«Տղա պետք է ունենաս` թեկուզ մեռնելով…»

 «Դու աղջիկ ես, կամաց խոսա… Մամա, դու աղջիկ ես, քեզ չի կարելի… Մենք միայն տղաներով ենք գնալու` ես, պապաս, պապիկս… Ախպերներով նկարվենք, թող Հասիկը չգա մեզ հետ…»,- այս ու նման նկատողություններ 3.5 տարեկան տղաս վերջերս է սկսել անել: Չեմ ուզում մեղքը բարդել դաստիարակների վրա, բայց մանկապարտեզ գնալուց հետո է սկսել ու հենց ընկեր Մելինեի տոնով էլ սաստում է…

 

Երեխայի այս խոսքերին ուշադրություն երևի չդարձնեի էլ, եթե մի քանի օր անց մեր Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող պոլիկլինիկաններից մեկում չլսեի գինեկոլոգ բժշկուհու պատմությունները` իր հաճախորդ հղի  կանանց  մասին:

 

Սովորականի պես կոնսուլտացիայի էի գնացել: Բժիշկն էլ, մանկաբարձուհին էլ անտրամադիր են, հաճախ հոգոցներ էին արձակում: «Բա՞ն է պատահել»,-հարցրի: Մանկաբարձուհի Մարինեն սկսեց. «Դոկտըր, ախր, չեմ պատկերացնում ոնց կարելի՞ է»…
«Անգրագետ, անկիրթ ընտանիք է: Ուրեմն էս աղջիկը շատ ծանր է տանում հղիությունը, ոտքերն ուռած են, ոչինչ չի կարողանում ուտել: Պատկերացնում եք, էն օր մի գդալ  թթվասեր է կուլ տվել, զանգել ուրախացած ասում է, բժիշկ, լավ բան է եղել, սմետան եմ կարողացել ուտել: Առավոտ եկել է կոնսուլտացիայի: Տեսնում եմ, ահավոր տխուր է, հուզված, խոսել չի կարողանում: Հարցնում եմ, ինչ է եղել, պատասխանում  է` ոչ մի բան…  Վերջը պատմեց, որ սկեսուրն ասեց, վեր կաց, պատուհանները մաքրի:  Հրաժարվել է, ասելով ՝  վատ եմ, չեմ կարող: Հետո ամուսինն է եկել, մայրը  բողոքել է, տղան էլ ծեծել: Խեղճի վրա հալ չկար, ապշած եմ», – վրդովմունքով  պատմեց  բժշկուհին:

 

Հավատս  չէր գալիս՝ «միթե՞  հիմա էլ ըտենց բաներ կան»:  Բժիշկն արձագանքեց` արի, գնանք: Մտանք սոնոգրաֆիայի կաբինետ: Մի նիհար, սփրթնած կին է պառկած: Բժիշկներից մեկը լարված ուսումնասիրում է: Պրոցեսը վերջացավ, աղջիկը թույլ ոտքի կանգնեց, մտածեցի` ուր որ է կընկնի: «Վտանգում ես առողջությունդ: Քեզ չի կարելի: Հղիության 3 ամսում 68 կիլոգրամից 62 ես դարձել: Պետք չի, մի վտանգիր քեզ»,-խորհուրդ տվեց բժիշկը: «Պետք է»,-նվաղ ձայնով կարճ պատասխանեց կինը:

 

Պարզվեց երկու աղջիկ ունեն, երրորդին են սպասում: Տղա է ծնվելու: «Մեզ տղա է պետք»,-ասել է ամուսինն բժշկի նախազգուշացումները լսելուց հետո ու մի կողմ քաշվել: Կինն էլ ամեն գնով պետք է տղա բերի…

 

Մի քանի նման պատմություններ էլ  արդեն մյուս բժշկի սենյակում լսելուց հետո դուրս եկա:  Հասկացա, որ բանականությունս  հրաժարվում է  ընկալել  դրանք, որ չգիտեմ ինչպես կարելի է օգնել այդ կանանց, չգիտեմ որտեղից են սկիզբ առնում  նրանց նկատմամբ այդքան դաժան վերաբերմունքի պատճառները…  Մտածեցի, գուցե՞ «ընկեր  մելինեներն»  են  մանկուց  սերմանում, չկասկածելով նույնիսկ , ինչքան դառը կարող են լինել նրանց  խրատների   պտուղները:

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 4362

Գլխավոր էջ