«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով

 

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի այս կամ այն տեսակի հաշմանդամություն, նրանցից շատերը առնչվում է զգալի դժվարությունների հետ իրենց իրավունքները իրացնելու հարցում: Նրանք  առողջապահական, կրթական ու տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշեր ունեն: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ  հռչակված Հաշմանդամ անձանց  միջազգային օրը ՝ դեկտեմբերի 3-ը, եւս մեկ առիթ է նրանց  խնդիրները բարձրաձայնելու համար:

 

2010 թվականին Հայաստանը վավերացրեց  Հաշմանդամ անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություններ ստանձնեց ապահովել հաշմանդամություն ունեցող իր քաղաքացիների համար կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ: Երկու տարի է անցել, բայց նրանց համար  մատչելի միջավայրի, կրթության, աշխատանքի խնդիրները դեռևս պահպանվել են: Թերեւս առաջնայինը, ինրպես պնդում են խնդրով զբաղվող ՀԿ-ները աշխատանքի խնդիրն է: Պաշտոնական տվյալներով Հայաստանում մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող մարդիկ  կա: Շուրջ 100 հազարը նրանցից  աշխատունակ  տարիքի են, եւ միայն ութ տոկոսն է համարվում զբաղված, մյուսները գործազուրկ են:

 

Այս առումով 2012-2015թ.թ. Հայաստանում «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող  «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով»՝ LIFE ծրագիրը ավելի քան այժմեական է :

«LIFE»-ը (Livelihood Improvement through Fostered Employment)՝   կյանք է հաշմանդամ անձանց համար՝ աշխատանք ունենալու, հասարակության լիիրավ անդամ զգալու իմաստով:  Ծրագիրը  նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմաններն ու աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք:

 

Դեկտեմբերի 3-ին ՝ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ  միջոցառման ժամանակ «LIFE»  ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ներկայացրեց ծրագրի մանրամասները եւ անցնող մեկ տարվա կտրվածքով արվածը:

Ջինա Սարգիզովան կարևորեց այն հանգամանքը, որ ծրագիրը բավականին հետաքրքրություն է առաջացրել հաշմանդամություն ունեցող մարդկանց   շրջանում, քանի որ այն մի շարք հնարավորություններ է ընձեռում նրանց: Որպես ապացույց տեղեկացրեց, որ այս տարի արդեն 53 հաշմանդամ երիտասարդներ հնարավորություն ստացան իրենց ուսումը արունակել միջին մասնագիտական/ արհեստակցական կրթական հաստատություններում:

 

 

Ծրագրի շրջանակում հանրապետության 29 զբաղվածության կենտրոնների տրամադրվել են  MAST թեստ սարքավորումներ, որոնք գնահատում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային  կարողությունները:

LIFE ծրագիրը հետաքրքրություն է առաջացել նաև գործատուների շրջանում: Ջ.Սարգիզովայի տեղեկացմամբ ,  ավելի քան100 գործատու մասնակցել են ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից հրավիրված հաշմանդամ անձանց զբաղվածության հարցերով քննարկումներին և 60 մարդ տեղավորվել է դրա արդյունքում աշխատանքիի:

 

 

Իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծրագրի շրջանակում Հայստանի բոլոր մարզերում  անցկացվել է «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավը, որի արդյունքները դեռ ամփոփման փուլում են, բայց հիմնական նպատակը ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և ստեղծագործական ներուժը  յուրահատուկ ձեւով ներկայացվեց  ասուլիսում ֆոտոցուցահանդեսի միջոցով:

 

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլիարդը՝ արժևորելով իր ողջույնի  խոսքում LIFE ծրագրի և Հայաստանի կառավարության համագործակցությունը, ասաց,  որ   ծրագիրը անշուշտ  հույս է տալիս բոլոր այն հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր այսօր տեղ չունեն աշխատանքային շուկայում: Նա նշեց, որ այդ  ծրագիրը  հատուկ նշանակություն ունի նաև անձամբ իր համար: «Խնդիրներն, որոնց  լուծմանը  նպատակաուղղված է LIFE -ը, կարևոր  են  բազմաթիվ հայ մայրերի ու նրանց զավակների հետագա  կյանքի համար: Իրենց այսօրվա  մտահոգությունը  ապագայի հանդեպ  առավել քան հասկանալի է ինձ, քանի որ իմ երեք երեխաներն էլ ուսուցողական դժվարություններ ունեն», – ասաց նա:

 

Միջոցառմանը ներկա  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր բացման խոսքում  նշեց , որ վերջին տարիներին իրականացված աշխատանքները միտված են ոչ թե սոսկ հաշամնադմների սոցիալական պաշտպանվածության խնդիրները լուծելուն, այլ առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխելու:

 

«Մեր առջև ծառացած խնդիրներից կարևորն այն է, որ պետք է արմատավորենք մեր հասարակությունում, որ հաշմանդամություն ունեցող անձինք մեզանից յուրաքանչյուրն են ու հասարակության լիիրավ անդամն են հանդիսանում»,- ասաց նախարարը, հավաստիացնելով նաև, որ բարեփոխումները ոլորտում շարունակվելու են, կառավարությունը օրենսդրական նախաձեռնություններ է պատրաստում այդ ուղղությամբ: Քայլեր են ձեռնարկվում  թե՛ հաշմանդամության խմբի ստացման գործընթացի դյուրացման, թե՛ բժշկասոցիալական հանձնաժողովների աշխատանքների թափանցիկության, թե՛ հաշմանդամ անձանց աշխատանքի իրավունքը իրացնելու ուղղությամբ, ինչը թերեւս , նախարարի բնորոշմամբ, այսօր առաջնային խնդիր է հանդիսանում:

 

 

Էնզելա Մակարյան 

 

 

Կարդացեք նաև  այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

 

Դիտումների քանակը` 4310

Գլխավոր էջ