«Փոխնակ մայրությունը պետք է դիտարկել որպես մարդասիրական քայլ»…

Արդեն տաս տարի է ինչ  Հայաստանում գործում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որը հստակ սահմանում է` ո՞վ է փոխնակ մայրը, ի՞նչ իրավունքներ ունի և ի՞նչ պարտականություններ է կրում: Օրենքը կիրառելի է դարձել 2006 թվականից, սակայն ավելի լայն տարածում է ստացել վերջին տարիներին: Արհեստական բեղմնավորումը և փոխնակ մայրության տարբեր մեթոդները Հայաստանում օրենսդրորեն հաստատվելուց հետո, ըստ ոլորտի ներկայացուցիչների, հնարավորություն է տալիս արմատապես փոխելու բազմաթիվ ընտանիքների կյանքը:

 

… Երևանի ծննդատներից մեկում դեպք էր գրացվել, երբ 42-ամյա մայրը որդու և հարսի համար զավակ  է պարգեւել՝ կրելով  նրան իր արգանդում ,  թեև բժիշկները մեծ երաշխիքներ չէին տվել նրանց` պատճառաբանելով, որ 42 տարեկանում դժվար է առողջ երեխա ծննդաբերել: Բայց բժիշկների  զգուշացւմներին  հակառակ, նա  հաջողությամբ լույս աշխարհ բերեց իր թոռնիկին…

 

Փոխնակ մայրերին դիմողների թիվը մեր երկրում տարեցտարի ավելանում է:  Չնայած նրան, որ վիճակագրական տվյալներ  սովարաբար չեն հրապարակվում, այսօր Հայաստանում կան մի քանի բժշկական հաստատություններ, որոնք  պաշտոնապես զբաղվում են նման տեսակի բեղմնավորմամբ:

 

Փոխնակ մորը դիմելու հիմնական պատճառը ամուսիններից մեկի վերարտադրողական ֆունկցիայի խանգարումն է, որի հետևանքով զույգը չի կարող ինքնուրույն երեխա ունենալ: Սակայն սուրոգատ մոր տարբերակին դիմելու համար հարկավոր  են նաև համապատասխան ֆինանսական միջոցներ, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:

 

«Փոխնակ մայրությունը պետք է դիտարկել որպես մարդասիրական քայլ»,-  նշում է  բժշկական գիտությունների դոկտոր,  “Մարդու պտղաբերության կենտրոն” -ի հիմնադիր տնօրեն,  ռեպրոդուկտոլոգ Էդուարդ  Համբարձումյանը  և հավելում. «Առաջին հերթին պետք չէ մոռանալ, որ փոխնակ մայրությունն անպտղության դեմ պայքարի մեթոդ է»:

 

Մասնագետի գնահատմամբ, այսօր Հայաստանում անպտղությունը լուրջ խնդիր է: Բավական է ասել, որ 18-44 տարեկան վերարտադրողական տարիքի բնակչության 18%¬ն անպտղությամբ է տառապում (աշխարհում` միջինը 10¬15% է), ինչն ազգապահպանման համար վտանգավոր է:

 

Այդուհանդերձ, մասնագետները նկատում են, որ մեր հասարակությունում այսօր միանշանակ չի ընդունվում փոխնակ մայրությունը, շատերն անգամ նախընտրում են օտար երկրում փոխնակ մայր գտնել, որպեսզի այդ մասին «ծանոթ-բարեկամները չիմանան»:

 

Է. Համբարձումյանի խոսքերով՝  հիմնականում արտասահմանում փոխնակ մոր ծառայությանը դիմում են 30-ից բարձր տարիքի զույգերը, իսկ ծառայության համար վճարվող գինը անհատական է, և ավելի շատ վերաբերում է «շուկայական հարաբերություններին»:

 

Հայաստանի մայրության կենտրոնի հոգեբանական ծառայության ղեկավար Աննա Բադալյանն էլ նշում է, որ փոխնակ մայրը այնքան կայացած կին պետք է լինի, որպեսզի կարողանա իրեն տրամադրել, որ երեխան իրենը չէ: «Սաղմը ունի հիշողություն և մոր հույզերը սպունգի նման կլանում է, հետևաբար հոգեբանորեն տրավմատիկ երեխա չունենալու համար պետք է հաշվի առնել այդ գործոնը»,- ասաց Ա.Բադալյանը: Ըստ նրա՝  թեև փոխնակ մայրերը հիմնականում դառնում են այն կանայք, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն, այդուհանդերձ, դա այնքան էլ ողջունելի չէ, քանի որ տվյալ կնոջ հոգեվիճակը չի կարող դրական ազդեցություն ունենալ ապագա երեխայի վրա:

Դրա հետ մեկտեղ, մանկաբարձ-գինեկոլոգ, «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ տնօրեն Գեորգի Օկոևը նշում է , որ փոխնակ մորից ծնված երեխան նրանից ոչ մի գեն չի ժառանգում։ «Չէ՞ որ երեխան ստացվում է սաղմից, սաղմը ստացվում է ծնողներից։ Գենետիկական կոդը լրիվ պահպանվում է»,- ասել է նա։

Փոխնակ մոր ինստիտուտին դեմ են եկեղեցիները։ «Անշուշտ, եկեղեցին միշտ հակառակ է անբնական երևույթներին,- նշել է տեր Տաճատ քահանա Դավթյանը։- Եվս մեկ անգամ Աստծո տեղը կառնենք։ Հետևանքը այն է, որ մենք կսկսենք խաղալ բնության հետ»։ Քահանան նշել է, որ դա չի նշանակում մանկան նկատմամբ որևէ խտրություն՝ նրան եկեղեցին մկրտում է, համարում իր համայնքի լիարժեք անդամ։

 

Երևույթին դեմ են նաև ֆեմինիստուհիները, որոնք դիտարկում են երեւույթը որպես  կնոջ շահագործում…

 

Մերի Մարգարյան

Դիտումների քանակը` 4300

Գլխավոր էջ