«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հստակեցնի իր քայլերը….»
Քաղաքական դաշտն այսօր քննարկում էր նախօրեին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց էպիկենտրոնում, մի կողմից, Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ում քայլերի հաջորդականությունը անհասկանալի է շատերի համար, իսկ մյուս կողմից ժողովուրդը, որն այնուամենայնիվ հստակ պատասխանների է սպասում:
Իրավիճակը facebook-յան իր էջում փորձեց բնորոշել «Ժառանգության» նախկին անդամ Կարինե Հակոբյանը` ընդգծելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել, քանի որ նա գործում թր իր հնաարավորությունների սահմաններում.
«Բոլորս էլ գիտեինք, ոմանք ենթագիտակցորեն, ոմանք որպես ակնհայտ ճշմարտություն, որ այդ օրը որևէ արդյունքի հնարավոր չէր հասնել: Տարօրինակ ժողովուրդ ենք. և առճակատման գնալ չենք ուզում և ուզում ենք, որ իշխանությունները հրաժարական տան: Ինչպես՞: Իսկ Րաֆֆիին ոչ թե հիմա է պետք քննադատել, երբ նա երկու քարի արանքում, չգիտեր ինչ անել, այլ այն ժամանակ, երբ նա, Ազգային ժողովի ընտրություններում իրեն տրված ժողովրդի քվեն, փոխանցեց Թևան Պողոսյանին… Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել: Այդքան են նրա հնարավորությունները: Եվ ամենից կարևորը. չպետք է հուսահատվենք…. Եվ վերջում` բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հուսալքվել, իսկ ոմանք էլ` անգամ գաղթական դառնալ, միայն այն պատճառով, որ հիասթափվել են Րաֆֆիից, 21-րդ դարը ավելի շատ համակարգի դար է, քան` առաջնորդի…. Եվ ուրեմն փորձենք շարժվել այդ ուղղությամբ, որը և Ազատության հրապարակի ճնշում է պահանջում, և բանիմաց ու սկզբունքային քաղաքական գործիչներ»:
Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ էլ` ներքաղաքական զարգացումները` կապված Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժման հետ, իշխանությունը ամենևին էլ լուրջ չէր վերաբերվում և չէր տեղավորում քաղաքական ընդվզման տրամաբանության մեջ, այլ դիտարկում իբրև դժգոհ մարդու վարք.
«Ակնհայտ է, որ Ր.Հովհաննիսյանն ընտրել է մեր քաղաքական դաշտի համար նոր ձև` արժեքների շուրջ շարունակ բարձրաձայնելը: Ես հաճախ եմ մտածում, որ այն իսկապես կարող է նոր որակ տալ մեր հասարակական ընդվզման ձևերին, որովհետև մենք, թվում է, բավականին ակտիվ էինք, թե քաղաքացիական շարժումները, թե մինչ այս եղած քաղաքական ընդդիմությունը կոնկրետ իրադրության շուրջ իր դժգոհությունների կամ պահանջների դրսևորումներով: Իսկ հիմա հակառակը` զուսպ և արժեքային է: Եթե բարոյական ու արժեհամակարգային ընդվզման ձև է առաջարկվում, գուցե դրական էֆեկտ տա երկարաժամկետում, ինչը կասկածելի է` հետևելով մեր հասարակության զարգացումներին: Բայց ակնհայտ էր, որ ինքը ուղղակի իմաստով չէր ազդելու դեպքերի վրա. գուցե և պարոն Հովհաննիսյանը ընտրել էր, որ հենց հիմա և հենց այսօր չպետք է ազդի դեպքերի ընթացքին` ես դա չգիտեմ»:
«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ, ով իր անհամաձայնությունը Ր. Հովհաննիսյանից հայտնեց դեռևս մեկ տարի առաջ, երբ վերջինս որոշում կայացրեց «Ժառանգությանը» և «Ազատ դեմոկրատների » միասնական ցուցակի մասին, վստահ է` կուսակցապետին պակասում էր բազմությանը կառավարելու փորձը.
«Պետք է նկատի ունենալ, որ կարող են հայտնվել և´ առանձին նախաձեռնողներ, և´ սադրիչներ, կարող է հայտնվել նաև քո հակառակորդը: Դա պետք էր անպայման հաշվի առնվեր: Բայց ես ուրախ եմ, որ իմ կանխատեսումը, որ մարտիմեկյան իրադարձությունները չեն կրկնվի, իրականացավ»,- մեկնաբանելով երեկվա դեպքերը հայտարարել է նա:
Լ.Ալավերդյանը նաև կարծիք է հայտնել, որ նման բողոքի ակցիաները պետք է անպայման նախապես կազմակերպել, որոշակի խումբ պետք է լավ իրազեկված լինի, թե ինչ է նախապատրաստվում: Այլապես` «այդ նույն վայրում, այդ վիճակում տարբեր նախաձեռնություններով հանդես գալը առնվազն անկառավարելիության վտանգներ է իր մեջ պարունակում»: Հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանը դեռևս փետրվարին կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հստակեցնի իր քայլերը….
Նշենք, որ գրեթե բոլոր քաղաքական գործիչները, ովքեր այսօր իրենց մեկնաբանությունները հնչեցրեցին, միակարծիք էին մի հարցում` ապրիլի 12-ին կայանալիք հերթական հանրահավաքում, որի մասին նախօրեին հայտարարել էր «Ժառանգության» առաջնորդը, հստակ կերևա` ինչպիսին է ժողովրդի գնահատականը կատարվածի վերաբերյալ…
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 2931