«Փոքրիկ ձեռքերի ծանր բեռը» . Սիրիայի երեխաները կորցնում են իրենց մանկությունը…
Սիրիայի երեխաները շատ թանկ են վճարում չդադարող պատերազմի եւ այն բանի համար, որ աշխարհին չի հաջողվում վերջ տալ հակամարտությանը, – նշվում է UNICEF-ի եւ Save the chidren-ի կողմից պատրաստված եւ վերջերս հրապարակված « Փոքր ձեռքերն ու ծանր բեռը» զեկույցում: Զեկույցի ուսումնասիրության հիմնական թեման ՝ հակամարտության պայմաններում երեխաների աշխատանքային շահագործումն է, ինչի հետեւանքով նրանք կորցնում են կրթություն ստանալու իրավունքը, վնասում իրենց առողջությունը եւ զրկվում ավելի լավ կյանքի հեռանկարից…
Մինչև աղետալի ճգնաժամի և զինված հակամարտության մեջ հայտնվելը, Սիրիան միջին եկամուտ ունեցող երկիր էր, որն ի վիճակի էր իր ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովել: Գրեթե բոլոր երեխաները դպրոց էին գնում և գրագիտության մակարդակը 90%-ից բարձր էր:
Չորսուկես տարի ճգնաժամի մեջ լինելու հետևանքով այսօր 5 սիրիացիներից 4-ը ապրում է աղքատության մեջ և 7.6 միլիոն մարդ տեղահանվել է:
2014-ի տարեվերջի տվյալներով, գործազրկության մակարդակը գրեթե քառապատկվել է՝ հասնելով 57,7%-ի: Հարևան երկրները նույնպես տառապում են տարածաշրջանային ճգնաժամից՝ փորձելով հաղթահարել 4 միլիոն փախստականների ներհոսքը, որոնցից մոտավորապես կեսը երեխաներ են:
Ճգնաժամը խորապես ազդել է երեխաների կյանքի վրա: Սիրիայի ներսում երեխաները ենթարկվում են աննդհատ աճող բռնության, անխնա հարձակումների, որոնց հետևանքով տարբեր բնույթի տրավմաներ ստանում: Շատերը ստիպված են եղել զենք վերցնել: Շատերը կորցրել են իրենց հարազատներին և լքել են իրենց տներն ու համայնքները, երբեմն՝ մի քանի անգամ: Սիրիայի երեխաները շատ թանկ են վճարում այն բանի համար, որ աշխարհին չի հաջողվում վերջ տալ հակամարտությանը:
Սիրիայի մինչպատերազմական կյանքում էլ են եղել երեխաների աշխատանքի մասին որոշակի փաստեր, բայց մարդասիրական ճգնաժամը մեծապես սրեց այդ խնդիրը: Հակամարտության հետեւանքով շատ երեխաներ այժմ ներգրավված են տնտեսական այնպիսի գործունեության մեջ, որը մտավոր, ֆիզիկական և սոցիալական շատ վտանգներ ունի և որը սահմանափակում կամ էլ խախտում է նրանց կրթության հիմնարար իրավունքը: Առկա են նաեւ երեխաների իրավունքների խախտման առավել ծայրահեղ դրսևորումներ, ինչպիսիք են՝ երեխաներին հավաքագրումը զինված ուժերի կամ խմբերի կողմից ու երեխաների սեռական շահագործումը:
Սիրիայի ճգնաժամը զգալիորեն նվազեցրեց ապրուստի միջոցներ հայթայթելու հնարավորությունները և աղքատացրեց միլիոնավոր տնային տնտեսություններ տարածաշրջանում: Թե´ Սիրիայում, թե´ հարևան երկրներում, երեխաները հաճախ հիմնական, երբեմն էլ նույնիսկ միակ աշխատողներն են ընտանիքում: Հորդանանում տնային տնտեսությունների 47% ասում են, որ նրանք մասամբ կամ ամբողջությամբ ապավինում են երեխայի ունեցած եկամտին:
2,7 միլիոն սիրիացի երեխաներ դուրս են մնացել դպրոցից, քանի որ ստիպված են աշխատել: Որակյալ կրթություն ստանալու սահմանափակ հասանելիությունը այս երեխաների խնդրի մի մասն է, աշխատող երեխաները, ավելի հավանական է, որ դուրս են մնում դպրոցից:
Ընտանիքների հուսահատության հասնող տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ վատթարանում են նաեւ այն աշխատապայմանները, որոնցում աշխատում են երեխաները: Հորդանանում, օրինակ, հյուրընկալ համայնքներում աշխատող երեխաների մեծամասնությունը աշխատում է շաբաթական վեց կամ յոթ օր՝ մեկ երրորդ անգամ ավելի, քան օրական ութ ժամը: Նրանց օրական եկամուտը 4-ից 7 դոլար է: Երեխաները սկսում են աշխատել շատ երիտասարդ տարիքում, նույնիսկ մինչև 12 տարեկանը: Լիբանանի որոշ մասերում երեխաներն աշխատանքի են անցնում 6 տարեկանից:
Վնասակար աշխատանքը անդառնալի հետեւանքներ է թողնում երեխաների առողջության վրա: Հորդանանի փախստականների Զաաթարի ճամբարում աշխատող երեխաների 75% առողջական խնդիրներ ունեն, մոտ 40 % վնասվածք կամ հիվանդություն ունեն; Լիբանանի Բեկկա հովտում աշխատող երեխաների 35,8 % գրել կամ կարդալ չգիտեն: Վնասակար աշխատանքում ներգրավված աղջիկներն ու տղաները կորցնում են իրենց մանկությունը:
Այս տեղեկությունները զետեղված են UNICEF-ի եւ Save the chidren-ի կողմից պատրաստված « Փոքր ձեռքերն ու ծանր բեռը» զեկույցում, որի նպատակն է լույս սփռել աշխատող երեխաների դրության վրա, և այս երևույթի մասին համարձակ քննարկումների սկիզբ դնել :
Զեկույցում շահագրգիռ կողմերին ներակայացվում են մի շարք առաջարկություններ, որոնք գուցե օգնեն սիրիացի երեխաներին վերգտնել իրենց կորցրած մանկությունը:
Նշենք, որ երեխաների աշխատանքը հանդիսանում է 2013-ին մեկնարկած «Չկորցնել սերունդը» նախաձեռնության առանցքային մարտահրավերներից մեկը, որի շրջանակում UNICEF-ը, Save the chidren-ը և նրանց գործընկերներ կազմակերպությունները փորձում են պաշտպաել երեխաների կրթության իրավունքը:
Զեկույցի ամփոփ տարբերակն այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…
ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին
Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
Դիտումների քանակը` 4782