«160 մլն մարդ սեռի պատճառով լույս աշխարհ չի եկել»
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ անցյալ տարվա աշնանային նստաշրջանում ընդունվեց «Պտղի սեռի նախածննդյան ընտրության մասին Հայաստանում, Ալբանիայում, Ադրբեջանում և Վրաստանում» բանաձևը: Փաստաթուղթը ներկայացրել էր Եվրախորհրդի հավասար հնարավորությունների հանձնաժողովը` ի դեմս զեկուցող շվեյցարացի պատգամավոր Դորիս Ստամպի:
Զեկույցում նշվում է, որ հիշատակված երկրներում տղաների և աղջիկների թվի հարաբերությունը հասել է վտանգավոր նշագծի մոտավորապես 112-ը 100-ին, ինչը կարող է նախածննդյան տեխնոլոգիաների արագ զարգացման հետևանք լինել, որոնք հնարավորություն են տալիս ծնողներին նախօրոք իմանալ ապագա երեխայի սեռը և ընդհատել հղիությունն այն դեպքում, եթե պտուղն իգական սեռի է: Բանաձևի նախագծում կոչ է արվում նշված պետություններին հետազոտել տվյալ երևույթի բոլոր պատճառները, իսկ ԵԽ բոլոր անդամներին արգելք դնել սեռի հատկանիշով աբորտների վրա:
Նախնական տարբերակում առաջարկվում էր նաև բժիշկներին արգելել վաղօրոք հայտնել երեխայի սեռը, սակայն վերջնական տեքստում այս առաջարկությունը հանվեց: Քննարկումների ընթացքում եվրոպացի խորհրդարանականները եկան այն եզրակացության, որ հարկ է պայքարել անմիջականորեն սեռի ընտրության հիմքում ընկած խնդրի, այսինքն կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության դեմ և ջանքեր գործադրել հասարակությունում կանանց կարգավիճակը բարձրացնելու համար: Ինչպես նշեց իր ներածական խոսքում զեկուցող Դորիս Ստամպը, սեռի նախածննդյան ընտրությունը խտրականություն է աղջիկների և կանանց դեմ, որը կանայք գործադրում են իրենք իրենց դեմ: Այս տեսանկյան հետ ԵԽԽՎ պատգամավորները համաձայնեցին և՛ իրենց ելույթներում, և՛ մեզ հետ առանձին զրույցներում:
ԵԽԽՎ զեկուցող Դորիս Ստամպ, Շվեյցարիա
– Ես ճանաչողական այցով Հայաստանում եղա ընթացիկ տարվա հունիսին և համոզվեցի, որ սեռի նախածննդյան ընտրության խնդիրն ընդունում են թե՛ խորհրդարանականները և կառավարության պաշտոնյաները, և թե՛ բժիշկները: Իսկ կանայք նշում էին նաև, թե որքան կարևոր է, որպեսզի նույն այդ բժիշկներն իրենց թույլ չտան բացասական մեկնաբանություններ անել, եթե պտուղն իգական սեռի է: Իրականում այն հայ կանայք, որոնք միայն աղջիկ են ունենում, բախվում են ընտանիքի և հասարակության կողմից լուրջ ճնշման: Որոշ բաներ ինձ ցնցեցին. օրինակ Հայաստանում ինձ հետ հանդիպած կանանցից մեկն ասաց, որ յուրաքանչյուր կին որդի ունենալու իրավունք ունի: Զարմանալի էր դա լսել, ես կարծում եմ, որ ոչ ոք իրավունք չունի ընտրելու երեխայի ապագա սեռը, քանի որ դա բնական պրոցես է: Այս խնդրի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, և գլխավոր հարցն այն է, որ ընդունվի այն փաստը, որ կանայք նվազ արժեքավոր մարդկային արարած չեն, քան տղամարդիկ:
Լիդիա Էրր , Լյուքսեմբուրգ
Պատերազմ է ծավալվել ոչ թե ընդդեմ երեխաների այլ ընդդեմ ապագայի: Վերջին հաշվարկները ցույց են տվել, որ միայն Ասիայում չծնված աղջիկների թիվը հասնում է 160 մլն-ի: Դա նշանակում է, որ 160 մլն մարդ գոյություն չունի իր սեռի պատճառով, սա իսկական «գենդերոցիդ» է: Եվրոպայում նույնպես գոյություն ունի այդ խնդիրը: Անցանկալի է խոսել խնդրի տնտեսական կողմի մասին` շրջանցելով այն փաստը, թե ի՞նչ ողբերգություն է այն ներկայացնում կանանց համար: Սոցիալական տեսանկյունից սա դանդաղ գործողության մի ռումբ է, որը պետք է կանգնեցնել հասկանալով խնդրի արմատը:
Թինա Ակետոֆթ, Շվեդիա
Քանի դեռ մենք կընդունենք, որ աղջիկներն ու կանայք պետք է ենթարկվեն տղամարդկանց, այս խնդիրը կպահպանվի անկախ այն բանից, թե մենք ինչ օրենքներ կմշակենք: Սեռը որոշող միջոցներ կարելի է գտնել նաև «տակից», և եթե օրենքով արգելվում է աբորտ անել, ապա դա կարելի է անօրինակորեն անել: Սա է իրողությունը: Հիմքում ընկած կարծրատիպերի դեմ պետք է պայքարել:
Կարին Անդերսեն ,Նորվեգիա
Խնդիրը երեխայի սեռի մասին տեղեկատվություն ստանալու մասին չէ, քանի որ անհնար է մերժել այդ իրավունքը: Մենք նաև պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ միայն կինը կարող է աբորտի մասին որոշում ընդունել: Ինչ վերաբերում է սելեկտիվ աբորտներին, ապա դրանք հնարավոր է կանգնեցնել միայն փոխելով մշակութային, կրոնական և բարոյական արժեքները:
Աննիկ Ժիրարդին ,Ֆրանսիա
Հենց որ կանայք և նրանց շրջանում բոլորը համոզված լինեն, որ աղջկա ծնունդը չի կարող անպատվություն լինել, կվերանա նաև սեռի նախածննդյան ընտրության վտանգը: Աղջիկներին վաղ տարիքից պետք է սովորեցնել, որ նրանց կարգավիճակը համեմատելի է այն կարգավիճակի հետ, որով օժտված են տղամարդիկ: Սեռի նախածննդյան ընտրության դեմ պայքարը պահանջում է հասարակության և կրոնի լիակատար համագործակցություն:
Օքսաննա Մուսայելյան
Ստրասբուրգ–Երևան
Դիտումների քանակը` 4457