Ֆրիդա Կալո. «Կեցցե՜ կյանքը»
Մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդ կալոյի մասին, ով 20-րդ դարի կերպարվեստի հեղինակավոր ներկայացուցիչներից է համարվում, շատերը իմացան նրա դրամատիկ կենսագրությանը նվիրված «Ֆրիդա» գեղավեստական ֆիլմից հետո: Ֆիլմում նրա կերպարը մարմնավորեց հայտնի դերասանուհի Սալմա Հայեկ-ը: Նկարչուհու իրական կյանքի դրամատիզմը էլ ավելի ցնցող է …
Առհասարակ, պատմել ֆրիդայի կյանքը, կենսագրությունը իրենից լավ ոչ մեկ չի կարող անել: Նա ինքը նկարել է իր կենսագրությունը, իր կյանքը բացառիկ անկեղծությամբ, կողքից պարզապես դիտողի աննկարագրելի սառնասրտությամբ երբեմն վերարտադրել է վիշտը, զգացական զավը, ցասումն ու կիրքը: Ֆրիդայի աշխատանքներն այնքան զգայական են, այնքան իրական, այնքան ազդեցիկ, որ թվում է՝ մի պահ պատկերված ցավը քոնն է… Ֆրիդայի էության ողջ կախարդանքը կայանում է նրանում, որ իր կյանքի ողբերգությունները միայն ավելի են խթանել նրա կամքն ու ստեղծագործական միտքը:
Հանրահայտ այս նկարչուհուն դեռ մանուկ հասակից փորձություններ են բաժին հասել: Ֆրիդան ծնվել է 1907 թվականին հուլիսի 6-ին: Վեց տարեկանում հիվանդանում է պոլիոմելիտով, որի հետևանքով սկսում է կաղալ: Չնայած շատերի ծաղրանքներին, Ֆրիդան համարձակորեն սպորտով էր զբաղվում , իսկ իր արատը թաքցնելու համար երկար տաբատներ ու ազգային կանացի շորեր էր հագնում:
1925 –ի սեպտեմբերի 17-ին նա ավտովթարի զոհ է դառնում և հրաշքով փրկվելով մահից ստիրված է լինում երկար ժամանակ պառկած մնալ անկողնում: Հենց այդ ժամանակ է ներկեր ու վրձին խնդրում և սկսում նկարել` հաճախ հենց ինքն իրեն:
«Ես նկարում եմ ինքս ինձ, քանի որ ժամանակի մեծ մասն անցկացնում եմ միայնության մեջ, և դա այն թեման է, որին ես շատ լավ եմ ծանոթ »…
22 տարեկանում նա ամուսնանում է հայտնի մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ, և Ֆրիդայի կյանքում սկսվում է անհավասար պայմաննեում մղվող իրական պատերազմ. հավակնոտ ու արդեն հանրահայտ ամուսնու կողքին նա ստիպված էր ուժերի գերլարումով պայքարել իր՝ ստեղծագործելու, ներկայանալու իրավունքների համար, իրականության թելը չկորցնելու, երբեմն էլ կորցնելու համար… Ֆրիդայի ամենամեծ վիշտը նրա՝ երեխաներ չունենալն էր, ինչից նա շատ էր տառապում, տառապում էր նաև անձնական կյանքում անհաջողությունների համար:
Մի կողմից հիվանդությունը, մյուս կողմից ամուսնու անընդհատ դավաճանությունները նրան պարզապես քայքայում էին, երբեմն հասցնում խելագարության, ինչպես դա եղավ Կամիլա Կլոդելի հետ, ում կիրքը Ռոդենն էր…
«Ես ունեցել եմ մեծագույն երկու վիշտ. մեկը, հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը՝ Դիեգոն…»:
Այդուհանդերձ, Դիեգոն կիրք էր, որին նա հաղթահարել չկարողացավ, սակայն արվեստում մղվող պայքարում հաղթանակած դուրս եկավ՝ ապացուցելով, որ արվեստում սեռը կապ չունի, որ իրական տաղանդի դրսև որման համար այն ոչ միայն չի խանգարում, այլև օգնում է արտահայտել այն, ինչ երբեք տղամարդը չի կարողանա անել. չէ որ, օրինակ, միայն կինը կարող է զգալ այդքան խորը ու նույնքան խորը արտահայտել չմայրանալու տիեզերական դատարկությունն ու ցավը:
Ֆրիդան երազում էր երեխաներ ունենալ, սակայն իր առողջական վիճակի պատճաով դա անհնարին էր: Նրա երեք հղիություններն էլ արդեն իսկ հերոսություն էին, բայց դրանք բոլորն էլ ողբերգական ավարտ ունեցան: Այդ ժամանակ էր, որ նա սկսեց նկարել մահացած երեխաներ, ստիպելով միանգամայն իրական կերպով զգալ ցավը:
Իր միաժամանակ կենդանի, վառ գույներով արված աշխատանքներում այնքան հստակ է ընդգծված միայն կնոջը հասկանալի ցավը, կիրքը, հիասթափություններն ու դարձալ կնոջ համար ընկալելի ֆորման: Ֆրիդան հայտնի էր նաև իր ֆեմինիստական հայացքներով, համարձակ, անկախ, ազատ բնավորությամբ ու արտահայտվելու իր բացառիկ անկեղծությամբ:
Դրա հետ մեկտեղ նա աննկարագրելի կամքի տեր էր… Լինելով գամված անկողնուն և անտեսելով բժիշկների արգելքները նա միև նույն է մասնակցեց իր ցուցահանդեսի բացմանը՝ թեկուզ և պատգարակով:
1954 թվականի հուլիսի 13-ին Ֆրիդան մահացավ: Մահվանից առաջ նա խնդրել էր այրել իր դին: Ֆրիդայի աշխատանքներից մեկում մենք տեսնում ենք իրեն՝ կրակների մեջ, այրվելիս: «Այրեք ինձ… Ես չեմ ուզում թաղվել: Ես շատ ժամանակ եմ անցկացրել պառկած, որ նորից պառկեմ, ուղղակի այրեք ինձ»:
Թեև իր դիմանկարներից և ոչ մեկում նա չի ժպտում,սակայն կյանքից առավել շատ Ֆրիդան հենց կյանքն էր սիրում, և դա էր այն ուժը, որով նա դիմակայում էր ցավին և շարունակում ապրել : Իր վերջին նկարներից մեկը հենց այդպես էլ անվանեց ՝ ” Կեցցե՜ կյանքը”…
Մարիամ Մուղդուսյան
Դիտեք նաեւ մեր կայքում վավերագրական ֆիլմ.
Դիտումների քանակը` 12256