«Մեկ քայլ առաջ դեպի հավասարություն…» / լրացված
Ազգային ժողովում բացվեց «Հավասար» լուսանկարչական ցուցահանդեսը
Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որի խորագիրն է՝ «Հավասար. հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների»:
Ցուցահանդեսի նպատակն է կին և տղամարդ քաղաքական գործիչների հետ միասին բարձրաձայնել կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման խնդիրը և խոսել այն քայլերի մասին, որոնք կնպաստեն օրենսդիր մարմնում կանանց ներկայացվածության բարձրացմանը: Ի դեպ, ցուցահանդեսի բացումը համընկավ խորհրդարանում ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունման հետ: Հիշեցնենք, որ նախագծում ամրագրված է սեռերի 25/75 համամասնությունը կուսակցությունների ցուցակներում գալիք խորհրդարանական ընտրությունների համար եւ 30/70 համամասնությունը՝ 2022 թվականի ընտրույուններում: Դա իհարկե դեռ հեռու է հավասարաությունից, սակայն , ինչպես նշում էին ցուցահանդեսի մասնակից պատգամավորները, այդուհանդերձ մեկ քայլ առաջ է դեպի հավասարություն:
Միջոցառումը նախաձեռնել եւ իրականացրել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակն ու «ՕքսԵՋեն» հիմնադրամը «Հավասար» քարոզարշավի շրջանակներում, որը «Հավասարեցնել» (“EVEN IT UP”) գլոբալ քարոզարշավի մասն է կազմում: Ցուցահանդեսին որպես բնորդներ հանդես են եկել քաղաքական, մշակութային ու այլ ոլորտներ ներկայացնող գործիչներ, ովքեր ձեռքերը հավասարության նշանի ձեւով պարզելով ընդգծել են իրենց ասելիքը՝ այն է, որ կանայք եւ տղամարդիկ հավասար իրավունքներ եւ հնարավորություններ պետք է ունենան: Լուսանկարների հեղինակն է` Արամ Կիրակոսյանը:
«Հավասար իրավունքներն այլևս թղթի վրա չեն», – հայտարարեց ցուցահանդեսի բացմանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ում կարծիքով Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության գործում այսօր զգալի առաջընթաց կա. մեծացել է կին պատգամավորների, կին նախարարաների թիվը, կանանց մեծ ներուժ կա նաեւ հասարակական հատվածում, որտեղ կանայք կարեւոր դերակատարում ունեն: Խոսելով քաղաքականության մեջ կանանց ավելի լայն ներգրավման մասին, նա ընդգծեց, որ այդ խնդիրը ինքնանպատակ չէ. «Կանանց մասնակցությունը որոշումների կայացման մակարդակում հույս ու վստահություն է ներշնչում, որ քաղաքականությունը կլինի ավելի մարդասիրական, որ կանանց ներկայությունը կօգնի հարթել սուր անկյունները եւ կնպաստի ավելի կառուցողական մթնոլորտի ձեւավորմանը»:
Անդրադառնալով կանանց քաղաքական մասնակցության համատեքստում այս տարի սպասվող ՏԻՄ ընտրություններին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ կանանց պակասը տեղական իշխանության մակարդակում իսկապես մտահոգիչ է, եւ հույս հայտնեց, որ տարեվերջին նախատեսված ՏԻՄ ընտրություններում կանայք ակտիվ կլինեն: «Հավասարության թեման իսկապես շատ արդիական է ու հոգեհարազատ, այն ակտիվ քննարկում ունի մեզանում»,- ընդգծեց Հերմինե Նաղդալյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին «Հավասար» քարոզարշավի շրջանակում պատգամավորներին ընդգրկելու համար:
Օքսֆամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Չիթչյանն իր խոսքում անդրադարձավ «Հավասար» քարոզարշավի շրջանակում քվոտայի բարձրացմանն ուղղված նախաձեռնությանը. «Կարծում ենք այս առումով առաջընթաց է արձանագրվել. Ընտրական նոր օրենսգրքում կուսակցությունների ցուցակներում 25 տոկոսանոց քվոտա է ամրագրվել, բայց նաև 30/70 համամասնության մասին ունենք խոստում: Շնորհակալ ենք այն պատգամավորներին, որոնք միացան քվոտայի բարձրացմանն ուղղված առաջարկներին : Իհարկե, Կայուն զարգացման նպատակների տեսանկյունից մենք դեռ չենք կարող ասել, որ 2030 թվականին Հայաստանը կարող է հասնել 50/50 համամասնությանը, սակայն պետք է արձանագրենք, որ եթե բազմապատկենք մեր ջանքերը՝ հնարավոր է շատ ավելի մեծ արդյունքներ կարողանանք գրանցել»,- հայտարարեց Լիլիթ Չիթչյանը՝ հորդորելով պատգամավորներին ջանքեր գործադրել՝ ավելի մեծ թվով կանանց մուտքը խորհրդարան ապահովելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքականության մեջ կանանց ներկայությունը օգնում է շատ հարցեր ավելի դինամիկ կերպով լուծել: Անդրադառնալով «Հավասար» քարոզարշավին, բանախոսը նշեց, որ այն վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց և նրանց ներուժը պետք է հավասար ձեւով ներդրվի երկրի զարգացման մեջ:
Ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ, Գենդերային թեմատիկ խմբի համանախագահ Դեվիդ Գյուլետտեն , ով նշեց, որ այս տարի խմբի առաջնահերթություների թվում կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումն եւ խթանումն է: Ըստ այդմ, խումբը մշակել էր առաջարկների փաթեթ, որոնց մի մասը արդեն քննարկվել ու ամփոփվել են Ընտրական նոր օրենսգրքի նախագծում. «Չնայած առկա առաջընթացին՝ դեռ շատ աշխատանք կա անելու: Խմբի առաջարկությունները, մասնավորապես,միտված էին խորհրդարանում նվազագույնը 30 տոկոս կանանց մասնակցության ապահովմանը: Սպասվող ընտրություններում 25 տոկոսը, իհարկե, առաջընթաց է, բայց 30 տոկոսն ավելի լավ կլիներ… »,- հայտարարեց եվրոպացի պաշտոնյան:
Իր ելույթի վերջում նա նաև հավաստիացրեց, որ հետագա գործընթացներում ևս կշարունակեն խրախուսել կանանց առաջընթացին միտված բոլոր առաջարկությունները , իսկ հիմա շնորհակալություն են հայտնում արդեն իսկ ներդրված ջանքերի համար. «Սա միայն սկիզբն է, մենք շարունակելու ենք աշխատել և կոչ ենք անում բոլորին շարունակել աշխատել կանանց մասնակցությունն ընդլայնելու ուղղությամբ»:
Միջոցառման ավարտին մասնակիցներից շատերը նկարահանվեցին ՝ բարձրացնելով ձեռքերը հավասարության նշանի ձեւով:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3277