« Թե ինչպես ուսուցչուհին օգնեց Կիրակոսին մարդ դառնալ»…
«Կոմսոմոլի ծննդյան արթիվ Մեղրիում կարմիր կնունք տեղի ունեցավ. 11 մայր իրենց երեխաներին նվիրեցին պիոներական կազմակերպությանը», – այս եւ շատ այլ ուշագրավ իրադարձությունների մասին կարելի է իմանալ՝ թերթելով «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսի հին համարները …
Խորհրդային շրջանի կանանց մամուլը հզոր գաղափարախոսական քարոզչության մի մասն էր: Այն կոչված էր ձեւավորելու կին-աշխատավորուհու կամ գյուղի կնոջ կերպարները, ովքեր ակտիվորեն ներգրավված են նոր հասարակության կառուցման գործին: Ընդ որում, քարոզվող կերպարը, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ հանդեսի բովանդակությունը ժամանակի ընթացքում փոխվում էին՝ կախված այն խնդիրներից, որոնք իրենց առջեւ դնում էին կուսակցությունն ու կառավարությունը: «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսի առաջին համարը ( Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության Կենտկոմի բանվորուհու եւ գեղջկուհու բաժնի օրգան) Ֆլորա Վարդանյանի խմբագրությամբ լույս տեսավ 1924 թվականի մարտին: Գաղափարախոսական քարոզչության հետ մեկտեղ ամսագիրը հսկայական դեր խաղաց հայ կանանց գիտակցության վերակառուցման գործում: Սա ընդունում էին նույնիսկ սփյուռքահայ կին գործիչները: Այսպես, Փարիզում լույս տեսնող «Երեւան» թերթում Զապել Եսայանը գրում է այս ամսագրի մասին. «Ոչ թե ֆեմինիստական թերթ, այլ բանվորուհիների եւ գեղջկուհիների ազատ օրգան, որի նպատակն է բոլոր միջոցներով նպաստել Հայաստանի քաղաքացուհիների մշակութային եւ կենցաղային աճին»:
Ինչի՞ մասին էին գրում «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսի էջերում 20-30-ական թվականներին: Թերթելով հին հանդեսները՝ նախեւառաջ ուշադրություն ես դարձնում շապիկին, լուսանկարներին, դրանց մակագրություններին, հոդվածների վերնագրերին եւ, վերջապես, հանդեսի ոճին: Ոճն առանձնահատուկ է, մեծ մասամբ՝ կարգախոսային, քաջածանոթ կլիշեների օգտագործմամբ՝ պայքար համաշխարհային իմպերիալիզմի, ժողովրդի թշնամիների դեմ, կուլակաթափություն եւ շնորհակալություն համաշխարհային պրոլետարիատի առաջնորդներին՝ ամսագրի ընթերցողուհիների բերանով: «Արդարացի դատավճիռը կայացվեց» ակնարկը ժամանակի ստույգ արտացոլումն է: Վնասարարական գործունեության համար մեղադրվող 12 տրոցկիստների ու դաշնակցականների գնդակահարության մասին լուրն ավարտվում է նկարագրությամբ, թե դատավճիռն ինչպես է ընդունվել դատարանի դահլիճում. «Հարյուրավոր բանվոր–կոլտնտեսականներ, խորհրդային ինտելիգենցիայի ներկայացուցիչներ դիմավորեցին դատավճիռը ցնծագին ծափահարություններով եւ «Ուռա՜», «Կեցցե՜ խորհրդային արդարադատությունը», «Մա՛հ ֆաշիստական շներին» բացականչություններով…
«Հայաստանի աշխատավորուհի» հանդեսի շապիկները, որպես կանոն, երկու տեսակի են. կամ սեւ-սպիտակ լուսանկար, կամ պլակատային տեսակի նկար՝ համեմված ինչ-որ հայտնի կարգախոսով: Ասենք՝ ճագարով կնոջ պատկերը ու մակագրություն՝ «Զարկ տանք ճագարաբուծությանը»: Լուսանկարներում՝ երջանիկ գեղջկուհիների կարծրատիպային դիմանկարները. երիտասարդ, լայն ժպտացող, ազգային տարազով կլորադեմ աղջիկներ կամ առողջություն, բարեկեցություն ու բեղմնավորություն մարմնավորող հաղթանդամ կանայք, որոնք հեռու են այսօրվա կանանց հանդեսների կողմից պարտադրվող 90/60/90 կարծրատիպից:
Բացի դաշտում կամ հաստոցի մոտ աշխատանքից, կանայք շատ հաճախ ներկայացված են սովորելիս՝ դասագրքերի մեջ խորասուզված կամ, դիցուք, կին պատգամավորի ղեկավարությամբ առաջին տառերը ջանասիրաբար հեգող: Նկարի մակագրությունն արտացոլում էր պահի կարեւորությունը. «Գրագետ պատգամավորուհին աանգրագետին գրագիտություն է սովորեցնում»:
Ի դեպ, ամսագրում մի ամբողջ էջ՝ «Ինքնուսի անկյուն» խորագրով, հատկացված էր անգրագիտությունը հաղթահարող կանանց. խոշոր տառատեսակով հատուկ տեքստեր, բնականաբար՝ քարոզչական բնույթի.
«Կոմսոմոլի ծննդյան տոնին Մեղրիում կարմիր կնունք տեղի ունեցավ. 11 մայր իրենց երեխաներին նվիրեցին պիոներական կազմակերպության»;
Կամ՝ «Կին բանվորների մանուկների համար Լենինականի տեքստիլ գործարանի մսուրը բացվել է 1927 թ. նոյեմբերի 28-ին»;
«Վերջերս Նոր Բայազետի գավառի Ղշլաղի գյուղի խորհրդի պլենումը գյուղխորհրդի նախագահ ընտրեց խորհրդի անդամ ընկ. Վարդուհի Մնացականյանին»;
«Վերջերս Աշտարակի կին–հրահանգչուհին պատգամավորներից ու ծայողների կանանցից կազմակերպել է ռազմական խմբակ»:
Ի դեպ, բավական շատ են պաշտպանության խնդիրներին առնչվող նյութերը համաշխարհային իմպերիալիզմի կողմից հրահրվող պատերազմի մասին: Սովորաբար դրանք երիտասարդ աղջիկների լուսանկարներ են՝ մարտական հրաձգության, պարաշյուտով թռչելու, քիմիական պաշտպանության զինավարժություններից:
Օրինակ՝ Լենինականի տեքստիլ գործարանի մանող բանվորուհու նամակին՝ «Ռազմականացնենք աշխատավոր կանանց» վերնագրով, կցված է բավական ուշագրավ լուսանկար. հրահանգիչը պարապմունք է անցկացնում հակագազերով շարք կանգնած կանանց հետ: Լուսանկարի մակագրությունը՝ «Կանանց հրաձգային խմբակը հակաօդային պաշտպանության պարապմունքի ժամին»: Էջի ներքեւում խոշոր տառատեսակով կոչ՝ հանդես բերել զգոնություն իմպերիալիստական բուրժուազիայի դեմ պայքարում:
Կանանց ինքնագիտակցության բարձրացումը եւ հասարակական ակտիվ կյանքով ապրող կնոջ նոր կերպարի գովազդումը հանդեսի հիմնարար թեմաներից է: Վերնագրերն ինքնըստինքյան խոսուն են.
«Ապահովենք կանանց կենցաղային դրությունը, նրանց մասնակից դարձնենք սոցիալիստական շինարարությանը»,
«Պայքար հին կենցաղի ու անկուլտուրականության դեմ»,
«Ներգրավել խորհրդային կնոջը ղեկավար աշխատանքի»,
«Կին ընտրողը հզոր ուժ է»,
«Խորհրդային կանայք երկրի տերերն են»,
«Կանանց ազատության ուղին»,
«Կին նախագահների վերապատրաստման դասընթացներ» եւ այլն:
«Նոր նվաճումներով ենք դիմավորում մարտի 8-ը» հոդվածում մեջբերում ստալինյան սահմանադրությունից. «Կնոջը ԽՍՀՄ–ում տղամարդուն հավասար իրավունքներ են տրվում տնտեսական, պետական, կուլտուրական ու հասարակական–քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում»:
Մեկ այլ պարտադիր թեմաներից է հին կենցաղի վերակառուցումը, պայքար ընտանեկան բռնության դեմ եւ տղամարդկանց վերադաստիարակումը: Եթե խոսելու լինենք վիզուալ շարքի մասին, ապա ընտանեկան բռնության հիմնախնդիրը գրեթե միշտ ներկայացվում է ծաղրանկարային մակարդակում:
Օրինակ՝ «Կենցաղային այլանդակություն» կամ «Ի՞նչ կարող են սովորել երեխաներն այս ուսուցչից» վերնագրով նյութերին ուղեկցում են գազազած տեսքով տղամարդկանց փոքրիկ ծաղրանկարներ, ովքեր բռունցքներով ու դանակը ձեռքին հարձակվում են իրենց կանանց վրա: Նույն տեղում էլ պատմություն այն մասին, թե ինչպես կին ուսուցչուհին օգնեց տրակտորիստ Կիրակոսին մարդ դառնալ՝ սովորեցնելով հարգել կնոջը…
Ամսագրերը թերթեց Լիլիթ Զաքարյանը
Դիտումների քանակը` 5935