նրանք կհաղթահարեն բոլոր այն դժվարությունները, որոնց հանդիպում են ամեն օր»,- ասաց Անահիտ Բախշյանը:
WomenNet-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանն` անդրադառնալով գիտաժողովում հնչեցրած տեսակետներին, նշեց, որ գրեթե բոլորի ելույթներում մի կարևոր կարմիր գիծ է նկատել: Նրա կարծիքով՝ բոլորն իրենց ուշադրությունը սևեռել են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության վրա: Սակայն, իրականում յուրաքանչյուր երեխա ինչ-որ առանձնահատուկ պայմանի կարիք ունի: «Ցանկացած երեխա, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, իր կարողություններին համապատասխան կրթություն պետք է ստանա: Սա շատ կարևոր է, և մեր հասարակությունում պետք է փոխվի այն տեսակետը, թե ներառական կրթությունը դա հաշմանդամություն ունեցող երեխաների համար է»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Այսպիսով, ըստ նրա, ներառականը դա կրթության քաղաքականության անբաժանելի մի մասնիկն է և բոլորի համար կրթության որակի ապահովման միջոց:
Հարցին, իսկ ինչպես փոխել հասարակության վերաբերմունքն, Ա.Բախշյանն ասաց, որ տարիներ առաջ՝ նույնիսկ ինքն, անձամբ պատրաստ չէր, բայց այսօր մարդկանց մեծամասնության վերաբերմունքը փոխվել է: «Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր այդպես էլ չեն հասկանա, թե ինչպես կարող են տարբեր կարիքների տեր երեխաներն իրար հետ սովորեն: Սակայն այդ մարդիկ պետք է վերանայեն իրենց մոտեցումները»,- ասաց Ա.Բախշյանը:
Դիտումների քանակը` 4550