« Ինձ ամենից շատ դուր եկավ, որ բոլորն այստեղ շատ ջերմ էին…»

Այս տարվա օգոստոսին 80 սիրիահայ երեխաներ հնարավորություն ստացան մեկ շաբաթով իրենց հանգիստն անցկացնել Լոռու մարզում գտնվող «Գուգարք» ճամբարում: Արշավներ, խաղեր, նոր ընկերներ, իրական ճամբարական  զգալու այս հնարավորությունն ընձեռել էր ՄԱԿի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը: ՄԱԿ ՓԳՀի այս հերթական նախաձեռնությունն ուղղված էր ոչ միայն սիրիահայ երեխաների ամառային հանգստի անցկացմանը, այլ ևս մեկ միջոց էր` նպաստելու նրանց  ինտեգրմանը:

 

«Գուգարք» ճամբարի տնօրեն Սեյֆուլինա Դանիելյանը նշեց, որ ճամբարն առաջին անգամ է, որ սիրիահայ պատանիներ է հյուրընկալում:

 

–          Սկզբում ինձ թվում էր, թե կդժվարանանք, սակայն հենց առաջին օրը հասկացա, որ սխալվում եմ: Բոլորն էլ շատ շուտ սովորեցին մեր ճամբարային ռեժիմին ու կարծում եմ, մեկնեցին այստեղից մեր  կարգախոսը՝ «Ճամբարը մենք ենք և մենք ենք նրա տերը»,  իրենցը դարձած զգացողությամբ: Ինձ նաև շատ հիացրեցին նրանց ջոկատային ելույթները, հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների լավ իմացությունը: Հակոբը, Նժդեհը շատ կարդացած պատանիներ էին, Թումանյան արտասանեցին…


Ճամբարականների հետ  մենք հանդիպեցինք  հերթափոխի ժամանակ: Արամ Առաքելյանը  սիրիահայ երեխաների հետ աշխատող  ջոկատավարներից է.

 


–          Ես մինչև 12 տարեկան  փոքրերի հետ էի աշխատում: Շատ կարևոր գործ էր.  այս մի քանի  օրերի ընթացքում փորձեցինք նրանց մոտեցնել հայրենիքին ու կապել մեզ հետ, նաև կոտրել այն կարծրատիպերը, որ մինչ այդ հասցրել էին իրենց մոտ առաջանալ  շրջապատի ոչ միշտ բարյացակամ վերաբերմունքից:  Երեխաներից ոմանք ասում էին, որ պատահում է՝  իրենց լավ  չեն վերաբերվում` խանութում, փողոցում,  կարծում եմ, որ մեզ մոտ ստացվեց փոխել նրանց այդ  կարծիքը ու սովորեցնել այլ աչքերով նայել հայրենիքին, – նշում է Արամ Առաքելյանը:

 

Առնոն ու Գևորգը  2-րդ ջոկատից էին:  12  տարեկան են և առաջին անգամ էին ճամբարում.

 

–          Շատ լավ բաներ սովորեցի այստեղ, խաղեր, ֆուտբոլ խաղացինք, նոր ընկերներ ունեցա,- ասում է Գևորգը,- հետո վերջին օրը մեզ տարան Թումանյանի տուն թանգարան: Էնտեղ շատ հետաքրքիր էր, տեսանք Թումանյանի իսկական մահճակալը,  շորերը, նկարները…

 

13-ամյա  Արփին իր ընտանիքի հետ երեք  տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Դպրոց է հաճախում ու ինչպես ինքն է ասում, արևելահայերենով շփվելուց  էլ չի դժվարանում:

 

– Օրերն այստեղ շատ հետաքրքիր էին անցնում, վերկացից հետո մարզվում էինք, հետո գնում էինք նախաճաշելու….ինձ ամենից շատ դուր եկավ, որ մարդիկ մեր ճամբարում  շատ ջերմ էին, շատ մեծ ջերմություն կար իրենց մեջ, – խոստովանում է Արփին և մեր  հարցին, թե տանը առաջինն ինչ է պատմելու, ուրախությամբ ցույց է տալիս  «Միսս Գուգարքի»  իր տիտղոսի վկայականը.

 

– Մրցույթ կար ճամբարում, մեզ առաջարկում էին թեմաներ և մենք պետք է հագուստները  համադրեինք ու մոդելներ ստանայինք: Այդտեղ շատ մրցանակներ կային, արդյունքում  ես «Միսս Գուգարք» տիտղոսը ստացա, – ուրախությամբ  կիսվում  է Արփին:

 

Մինչ Արփին, Գևորգը ու այլ երեխաները վառ տպավորություններով հրաժեշտ էին տալիս «Գուգարքին», սիրիահայ պատանիների նոր խումբ ժամանեց ճամբար: Նրանց համար ամեն ինչ առջևում էր … Նաև իրենց բաժին ջերմությունը, որն այդքան անհրաժեշտ է  նրանց՝ պատերազմը  մոռանալու համար…

 

Երեխաների վարակիչ աշխուժությունն ու ոգևորությունը ստիպցին   մեզ շրջանցել ծանր հիշողությունների հետ կապված ցանկացած հարց, հատկապես որ մինչ այդ սիրիահայ երեխաների հետ տեղի ունեցած շփումներից նկատել էինք, որ նրանք պատերազմի մասին չեն սիրում խոսել…

 

 

Կարապետ Առաքելյանը 12 տարեկան է, մեկ տարի առաջ է եկել Հայաստան: Ասում է, որ անցյալ տարի էլ է ճամբար գնացել  և անհամբեր սպասում է նաև այս հանդիպմանը:

 

–          Ինձ ճամբարում դուր էր եկել բնությունը, նաև որ շատ ընկերներ ունեցա, նոր խաղեր սովորեցի, օրինակ, որ կանգնած տեղից պետք է մեծ ցատկ կատարել, – պատմում  է Կարապետը:

 

Կարապետը որոշել է ճարտարապետ դառնալ.

 

–          Գայի անվան դպրոց եմ գնում, ամենասիրած առարկաս երկրաչափությունն է: Ուզում եմ ճարտարապետ դառնալ: Քույրիկս դիզայներ է, ինձ շատ է օգնում: Շենքեր, տներ նկարել շատ եմ սիրում,- ասում է Կարապետը:

 

 

Ցոլերն ու Գառնին էլ հենց իրար կողք կողքի էին նստել: Միմյանց ճանաչում են դեռ Սիրիայից, նույն դպրոցն են հաճախել: Երկուսն էլ նոր են եկել Հայաստան. Գառնին ընդամենը մեկ շաբաթ առաջ.

 

–          Դեռ շատ քիչ բան եմ տեսել այստեղ, մենակ հրապարակը… առաջին անգամ եմ գնում Երևանից դուրս ու նաև ճամբար երբեք չեմ գնացել, – ասում է Գառնին:

 

 

ՄԱԿ ՓԳՀ  հասարակական տեղեկատվության և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայարապետյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշեց որ ամառային ճամբարի ծրագիրը երեխաների պաշտպանության կարևորագույն մասն է կազմում և նրանց ինտեգրման  լավագույն գործիք հանդիսանում:

–          ՄԱԿ ՓԳՀ-ի յուրաքանչյուր նախաձեռնության մեջ արտացոլված են մեր հիմնական նպատակները, որոնք իրականություն են դառնում  մեր գործընկերների հետ միասին՝ համատեղ ջանքերի շնորհիվ: Փախստական և տեղանահանված երեխաների ինտեգրացիայի խթանումը մեր առաջնահերթ նպատակներից մեկն է:  Այս ամառային ճամբարն իրականություն դարձավ  ՄԱԿ ՓԳՀ-ի, Կառավարության, ՀՀ Սփյուռքի նախարարության և գործընկեր ՀԿ-ի ՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի միասնական  ջանքերի շնորհիվ: Դա լավ  հնարավորություն էր այդ ուղղությամբ ունեցած ձեռքբերումները դիտարկելու առումով: «Գուգարք» ճամբարն իսկապես դարձավ  սիրիահայ երեխաների համար անկեղծ երկխոսության, միջմշակութային փոխանակման, ժամանցի և հանգստի հիանալի և ջերմ միջավայր,- նշեց տիկին Հայրապետյանը:

 

ՄԱԿ ՓԳՀ-ն ճամբարային ծրագրեր բազմիցս է իրականացրել իր գործընկեր կազմակերպությունների՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության,  ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ:

 

–          Մենք համոզվեցինք, թե ամառային ճամբարներն  ինչ դրական արդյունքներ կարող են  ունենալ փախստական և տեղահանաված երեխաների համար:  Քաղաքային, գյուղական համայնքներում անցկացվող բակային ճամբարների գաղափարը, որի առաջարկը հենց սիրիահայ երեխաների ծնողներից ենք ստացել, նույնպես շատ լավն է և իրագործելու համար մեծ ֆինանսական ներդրումներ չի պահանջում,- հավելեց Անահիտ Հայրապետյանը: – Փորձը ցույց է տալիս, որ տեղահանված ծնողները նոր միջավայրում  ցանկանում և կարողանում են ինտեգրվել միայն այն դեպքում, երբ նրանց երեխաներն են ինտեգրվում: Երբ երեխան երջանիկ է դպրոցում, գիրք է փոխանակում իր ընկերների հետ, բակում է խաղում, նույն ճամբարն է հաճախում, ինչ տեղացիները, նա  աստիճանաբար ավելի կապված է զգում իրեն նոր տան և ընկերների հետ: Երեխաների բարեկեցությունը և հոգեբանական կայունությունը օգնում են ծնողներին նույնպես ինտեգրվել. փնտրել աշխատանք, հասարակության մի մասնիկը զգալ, ընկերանալ հարևանների հետ և  նոր, բնականոն կյանք սկսել:

 

Լիլիթ Քոչինյան

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Սպորտն ու պատերազմը. Հալեպի լողի թիմի աղջիկները բրոնզե մեդալներ նվաճեցին Երևանում

Նոր կյանք, նոր բիզնես…

Սիրիահայ կանայք նաեւ անգլերեն են ուսուցանում

«Իմ հայրենիքս է, իմ լեզուս է… Հոս կմնանք». երեք կնոջ պատմություն

«Հայաստանը Հալեպեն ավելի սիրեցինք». երկու ընտանիքի պատմություն

«Արհեստը դիպլոմ ունեցողին էլ կկերակրե»

«Չենք պատրաստվում ձեռքերը ծալած նստել».սիրիահայ կանայք նոր մասնագիտական ուսուցում են անցնում

«Ավազե ամրոցներն» օգնում են մոռանալ պատերազմը

«Հանգիստ ենք, որ մեր հայրենիքում ենք, այլ տեղ չենք ուզում գնալ»…

«Մենք կպայքարինք, որ Հայաստանի մեջ ոտքի կենանք …». Երեւանում «Հալեպի շուկա» է բացվել

«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…

Ֆուտբոլը միավորում է բոլորին/ վիդեո

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…

Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Իմ հին-նոր տուն Երևան»/ ֆոտոռեպորտաժ

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն

«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»

«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»

Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում

«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»

«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

 

Դիտումների քանակը` 6214

Գլխավոր էջ