« Ուժ ունեցողը իրեն իրավունք է վերապահում բռնություն կիրառել, իսկ հասարակությունը դա ընդունում է …»

 

Մեր զրուցակիցն  է  Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր, սոցիոլոգ  Գոհար Շահնազարյանը, իսկ զրույցի  թեման ՝   ընտանեկան  բռնության  զոհերին աջակցություն ցուցաբերելու հնարավորություններն են: Այն հնարավորությունները, որոնց առկայությունը կարող է մարդկային կյանք փրկել: Մասնագիտական լեզվով,  խոսքը` գենդերային բռնության  զոհերի ուղղորդման մեխանիզմների ստեղծման  մասին է: Այս  աշխատանքով  Կանանց ռեսուրսային կենտրոնը  զբաղվում է  ՄԱԿ-ի գենդերային բռնության դեմ պայքարի ֆոնդի կողմից հովանարվող ծրագրի շրջանակներում:

 

– Ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար, այն  սկսել ենք 2013-ի հունվարից: Ծրագրի հիմքում  գենդերային բռնության դեմ պայքարում  պետություն – ՀԿ սեկտոր  համագործակցության կայացման  ու ամրապնդման գաղափարն է: Համագործակցում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ի դեմս կանանց, երեխաների եւ ընտանիքի վարչության պատասխանատուների, նաեւ Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզպետարանների համապատասխան բաժինների եւ տեղական սոցիալ-հոգեբանական ու իրավաբանական ծառայությունների հետ: Խնդիրը կայանում է նրանում, որ այն բոլոր կառույցները , որոնք կարող են աջակցել բռնության զոհերին,   համակարգված գործեն:  Որպես սկիզբ՝ նշված երեք  մարզերում  ՀԿ-ների եւ մարզպետարանների գենդերային հանձնաժողովների համար հատուկ դասընթացներ անցկացրեցինք: Թեեւ ծրագրով այս տարի չէինք նախատեսել, բայց նախարարության առաջարկով Գենդերային ուղղորդման կարգը սկսեցինք անմիջապես  մշակել: Մշակման աշխատանքներում ներգրավված  են թե մեր իրավաբանները, թե նախարարության , թե ոստիկանության մասնագետները՝ ի դեմս Նելլի Դուրյանի:

 

Ի՞նչ  է դա տալու   կոնկրետ մադկանց, ովքեր զոհ են դարձել  գենդերային բռնության:

 

– Նախեւառաջ կունենանք  բռնության զոհերի ուղղորդման հստակեցված  կարգ, որը կհաստատվի կառավարության կողմից: Օրինակ, երբ զոհը դիմում է ոստիկանություն կամ պոլիկլինիկա, ապա անհրաժեշտ է, որ տվյալ մարմինները ոչ միայն ունենան համապատասխան հմտություններ ու գիտելիքներ առաջնային օգնություն ցուցաբերելու համար, այլ իմանան, թե որտեղ են ուղղորդելու նրան այնուհետեւ, ինչպես են կազմակերպելու նրա հետագա անվտանգությունը: Այդ օգնությունն այսօր  իրականացվում է ոչ ֆորմալ, սոցիալական կապերի միջոցով, եւ միշտ չէ  որ արդյունավետ է գործում: Վերջապես այնպիսի դեպքեր են լինում, որ կինը տեղ չունի գնալու, ծնող, բարեկամ չունի, կամ նրանք էլ ի զորու չեն օգնել: Այլ հարց է, երբ  աջակցման մեխանիզմը  իրավական ուժ ունեցող փաստաթղթով է ամրագրված.  այնպես , ինչպես ունենք   թրաֆիքինգի զոհերի ուղղորդման մեխանիզմ: Նման  մեխանիզմների ներդրումից հետոո հստակ պատկեր կունենանք  ահազանգի ու խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ:

Զոհերի ուղղորդումը նաեւ  իրազեկման աշխատանքներ է նախատեսում. մարդիկ պետք է իմանան ու՞մ  դիմել եւ ո՞րտեղ նրանց պարտավոր  են աջակցություն ցուցաբերել:   Սա ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկն է:  Մենք նշված երեք մարզերում երեսուն գյուղ ենք ընտրել, որտեղ իրազեկման աշխատանքներ ենք տանելու, պատրաստվելու են թեմատիկ ֆիլմեր ու սոցիալական գովազդներ, որոնք կցուցադրվեն հենց տեղերում:

 

-Իսկ ինչու ընտրվեցին հատկապես  Սյունիքը, Լոռին  եւ Շիրակը:  Արդյո՞ք այստեղ կարիքի գնահատում  կամ  ուսումնասիրություն էր արվել:

 

– Մենք այս մարզերն ընտրեցինք, նաեւ հաշվի առնելով, որ արդեն իսկ  համագործակցության փորձ ունեինք դրանց մարզային կառույցների հետ: Ինչ վերաբերվու է կարիքների գնահատմանը, ապա  կարիքը բոլոր մարզերում կա: Այլ հարց է ,  որ խնդիրն այնպիսին է, որ շատ դեպքերում խուսափում են դրա մասին խոսել: Կան մարդիկ, որ ընդհանրապես հերքում են խնդրի առկայությունը, ասում են իբր արհեստական խնդիր է, որը Հայաստանում գոյություն չունի: Սակայն մեր փորձը եւ ուսումնասիրությունները հակառակն են ցույց տալիս:

Մինչեւ ծրագրի մեկնարկը կարիքի գնահատում արեցինք եւ  բացահայտեցինք,  որ օրինակ մարզերում հոգեբանական ծառայությունները շատ թույլ են, դրա հետ մեկտեղ  տեսանք, որ մարդիկ ուզում են, որ նման  ծառայություններն ուժեղանան իրենց մարզերում: Մենք դեպքեր ենք ունեցել , երբ մարզերից տեղական կանանց կազմակերպություններն զանգում  խորհրդատվություն խնդրում: Իրենցից էլ եկավ այդ պահանջը՝ ուժեղացնել տեղական կազմակերպությունները, որ  տեղերում կարողանան մարդկանց օգնել,  հույսը չդնեն  Երեւանում գործող կենտրոնների վրա:

 

Հայաստանում կանանց նկատմամբ  բռնության ո՞ր տեսակն է առավել տարածված:

 

Ամենաշատը կանայք ենթարկվում են հոգեբանական բռնության՝ օրինակ տնից դուրս գալու կամ չաշխատելու արգելքը, ինչը հաճախ որպես բռնություն ճի ընկալվում: Նաեւ՝ ֆիզիկական բռնությունն է տարածված: Մի քանի դեպքեր եղան այս տարի անգամ  ողբերգական  ելքով, որոնք ծայրահեղ ընթացք են ունեցել: Նման դեպքերից մեկից հետո  խնդրով զբաղվող 7 ՀԿ-ներ, այդ թվում եւ մենք, որոշեցինք միավորել մեր ջանքերը եւ « Ընդդեմ կանանց նկատմամբ  բռնության կոալիցիա» ստեղծեցինք, որի շրջանակներում  զբաղվում ենք այդ դեպքերով՝ հետամուտ լինելով, որ բռնարարները չխուսափեն պատժից եւ պատասխանատվությունից: Դա շատ կարեւոր է բռնության կանխարգելման  տեսանկյունից:  Մեր կենտրոնը հանդես  եկավ  քրեական օրենսգրքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասին հոդվածով  պատիժը խստացնելու նախաձեռնությամբ: Գաղափարը առաջացավ Նուբարաշենի հատուկ դպրոցի աղմկահարույց դեպքից հետո, երբ ի հայտ եկավ այն հանգամանքը, որ մեր օրենսգիրքը չափազանց մեղմ պատիժներ  է նախատեսում նման արարքների համար:

Հետաքրքիր է, որ երբեմն մեզ  դիմում են բռնության զոհի մտերիմները, հարեւանները: Օրինակ վերջերս անչափահասի նկատմամբ բռնության դեպք կար եւ մարդիկ անմիջապես  ահազանգեցին մեզ:  Ի դեպ, անչափահասների դեպքում հասարակությունն ավելի զգոն է, իսկ չափահասն ինքը պետք է դիմի, հասարակությունը միշտ չէ, որ օգնության ձեռք է մեկնում, հատկապես եթե բռնությունը ընտանիքի ներսում է կատարվում,  ասում են՝  ընտանիք է , ամեն ինչ պատահում է…

 

 

– Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ են հարկավոր, որպեսի կանանց նկատմամբ բռնությունը  բացառվի Հայաստանում:

 

-Իհարկե, շատ անգամ կանանց տնտեսական ակտիվացումը կարող է միջոց լինել, որովհետեւ հոգեբանական բռնությունների պատճառը հաճախ ամուսնուց կամ նրա ընտանիքից տնտեսական ու ֆինանսական կախվածությունն է : Բացի այդ  տնտեսական անկախությունը կանանց  ավելի ինքնավստահ է դարձնում, նաեւ բռնությունը չհանդուրժելու առումով: Բոլոր դեպքերում,  հոգեբանական որոշակի խոչընդոտներ կան, որոնք յուրաքանչյուր կին պետք է կարողանա հաղթահարել: Շատ անգամ կանայք ասում են, որ այս կամ այն իրենց քայլը  ընտանիքը չի ընդունի, շրջապատը չի ընդունի: Մենք հակված ենք, որ այն ընտանիքներում , որտեղ բռնություն է կիրառվում, կողմերը միասին լուծում գտնեն, խոսեն, հասկական, բայց առաջին հերթին կինը պետք է պատրաստ լինի դրան եւ չհանդուրժի բռնությունը: Եվ իհարկե «Ընտանեկան բռնության մասին» օրենք պետք է ունենանք, որը ոչ միայն բռնարարին պատասխանատվության ենթարկելու եւ զոհին աջակցելու խնդիրներ է լուծում, այլ նաեւ կանխարգելիչ դեր է խաղում: Այդ իսկ պատճառով մենք շարունակելու ենք մեր պայքարը այդ օրենքի ընդունման ուղղությամբ:

 

– Ինչպիսի՞ն է տղամարդկանց վերաբերմունքը բռնության  դեմ պայքարին:

 

-Միանշանակ չէ: Մենք այս տարի փորձեցինք «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ  բռնության» ակցիան, եւ,  ի զարմանս մեզ,  շատ տղամարդիկ եկան եւ լուսանակարվեցին պաստառներով, որոնց վրա գրված էր, որ  իրենք դեմ են կանանց դեմ բռնությանը: Նույնիսկ փողոցում զինվորը մոտեցավ եւ ասաց, որ ցանկություն ունի մասնակցելու: Շատ հաճախ ընկալումն այնպիսին է, որ տղամարդիկ կողմ են, իսկ կանայք դեմ են բռնությանը, բայց իրականում  այդպես չէ: Այստեղ ավելի շատ այն հանգամանքն է դեր խաղում, որ հասարակության մեջ ընդունված է ուժի իրավունքը, այսինքն   ուժ ունեցողը, լինի դա  ֆինանսապես կամ ֆիզիկապես ու հոգեպես, իրեն իրավունք է վերապահում  բռնություն կիրառել, իսկ հասարակությունը դա ընդունում է …

 

Զրուցեց՝ Մարիաննա Ղահրամանյանը

 

Դիտումների քանակը` 4960

Գլխավոր էջ