«Փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի նկատմամբ»

  «LIFE»  ծրագրի նոր նախաձեռնությունը

 

Երևանում երեկ  տեղի ունեցավ Սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցի հիմնման  պաշտոնական արարողությունը: Ցանցը ստեղծվել  է  ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID)  կողմից ֆինանսավորվող և «Սեյվ դը չիլդրեն»-ի (Save the children ) կողմից իրականացվող «LIFE»  ծրագրի շրջանակներում, որն արդեն երեք տարի է ինչ  օգնում է  հաշմանդամություն ունեցող անձանց` զբաղվածության խնդիրները լուծելու հարցում: Այդ նույն նպատակով նորաստեղծ ցանցը  կոչված է  խթանելու  Հայաստանի ողջ տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երիտասարդների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև նպաստելու նրանց կարողությունների զարգացմանը  և շահերի պաշտպանությանը:

 

«LIFE»   ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան իր ելույթում ասաց, որ ցանցի նպատակը ՝  հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հավասար պայմանների և  աշխատանքի մատչելիության՝ որպես մարդու հիմնարար իրավունքի, ապահովումն է: Այդ նպատակի շրջանակներում LIFE ծրագիրը 2012 թվականից սկսած արդեն իսկ  հիմնել կամ ընդլայնել է 18 «սոցիալական ձեռնարկություններ»՝ աշխատանքով ապահովելով  հաշմանդամություն ունեցող 210 անձանց: Սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցի ստեղծումը ևս մեկ կարևոր  քայլ է այս ուղղությամբ:

 

«2015 թվականին «Սեյվ դը չիլդրեն»-ը քննարկում նախաձեռնեց սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցի հիմնման վերաբերյալ: Քննարկման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին դառնալու ցանցի անդամներ և արծարծեցին հարցեր, որոնք կարող են լուծվել իրենց միասնական ջանքերով», – ասաց Ջ.Սարգիզովան:

 

Նրա խոսքերով՝ ցանցի ստեղծումը նպաստելու է ոչ միայն  հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երիտասարդների կենսամակարդակի բարելավմանը, նրանց զբաղվածության խթանմանը, այլ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության մոդելի տարածմանը և զարգացմանը: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ այս համագործակցության արդյունքում լուրջ հաջողություններ կգրանցեն, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք իսկապես աշխատանք կունենան և իրենց կզգան հասարակության լիիրավ անդամ:

 

«Ուզում եմ հույս հայտնել, որ այս նախաձեռնությունը  կարևոր ազդակներից մեկը կհանդիսանա փոխելու հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների նկատմամբ: Ավելին՝ բիզնես մոդելների և սոցիալական պատասխանատվության համադրումը կնպաստի տնտեսական զարգացմանն ու աղքատության կրճատմանը Հայաստանում»,- նշեց  Ջինա Սարգիզովան:

 

Ցանցի պաշտոնական հիմնադրմամբ նրան կմիանա նաև OxYGen անկախ զարգացման հիմնադրամը՝ իր 22 գյուղատնտեսական կոոպերատիվներով: Դրա մասին  տեղեկացրեց Օքսֆամի հայաստանայն գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը՝ ներկայացնելով  կազմակերպության փորձը  սոցիալական ձեռնարկությունների  ստեղծման հարցում:

 

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով իր ելույթում նշեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների լուծման հարցում շատ կարևոր է պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը: Ըստ նրա՝ ցանցը կդառնա մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի խթանել Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների զարգացումը, հանդես գալ հանուն շահավետ հարկային քաղաքականության հաստատման, իրականացնել ֆոնդերի հայթայթում և այլն:

 

Նրա խոսքերով՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանը և այդ առումով մի շարք օրենսդրական, իրավական միջացառումներ են իրականացվել.

 

Ա.Ասատրյանի ներկայացմամբ,   այսօր հաշմանդամություն ունեցող անձանց 7-8 տոկոսն է զբաղված ( Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող շուրջ 200 հազար մարդ, – խմբ):  Նա հիշեցրեց, որ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանվել է  աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ` քվոտա, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար:

 

Ա.Ասատրյանի խոսքերով՝ 2016թ-ից այն պարտադիր է լինելու նաև ոչ պետական կազմակերպությունների համար: Այսպիսով, քվոտայի պահանջը սահմանվում է հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3 տոկոսի, հարյուր և ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար` առնվազն 1 տոկոսի չափով:

 

«Դրան զուգահետ իրականացնում ենք մի շարք ծրագրեր, որպեսզի աջակցենք գործատուներին հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու համար, քանի որ նրանց համար հասարակություն ինտեգրվելու ամենակարճ ճանապարհը  զբաղվածությունն է»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

 

 

Կարևորելով սոցիալական ձեռնարկությունների առկայությունը՝  նախարարը նշեց, որ քննարկումներ են ընթանում, որպեսզի սոցիալական ձեռնարկություններին իրավական կարգավիճակ տրվի և այդ առիթով առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան: Սակայն, ըստ նախարարի, կարևոր է, որ անկախ օրենքի առկայությունից, այսօր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ այդպիսի սոցիալական ձեռնարկություններ են ստեղծվել:

 

Նա նաև նշեց, որ 2016թ. կառավարության որոշմամբ հայտարարվել է Հավասար հնարավորությունների ապահովման տարի, որի շրջանակներում  համատեղ գործնական և  առարկայական քայլեր են նախատեսված իրականացնել:

 

«Պետությունը վերջին տարիներին, իր օրենսդրական նախաձեռնություններում առարկայացրել է այն բոլոր ուղղությունները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ինտեգրվելու համար: Քայլ առ քայլ, խնդիրներին լուծումներ տալով`գնում ենք առաջ: Սակայն շատ կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և այդ անձանց ներգրավվածությունը այդ խնդիրների լուծմանը, քանի որ առանց իրենց ակտիվ մասնակցության այդ խնդիրները չեն կարող առարկայական լուծում ունենալ» – ասաց Ա. Ասատրյանը:

 

 

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանն էլ նշեց, որ կազմակերպությունը Հայաստանում գործում է 21 տարի և արդեն տևական ժամանակ է, ինչ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից աջակցություն ստացող LIFE ծրագրի շրջանակներում 18 սոցիալական ձեռնարկությունների ղեկավարները համագործակցում են ոչ պաշտոնական ցանցի շրջանակներում՝ տարածելով իրենց փորձն ու սովորելով միմյանցից:

 

«Հաշմանդամություն ունեցող աձի համար կյանքը կարող է խոչընդոտներով լի լինել: Խոսքը միայն ֆիզիկական խոչընդոտների մասին չէ, ինչպիսիք են, օրինակ, թեքահարթակների փոխարեն աստիճանները, վերելակների բացակայությունը կամ բրայլյան գրքերի պակասը: Մենք նաև պետք է հիշենք հասարակական նորմերի և սովորույթների դերի մասին, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործել իրենց ողջ ներուժը»,- իր խոսքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավար Մեթյու Յուսընը:

 

Նրա խոսքերով՝ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանում են դառնալ հասարակության լիիրավ անդամներ միայն սոցիալական ինտեգրման,  դասընթացների և հմտությունների զարգացման հնարավորությունների մատչելիության և իրենց իրավունքները պաշտպանող օրենքների կիրառման դեպքում: «Նրանք կկարողանան օգնել իրենց ընտանիքներին, մասնակցություն ունենալ իրենց համայնքների զարգացման աշխատանքներին և կկարողանան հաջողության հասնել ինչպես ֆինանսապես, այնպես էլ տնտեսապես»,- ընդգծեց ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ՝ հույս հայտնելով, որ այս ցանցը հետագայում մեծ առաջընթաց կգրանցի՝ փոխելով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը և վարքագիծը: «Ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ երկրի ողջ տարածքում բոլորը կգիտակցեն, որ յուրաքանչյուրի կյանքը կարևոր է»,- ասաց Մեթյու Յուսընը:

 

Միջոցառման ավարտին  քննարկման մասնակիցները ստորագրեցին  «Սոցիալական ձեռնարկությունների ցանցի» ստեղծման հուշագիրը:

 

Նշենք, որ LIFE ծրագիրն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից՝ «Ակտիվա» միջազգային հիմնադրամի, «Ունիսոն» ՀԿ-ի, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամի և «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության, զբաղվածության կենտրոնների, հաշմանդամություն ունեցող անձանց, ՀԿ-ների, տեղական և մարզային իշխանությունների, ծառայություններ մատուցողների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և գործատուների հետ: Եթե ծրագրի առաջին փուլն իրականացվում էր Երևանում և չորս մարզերում, ապա ներկայիս փուլն ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: Ծրագրի անմիջական շահառուներ են 18-64 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք:

 

Մերի  Մարգարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել». Ճամբարակում բացվեց «ԼԱՅՖ սրճարան» սոցիալական ձեռնարկությունը

 

«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու եւ աշխատելու հնարավորություն է / վիդեո

 

«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով

 

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

 

«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»

 

Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից

 

 

Դիտումների քանակը` 5143

Գլխավոր էջ