« Միայն այս տարվա ընթացքում Հայաստանում 7 կին ընտանեկան բռնության զոհ է դարձել »

Հայաստանում այս տարվա տասը ամիսներին գրանցվել են կանանց նկատմամբ սեռական, հոգեբանական և ֆիզիկական բռնարարքների հարյուրավոր դեպքեր: Խոսքն ընտանեկան բռնությունների մասին է, որոնց հիմնական զոհը դառնում են կանայք: Նույն ժամանակահատվածում կիրառված բռնությունների արդյունքում զոհվել է յոթ կին… Ներկայացնելով այս տխուր վիճակագրությունը  կանանց նկատմամբ բռնության  խնդրով զբաղվող   կազմակերպությունները փորձում են պատասխանել մի շարք հարցերի. ինչպիսի՞ն է կանանց նկամամբ բռնության հետ կապված  իրավիճակը Հայաստանում, ո՞ւր ենք հասել այս արատավոր երևույթի դեմ պայքարում, ինչո՞ւ է օրենքը ուշանում… Ասուլիսը տեղի էր ունեցել Մեդիա կենտրոնում  Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օրվա առիթով:

Թվեր. Ինչ ունենք այսօր

«2015 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կանանց իրավունքների կենտրոնի թեժ գծին  գրանցվել է 1342 զանգ, որից բռնության վերաբերյալ ահազանգերը եղել են 918-ը: Այս թվից 372-ն   եղել են առաջնային զանգեր՝  բռնության նոր դեպքեր: Կրկնվող ահազանգերը եղել են 546-ը»: Ներկայացնելով այս վիճակագրությունը   Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը նշեց նաև, որ այս թվերը չեն արտացոլում ամբողջ Հայաստանում բռնության դեպքերի իրական քանակն ու պատկերը, բայց ակնհայտ է, որ տասը ամիսների կտրվածքով 372 դեպքը բավականին բարձր ցուցանիշ է:
Ս.Վարդանյանը տեղեկացրեց, որ ահազանգերից 205-ը վերաբերել են հոգեբանական բռնության դեպքերին, 162-ը՝ ֆիզիկական բռնության դեպքերին և 5-ը  սեռական բռնության դեպքերին.

 

«Անշուշտ սեռական բռնությունը շատ ավելի շատ է, բայց կանայք այս հարցը բարձրացնելու վրա տաբու են դրել՝ նրանք այդ թեմայի շուրջ չեն  զանգում և քննարկում: Բայց այս բաժանումը, իհարկե, պայմանական է և ֆիզիկական բռնությունն իր մեջ պարունակում է նաև հոգեբանական բռնություն և նույնը նաև սեռական բռնության դեպքում է՝ այն պարունակում է և ֆիզիկական, և հոգեբանական բռնություն»,- ասաց բանախոսը:
Նշված ժամանակահատվածում, շարունակեց նա, կանանց  աջակցման կենտրոն այցելությունների թիվը կազմել է 511, որից 150-ը առաջնային, իսկ 361-ը եղել են կրկնվող դեպքեր: Իրավիճակը մարզերում շարունակում է մնալ անհանգստացնող: Տիկին Վարդանյանը տեղեկացրեց, որ կենտրոնն ունի նաև 7 մարզային աջակցման ճգնաժամային կենտրոններ, որոնք սկսել են գործունեություն ծավալել մայիսի 1-ից  և ահա մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 մարզային կենտրոններում ստացել են 733 զանգ. լուրջ թիվ մի քանի ամսվա գործունեության կտրվածքով: Այս ահազանգերից  ընտանեկան բռնության դեպքերին բաժին են կազմել 524-ը, իսկ մնացածը եղել են տեղեկատվական բնույթի.

«Ընտանեկան բռնության առաջնային 262 զանգից 166-ը եղել են հոգեբանական բռնության զանգեր, 88-ը՝ ֆիզիկական և 8-ը սեռական բռնությունից տուժած կանանց զանգեր: Կրկնվող զանգերը կազմել են 262: Այցերը կենտրոն եղել են 446, առաջնային այցերի թիվը կազմել է 189, կրկնվող՝ 287 »,- թվարկեց Ս.Վարդանյանը: Մարզային կտրվածքով խնդրին լուծում տալը կախված է նաև իրազեկման մակարդակի բարձրացումից, քանի որ մարզերում, ի տարբերություն քաղաքաբնակ համայնքների, սպեցիֆիկ խնդիրներ կան: Մասնավորապես,  գյուղերում ընտանեկան բռնություն ասվածը չի բարձրաձայնվում, քանի որ մեկը մյուսին ճանաչում են և եթե, օրինակ, կինը դիմում է կենտրոն, ապա այնպես է անում, որ  հարևանուհին չիմանա այդ մասին, քանի որ նման լուրերը շատ արագ են տարածվում. « Դրա համար ավելի փակ են գյուղերի կանայք, բայց ի համեմատ նախորդ տարիների արդեն մարզերից բավականին շատ դիմողներ ունենք»,- հավելեց նա:

 

Օրենք չունենք, մահերն ավելանում են

 

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը իր խոսքում ասաց, որ բռնության ենթարկված կանանց վերաբերյալ վիճակագրությունը նաև իր մեջ ներառում է սպանված կանանց: Միայն  2015 թվականի ընթացքում Հայաստանում 7 կին ընտանեկան բռնության զոհ է դարձել.

 

«Սա մեծ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ քանի դեռ մենք չունենք ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին  օրենք, կանայք շարունակ մահանալու են ընտանիքում բռնության հետևանքով և շարունակ բռնության են ենթարկվելու»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Ընդդեմ կանանց բռնության կոալիցիան իր գործունեությունը շարունակում է այս ուղղությամբ և ակտիվ լոբբինգ է անում, որպեսզի օրնենք ի վերջո ընդունվի:

 

Ամենալուրջ խնդիրը, շարունակեց նա, այն է, որ սպանված բոլոր կանայք առանց բացառությամբ բազմիցս դիմել են ոստիկաններին և մեկ անգամ չէ, որ ահազանգել են իրենց նկատմամբ ընտանիքում կիրառվող բռնությունների մասին, բայց ոստիկանությունը, չունենալով մեխանիզմներ, չունենալով նաև պատրաստակամություն ոչինչ չի արել այդ դեպքերի հետ կապված: Կամ լավագույնը, ինչ արվել է այդ ահազանգերի դեպքում՝ 72 ժամով ամուսնուն հեռացրել է ընտանիքից, որից հետո բռնությունն էլ ավելի սաստիկ, մինչև մահ շարունակվել է.

 

«Ընտանեկան բռնության մասին» օրենքը, ի տարբերություն Քրեական օրենսգրքի ունի նաև կանխարգելիչ բնույթ: Եթե ՔՕ-ն դիտարկում է միայն բռնության փաստն ու վնասը, ապա օրենքը հաշվի է առնում նաև այն ողջ ժամանակահատվածը, երբ կինը ենթարկվել է բռնության: Ի վերջո, տարբերակում պետք է լինի նման հանցագործությունների դեպքում, քանի որ մի բան է, երբ փողոցում իրար նկատմամբ բռնություն են կիրառում և երբ կինը, նման դեպք ենք ունեցել, 30 տարի շարունակ ամուսնու կողմից բռնության է ենթարկվել և վերջում սպանվել: Ըստ այդմ՝ պատիժն էլ պետք է համապատասխան լինի»,- նշեց բանախոսը:

 

Կանխարգելող  մեխանիզմները, որոնք բացակայում են այսօր և որոնց կարիքն իսկապես կա, պետք է ենթադրեն կնոջ և ամուսնու իրարից հեռացում, այդ ժամանակահատվածում որոշակի աշխատանք երկուսի հետ, որոշակի աջակցության ցուցաբերում կնոջը և այլն: Եվ ամենակարևորը՝ պետական մակարդակով պետք է լուծվի ապաստարանների խնդիրը, որն այսօր իրականացվում է բացառապես հասարակական կազմակերպությունների միջոցով.

 

«Եթե օրենքն ընդունվի, ապա պետությունը պետք է ապահովի առնվազն մեկ ապաստարան ընտանեկան բռնության ենթարկված կանանց և դա պետք է լինի բացառապես այդ կանանց համար և ոչ թե սոցիալական տարբեր խմբերի անձանց համար նախատեսված ընդհանուր ապաստարան»,- հավելեց Լիդա Մինասյանը:

 

Վտանգավոր միտում՝ բռնություն հղիության ընթացքում

 

Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Անի Ջիլոզյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնն այս տարվա ընթացքում հարյուրավոր ահազանգեր է ստացել կանանց կողմից, որոնցից յուրաքանչյուր դեպքը գնահատվում է ռիսկայնության տեսանկյունից: Վերլուծությունը ցույց է տվել, որ կենտրոն դիմող կանանց մեծամասնությունը շատ ծանր բռնության են ենթարկվում և գոնե վերջին  երեք-չորս ամիսների ընթացքում իրենց ապաստարանում ունեցել են  շատ կանանց և երեխաների: Ասել է թե՝ առանց օրենքի հնարավոր չէ պայքարել այս խնդրի դեմ, առանց կառավարության աջակցության հնարավոր չէ հասնել արդյունքի.

«Այս տարվա մեր շահառուներից մոտավորապես 70 տոկոսը բռնության են ենթարկվել հենց հղիության ժամանակ: Մենք պետք է հասկանանք, թե հասարակության մեջ ինչքան է տարածված այս խնդիրը ու լուծում գտնենք սրան, որովհետև կանայք իսկապես լուրջ վտանգի մեջ են գտնվում»,- կարևորեց Անի Ջիլոզյանը:

 

Դրական ազդակներ՝ 2017  թվականը կլինի որոշի՞չ

Ասուլիսի վերջում Սուսաննա Վարդանյանը տեղեկացրեց, որ վերջերս Կառավարությունից Կանանց աջակցման կենտրոնին և Կանանց իրավունքների կենտրոնին ուղարկվել էր ապաստարանների վերաբերյալ մի փաստաթուղթ, որի վրա իրենք աշխատել են: Ըստ նախնական տվյալների՝ 2017 թվականին պետք է որոշակի դրական փոփոխություններ լինեն.

 

«Ենթադրվում է, որ եթե կառավարությունը հետաքրքրված է ու այդ փաստաթուղթը մեզ ուղարկել էր, որպեսզի հասկանար, թե մեր գնահատմամբ ինչն է լավ, ինչը վատ այդ փաստաթղթում, ապա ակնկալում ենք, որ կբացվեն ապաստարաններ: Բայց հիմա դժվարանում եմ ասել, թե ինչ գործընթաց կլինի՝ սկզբում օրենքը կընդունեն, նոր կբացեն ապաստարանը, թե ապաստարան կբացեն առանց դրա: Ամեն դեպքում մենք դրական միտում ենք տեսնում ու սպասում 2017 թվականի զարգացումներին…. Հուսով եմ, որ դրական փոփոխություններ կլինեն»,- հավելեց նա:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 4022

Գլխավոր էջ