« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր
Հունիսի 20-ին Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Երկխոսություն լրագրողների հետ» կլոր սեղանը, որը «Մենք կանգնած են փախստականների կողքին» քարոզարշավի մաս է կազմում:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն անդրադառնալով Սիրիայում տիրող հակամարտության և Հայաստանի վրա դրա ազդեցության խնդրին փաստեց, որ միջազգային հանրության մշտական վերահսկողության և կիրառած ջանքերի պարագայում անգամ խաղաղությունն այդ գոտում չի վերականգնվում:
– Փոխարենը վերջերս Հալեպում տեղի ունեցած մարտական գործողությունները հանգեցրին նոր զոհերի և տառապանքերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Սիրիական հակամարտության գոտիներից մարդկանց փախուստը շարունակվում է չնայած անվտանգ գոտի և ավելի խիստ պաշտպանական միջավայրմուտք գործելու մարտահրավերների հետ առերեսմանը: ՀԿ գործընկերները զեկուցել են մոտ 550 կարիքավոր սիրիահայերի մասին, ովքեր աջակցություն են փնտրում Հայաստան հասնելու համար: ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները, նրանց ժամանելուն պես, պատրաստ են առաջարկելու նախնական մարդասիրական օգնություն` տրամադրելով բնակարանների վարձի մասնակի փոխհատուցման գումար,- ասաց Քրիստոֆ Բիրվիրթը:
Անդրադառնալով ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման արդյունքում սկիզբ առած նոր արտագաղթի իրողությանը, պարոն Բիրվիրթը նշեց, որ տեղահանված բնակչության ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր, հղի կանայք և կերակրող մայրեր, հիվանդ և հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որ տեղահանված ընտանիքների մեծամասնությունը հյուրընկալվել են իրենց հարազատներին կամ ընկերներին, որոնք, նույնպես ունեն սոցիալական խնդիրներ:
Հայաստանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած 1400 մարդու աջակցություն են ցուցաբերել: Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ու Հռոմի պապի այցելությունից հետո, լարվածությունը կթուլանա:
Կարևորելով «Մենք կանգնած ենք փախստականների կողքին» կարգախոսի նշանակությունը, Քրիստոֆ Բիրվիրթը մեկ անգամ ևս ընդգծեց պետության, հասարակության կողմից փախստականներին ցուցաբերվող աջակցության, փոխըմբռնման և համերաշխության անհրաժեշտությունը:
– Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում փախստականներն իրենց նկատմամբ փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն: Նրանց օգնության ձեռք մեկնողների շարքերում են այն ընտանիքներին, ովքեր հյուրընկալում են ԼՂ-ից տեղահանված իրենց բարեկամներին, ով հարևանությամբ բնակվող Սիրիայից կամ մեկ այլ երկրից տեղահանված ընտանիքին օգնության ձեռք է մեկնում, այն բարերարին, ով անվճար կամ ցածր վարձակալության վճարով տրամադրում է իր բնակարանը:
Պարոն Բիրվիրթն իր խորին շնորհակալությունը հայտնեց փախստականներին աջակցություն տրամադրելու գործընթացում բոլոր ներգրավվածներին և կոչ արեց, որ յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին չափով և միջոցներով շարունակի մարդասիրական աջակցությունը: «Օրենքերը, ընթացակարգերը և աջակցության մեխանիզմները անշուշտ կարևոր են, սակայն հյուրընկալ հասարակության վերաբերմունքն է, որ ջերմության զգացում է փոխանցում փախստականին և թույլ տալիս գտնել իր նոր տունը»,- ասաց Քրիստոֆ Բիրվիրթը, կարևորելով նաև զանգվածային լրատվամիջոցների դերը հանրության շրջանում փախստականների ինտեգրմանը նպաստելու գործում:
Այնուհետև ՄԱԿ ՓԳՀ-ի հանձնակատարը պատասխանեց լրագրողների հարցերին: WomenNet.am-ի հարցին, թե միջազգային հանրության կողմից ինչպիի արձագանք ունեցան փախստականների, այդ թվում երեխաների, օրգանների վաճառքի եւ այլ տառապանքների մասին վերջերս հրապարակված աղմկահարույց լուրերը, պրն. Բիրվիրթը պատասխանեց.
– Դեռ ինչքան տառապանք անհրաժեշտ կլինի, որ կողմերը գան համաձայնության…Ցավոք, ողջ աշխարհում կան փախստականներ, որոնք ենթարկվում են թրաֆիքինգի, սեռական բռնության և այլ չարաշահումների և որպեսզի կանխվի նմանատիպ քրեական ցանցերի գործունեությունը, ամեն մի երկրի իշխանություն պետք է ունենա փախստականների պաշտպանության գործուն մեխանիզմներ, որպեսզի փախստականը կարողանա հանգիստ տեղաշարժվել, գրանցվել, այլ ոչ թե թաքնվի կամ ենթարկվի նման զարհուրելի ողբերգության:
Միջոցառման ավարտին ցուցադրվեցին կարճ տեսանյութեր երգչուհի Զարուհի Բաբայանի մասնակցությամբ, ով որպես ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի բարի կամքի դեսպան մեկ անգամ ևս կարևորեց օրվա կարգախոսը` կոչ անելով կառավարությանը և հասարակության յուրաքանչյուր անդամին «Կանգնել փախստականների կողքին»: Երկրորդ տեսահոլովակը սիրիացի փախստական ընտանիքի` Սյուզի և Նժդեհ Պետրոսյանների մասին էր, ովքեր Հայաստանում լինելով ապահով և պաշտպանված և ստեղծելով իրենց փոքրիկ բիզնեսը, այնուամենայնիվ Սիրիայում խաղաղության հաստատման դեպքում կվերադառնան ծննդավայր: Երրորդ տեսաֆիլմը Ուկրաինայից եկած Լինա եւ Վլադիմիր Պոտապովների ընտանիքի մասին է, ովքեր ապաստան են գտել Հայաստանում :
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»
« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր
«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»
Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները
Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ
Դիտումների քանակը` 2765