« Որ յուրաքանչյուր հղիություն ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ»…
Հուլիսի 11-ը Բնակչության համաշխարհային օրն է:
Այն առաջին անգամ սկսեցին նշել 1989-ին, երբ աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանը: 1999 -ին այն հասավ 6 միլիարդի, 2006 -ին՝ 6.7 միլիարդի, իսկ 2011 թ. հոկտեմբերի 31-ին հատեց 7 միլիարդի սահմանը:
Ըստ կանխատեսումների աշխարհի բնակչությունը 2050 -ին կհասնի 9.3 միլիարդի: Ընդ որում, բնակչության աճն ամբողջովին տեղ կգտնի նվազ զարգացած երկրներում և կկենտրոնանա ամենաաղքատ քաղաքաբնակ բնակչության շրջանում: Ի հակադրություն, ակնկալվում է, որ առավել զարգացած երկրների ընդհանուր բնակչությունն առաջիկա 41 տարիներին առանձնապես փոփոխությունների չի ենթարկվի՝ մնալով մոտ 1.2 միլիարդի սահմաններում:
Բնակչության համաշխարհային օրվա նպատակն է՝ ուշադրություն հրավիրել բնակչության ու զարգացման գլոբալ հիմնախնդիրներին:
Այս տարի օրվա թեման է՝ վերարտադրողական առողջության ծառայությունների մատչելիություն բոլորի համար:
Բնակչության համաշխարհային օրվան նվիրված հուլիսի 11-ին Երեւանում կներկայացվի «Ինչով է պայմանավորված բեղմնականխման միջոցների օգտագործումը Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» հետազոտության արդյունքը: Ուսումնասիրությունն իրականացվել է տարածաշրջանի հինգ երկրում՝ ներառյալ Հայաստանում, տեղեկացնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակը:
Միջոցառման ժամանակ տեղի կունենա նաեւ «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրք-նախագծի շնորհանդեսը:
Դիտումների քանակը` 3898