«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց

Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրի մասին է պատմում «Փրկության քարտեզ» ֆիլմը,  որի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 22-ին  Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: «Փրկության քարտեզ»-ը համամարդկային ցավի եւ այդ ցավը մեղմելու  շտապող  հինգ անձնվեր կանանց մասին է: 

 

Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա)՝ թողնելով  իրենց բարեկեցիկ կյանքը Եվրոպայում   անմնացորդ ու անձնուրաց նվիրվեցին  հայ ժողովրդին՝ ապաստաններ հիմնադրելով սպանդից   մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց համար:

 

Ֆիլմը երախտագիտության տուրք է  նրանց հիշատակին` հայ ժողովրդի  և մարդասիրական հայացքներ դավանող բոլոր մարդկանց անունից:  Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա: Ֆիլմում Ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:

 

«Ման Փիքչրս» ստուդիայի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ նկարահանված  այս կինոնկարի  ռեժիսորն է  Արամ Շահբազյանը: պրեմիերային ընդառաջ նշեց, որ կինոնկարը մոտ մեկ տարվա աշխատանք է: Ֆիլմին աջակցել են 7 երկրների 11 խորհրդատուներ՝ պատմաբաններ, ցեղասպանագետներ, ֆիլմի հերոսների կենսագիրներ:

 

«Այն խաղարկային -փաստավավերագրական կինոնկար է, տեսակով՝ փորձարարական , օրիգինալ լեզուն անգլերեն է: Նկարահանվել են այնպիսի արխիվներում , որոնք հանրամատչելի չեն եղել՝ Նորվեգիայի, Դան իայի, Շվեդիայի արխիվներում»,-  նշեց Արամ Շահբազյանը:

 

Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: Նա առաջին անգամ է կինոյում նկարահանվում: «Ես կինեմատոգրաֆիստ չեմ , և սա իմ առաջին աշխատանքն է: Ես ցեղասպանագետ եմ , ինձ համար մեծ պատիվ էր աշխատել խմբի հետ: Ցեղասպանությունը պատմություն է չարիքի, մահվան , ցավի մասին , բայց բոլոր պատմություն ներում էլ լուսավոր կետեր կան , և այն հինգ կանայք, որոնց մասին պատմվում է ֆիլմում , այդ լույսն են : Նրանք թողեցին իրենց երկրները, իրենց ընտանիքները՝ Հայաստան մեկնելու և հայերին օգնելու համար: Այս ֆիլմը հարգանքի տուրք է այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են Ցեղասպանության չարիքները մեղմելուն»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում միսիոներուհիներից շատերն ավելի հայտնի են, քան իրենց հայրենիքներում:

 

«Փրկության քարտեզ»-ը խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է: Բնօրինակի լեզուն անգլերեն է, թարգմանվելու է նաև հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով: Սա ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին: Սա պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ:

 

Ապրիլի 25-ին ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կկայանա Գյումրիում : Ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում այն կներկայացվի հայաստանյան  քաղաքներում , նաև այն 29 երկրներում , որտեղ նկարահանվել է :

 

Կինոնկարի մտահղացման հեղինակ, գխավոր պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի խոսքով՝ հնարավոր է, որ նախագիծը հեռուստատեսային ֆորմատով շարունակություն ունենա, քանի որ շատ նյութեր կան , որոնք սեղմվել են կինոնկարի տարբերակում: Նա նշեց նաեւ, որ անհավանական և անսպասելի հաջողություններ են եղել նկարահանումների ընթացքում, որոնց կարծես թե նպաստել են հենց միսիոներ հերոսուհիները…

 

Ըստ  Արմենպրեսս– ի հաղորդագրության

 

Դիտեք ֆիլմի թրեյլերը.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք

 

 

Դիտումների քանակը` 9876

Գլխավոր էջ