«Փրկենք Երևանը» նախաձեռնությունը դիմում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

 

Մի  խումբ երիտասարդներ՝ մտահոգված  Երեւանի քաղաքաշինական խնդիրներով,  հանդես են եկել «Փրկենք Երևանը» նորաստեղծ նախաձեռնությամբ: նրանք պահանջում են  դադարեցնել Երևանի կենտրոնում իրականացվող ցանկացած շինարարական աշխատանքները, որոնք կատարվում են ի վնաս կանաչ տարածքների և պատմական հուշարձանների:

 

Ակտիվիստներն օրերս  բացօթյա ասուլիս էին հրավիրել Պուշկին 25 շենքի մոտ: Այս տարածքը պատահական չէր ընտրվել, քանի որ այստեղ պլանավորվում է նոր շենքերի կառուցում:
Նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանի փոխանցմամբ,  քաղաքապետարանի որոշման համաձայն՝ շենքի հետ փոփոխություններ են լինելու: «Իրենց ասելով՝ շենքի արտաքին տեսքն այսպես պահպանվելու է, կտուրին լինելու է բացօթյա ռեստորան, բայց ամբողջ հետևի մասը լինելու են երկու մեծ հյուրանոցներ»,– ասաց նա:

«Բացի դրանից այստեղ կա նաև Աֆրիկյանների տունը, և այս ամբողջ տարածքում պատմական հուշարձաններ գոյություն ունեն: Հիմա այս նախաձեռնության հիմնական պահանջն այն է, որ սառեցնեն Երևանի կենտրոնում ցանկացած շինարարական աշխատանքներ»,– նշեց Իզաբելլա Սարգսյանը:
Նախաձեռնող խմբի անդամ, նախկին Բուզանդի փողոցի բնակիչ Սեդրակ Բաղդասարյանն ասաց, որ այդ շենքն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում, քանի որ Ալ. Թամանյանի նախագծով կառուցված շինություն է:
«2000 թվականից մինչ այսօր Երևանում 30 պատմամշակութային հուշարձան է քանդվել, և այս փաստը պետք է մտահոգի բոլոր երևանցիներին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ առ այսօր իշխանությունների կողմից այդ ուղղությամբ ոչինչ չի արվել. «Անգամ Աֆրիկյանների տան պատշգամբը, որը քանի տարի է քանդված է, չեն ղմշում բերեն սարքեն»:

 

 

Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ պահանջում են «սառեցնել Երեւանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները մինչեւ կարգավորման նոր մեխանիզմների ձեւավորումը», նաեւ ՀՀ ոստիկանությանը հանձնարարել միջամտել եւ կասեցնել օրենքի խախտմամբ իրականցվող շինարարական աշխատանքները քաղաքում:

 

Նախաձեռնության անդամները դիմել են  նաեւ  Երևանի 2013 թվականի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին կոչով՝  ձևավորել  «Երևանի փրկության համար» պլատֆորմը՝ որպես գալիք ընտրություններին միասնաբար մասնակցելու քաղաքական հիմք:

 

 

Տեսահոլովակը՝ Aravot.am

 

Դիտումների քանակը` 4006

Գլխավոր էջ