«Քաղաքականության մեջ ներկա կանայք ճանաչելի ու նկատելի են, այլ հարց է, որ նրանք քիչ են » …
Մեր զրուցակիցն է Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՅԴ անդամ, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Լոռու քաղացիական նախաձեռնությունների մարզային կենտրոնի ղեկավար, երեք երեխաների մայր՝ Արմենուհի Կյուրեղյանը: Այս տարվա խորհրդարանական ընտրություններում նա ընդգրկած էր ՀՅԴ համամասնական ցուցակի կազմում , ունի նաեւ ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու փորձ:
– Նախորդ ՏԻՄ ընտրություններին Դուք առաջադրել էիք Ձեր թեկնածությունը Վանաձորի ավագանու անդամության համար, ինչո ՞ւ այս տարի չառաջադրվեցիք: Գուցե հիասթափվել ե՞ք:
– Ամենեւին էլ հիասթափություն չկա: Այն, որ այս անգամ չեմ առաջադրվել, հիասթափությամբ չէ պայմանավորված: Ուղղակի ես առաջիկա հինգ տարիների համար այլ մասնագիտական ոլորտի հետ առնչվող ծրագրեր ունեմ, այժմ դոկտորականի վրա եմ աշխատում : Բացի այդ բավականին ծանրաբեռնված եմ հասարակակն գործունեությամբ ՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Լոռու մարզային կենտրոնի ղեկավարն եմ: Ի դեպ, վերջին երկու-երեք տարին նպատակաուղղված աշխատել ենք այս ՏԻՄ ընտրություններում առաջադրված կին թեկնածուների հետ` մարզի կտրվածքով, նաեւ Վանաձորում, Թումանյանում եւ Տաշիրում: Վերջերս էլ սեմինարներ ենք անցկացնել, ներկայացրել ընտրական գործընթացի, Ընտրական օրենսգրքի եւ ՏԻՄ օրենքի հետ կապված խնդիրներ: Իսկ արդյունքներից, կարծում եմ, կարող ենք խոսել մի փոքր ուշ, վերջնական ամփոփումից հետո: Մինր այդ կարող եմ ասել միայն , որ համայնքի ղեկավարների պաշտոններում մեր մարզում երեք կին է ընտրվել, երեքն էլ իրենց համայնքների ղեկավարման բազմամյա փորձ ունեն – մի քանի անգամ են վերընտրվել…
–Իսկ Վանաձորու՞մ , որքան տեղյակ եմ քաղաքապետի պաշտոնին կանայք երբեք րեն հավակնել, իսկ համայնքի ավագանու 53 թեկնածուներից միայն 2-ն են կին: Ինչո ՞ւ են Վանաձորում կանայք այսքան պասիվ:
– Ասեմ, որ Վանաձորում առաջադրված կանանցից միայն մեկն է անցել, ավելի ճիշտ վերընտրվել: Ինչ վերաբերում է կանանց պասիվությանը, ապա դա իր օբյեկտիվ պատճառներն ունի: Դրանցից են` ֆինանսական միջոցների պակասը, եթե չասենք բացակայությունը, ավագանու կազմում կանանց ներկայացվածության անհրաժեշտության վերաբերյալ հանրության ոչ բավարար ընկալումը, նաև` ավագանու ինստիտուտի հեղինակության նվազումը: Շատերն այսօր ավագանին դիտում են ընդամենը որպես հարթակ իրենց հետագա քաղաքական կարիերայի համար: Դրանով է բացատրվում այսքան մեծ թվով երիտասարդների առաջադրումը ավագանու ընտրություններում: Այս փաստը նույնպես կարելի է դիտարկել որպես կանանց պասիվ մասնակցության պատճառ:
–Ընդհանուր առմամբ , ինչպե՞ս եք գնահատում կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում: Ինչքանով է, այս իմաստով, արդյունավետ քվոտավորման համակարգը:
– Այն, որ Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության որոշ չափով բարձրացում է նկատվում, անհերքելի է: Քաղաքականության մեջ ներկա կանայք նկատելի ու ճանաչելի են ազգաբնակչության համար` Հերմինե Նաղդալյան, Հրանուշ Հակոբյան, Նաիրա Զուրաբյան, Լիլիթ Գալստյան, Ռուզաննա Առաքելյան, Զարուհի Փոստանջյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան և այլն: Այլ հարց է, որ նրանք քիչ են, որ քաղաքականության մեջ կանանց ներկայացվածությունը ու աղդեցությունը անբավարար է:
Հաշվի առնելով “Հազարամյակի զարգացման նպատակներով» մեր իսկ կառավարության կողմից նախանշված նշաձողը, այն է ՝ մինչեւ 2015 թվականը կանանց տեսակարար կշիռը ԱԺ պատգամավորների, նախարարների, մարզպետների և փոխնախարարների ընդհանուր թվաքանակում հասցնել մինչև 25%, իսկ համայնքների ղեկավարների ընդհանուր թվաքանակում ՝ մինչև 10%, կարելի է ասել, որ քվոտավորման համակարգի ներառումը խիստ անհրաժեշտություն է:
Դրա հետ մեկտեղ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այսօր իրականացվող քվոտավորումը չի կարող լիարժեքորեն ապահովել մեր կառավարության պարտավորությունների իրականացումը գենդերային քաղաքականության առումով: Անհրաժեշտ է,որ քվոտավորման մեխանիզմները հստակեցվեն, որ կուսակցական ցուցակներում քվոտայով ներառված կանայք մանդատից հրաժարվելու դեպքում իրենց տեղը զիջեն ոչ թե տղամարդկանց, այլ ցուցակով ներկայացված հաջորդ կնոջը : Այլապես, կունենաք այն պատկերը, ինչ ունենք …
–Ինչու՞ են պայքարում , որ կանայք մուտք գործեն քաղաքականություն, Ազգային ժողով, ՏԻՄ համակարգ… Ի՞նչ սպասելիքներ կան կանանցից:
-Քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության մակարդակի բարձրացումը ինքնանպատակ չէ . առաջին հերթին դա կբերի սոցիալական արդարության, չէ որ այսօր հասարակության կեսից ավելիի ներկայացուցիչները օտարված են որոշումների կայացման գործընթացից, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների 60%-ից ավելիին կանայք են: Սպասելիքները կանանցից իրականում շատ են ՝ սկսած ընտանիքների սոցիալական պաշտպանվածությունից մինչեւ քաղաքական մթնոլորտի փոփոխություն: Համենայն դեպս, միջազգային փորձը ցույց է տալիս, որ կանանց ներգրավմամբ նման խնդիրները ավելի արագ ու արդյունավետ են լուծվում:
– Ձեր կարծիքով Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա՞:
– Միանշանակ` այո, Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա: Հասարակության կյանքի տարբեր ոլորտներում այն տարբեր դրսևորումներ ունի, շատ դեպքերում `անուղղակի: Աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում առկա է ուղղահայաց և հորիզոնական խտրազատում, այսինքն կանայք հիմնականում զբաղեցնում են քիչ վարձատրվող, ստվերային, սեզոնային աշխատատեղերը, նրանք աշխատում են ցաշր պաշտոններում, նրանց կարիերային աճը տարբեր պատՃառներով արգելակվում է , մեծ է կանանց թիվը գործազուրկների շարքում: Կառավարման ոլորտը, որոշումների ընդունման բոլոր մակարդակները բնութագրվում են գենդերային խիստ անհավասակշռությամբ: Ընտանեկան կյանքում առկա են գենդերային բռնության տարբեր դրսեւորումներ՝ ֆիզիկական, ֆինանսական, հոգեբանական, տնտեսական բռնություն: Կինը ինչ-որ բանի հասնելու համար շատ ավելի խոչընդորների է բախվում, քան տղամարդը, հասարակությունն էլ կնոջ նկատմամբ ավելի պահանջկոտ է, ինչը ինքնին խտրականության դրսեւորում է: Հատկապես դա երեւում է ընտրությունների ժամանակ, ընտրողների անվստահությունը կին թեկնածուների նկատմամբ ակնհայտորեն ավելի մեծ է…
Զրուցեց Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 4043