«Տղաներին ծնողները ուզում են լավ մասնագիտություն տալ, իսկ աղջիկներին… ամուսնացնեն»…
Չնայած ընդունված է ասել, որ հայ հասարակության մեջ արմատավորված է կրթության նկատմամբ հատուկ վերբերմունքը, սակայն կան ծնողներ, որոնք իրենք են դառնում դպրոցներից երեխաների դուրս մնալու պատճառը. փաստում են Օքֆամի հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանի 4 մարզերում Տավուշում, Սյունիքում, Լոռիում, Վայոց ձորում անցկացված «Կրթություն հասանելիության գենդերային ասպեկտները» հետազոտության արդյունքները:
Թեպետ Հայաստանի ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ծնողները պարտավոր ն ապահովել երեխաների կրթություն ստանաալը: Սոցիալական անապահովությունը միշտ չէ, որ նման որոշման հիմքում է լինում:
«Ուսուցիչների, դասարանի ծնողների, տարբեր ՀԿ-երի աջակցությամբ լուծում են հագուստի, գրենական պիտույքների հարցերը, սակայն երեխային միևնույն է դպրոց չեն ուղարկում: Այսինքն ընտանիքի ընդհանուր դիրքորոշում է դա, կրթությունը չեն կարևորում կամ էլ այլ պատճառներ ունեն, որ այդպես են վարվում», – պատմում է կրթության խնդիրներով զբաղվող ՀԿ-ի ներկայացուցիչը:
Հետազոտության ընթացքում բացահայտվեցին դեպքեր, երբ ծնողները արգելում են աղջիկներին ուսումը շարունակել: Որպես կանոն այդ հարցում պետական մարմինների միջամտելու միջոցները սահմանափակ են կամ ոչ արդյունավետ.
« Ջաջուռ գյուղում ապրում էր մի ընտանիք, որի հայրն անընդհատ հարբում էր, ծեծում կնոջն ու երեխաներին` 2 աղջիկ, 1 տղա: Հայրը չէր թողնում, որ աղջիկները դպրոց գնան: Մեզ հաջողվեց կնոջն ու աղջիկներին 3 ամսով տեղափոխել բռնության ենթարկված կանանց ժամանակավոր կացարան, նրանց հետ առանձին աշխատել: Մայրն իր աղջիկներ հետ հետագայում տեղափոխվեցին Երևան, աղջիկներն ավարտեցին գիշերօթիկ դպրոցը», – պատմում է կանանց ՀԿ-ի ներկայացուցիչը:
«Աղջիկ երեխաների ուսումն խոչընդոտող պատճառները ընտանիքի հետամնաց մտածելակերպի և այլ դոգմատիկ ընկալումների արդյունք են, որոնք ցավոք գյուղական համայնքներում դեռևս խորը արմատներ ունեն, ասենք, որ աղջիկը չպետք է , սովորի , նստի տանը և այլն , տղայի պարագայում նման սահամանփակումներ չեն դնում», – նշում է փորձագետը;
ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված է, որ աղջիկների և տղաների ամուսնության ստորին շեմը 18 տարեկանն է: Սակայն հատկապես գյուղական վայրերում աղջիկների վաղ ամուսնությունը դպրոցը չավարտելու պատճառ կարող է հանդիսանալ:
«…Աղջիկների պարագայում ունեցել ենք ամուսնանալու դեպքեր 12-րդ դասարանում: Տղաները կամ Ռուսաստան են գնում, կամ չեն ուզում սովորել, կամ արհեստ են սովորում»…
«…Մեր գյուղի դպրոցի միակ թերությունն այն է, որ աղջիկները շուտ են ամուսնանում: Տղաներին ծնողները ուզում են լավ մասնագիտություն տալ, իսկ աղջիկներին… ամուսնացնեն»:
Վաղ ամուսնության դեպքում ուսումը շարունակելու հավանականությունը խիստ կասկածելի է դառնում, հատկապես եթե հղիության հարց է առաջանում: Նման դեպքերը շատ չեն, սակայն նույնիսկ եթե աղջիկը ցանկանում է շարունակել ուսումը շրջապատը և դպրոցը պատրաստ չեն ընդունելու նրան աշակերտի կարգավիճակով:
«Աննան 11-րդ դասարանում է սովորում, նրան մարզկենտրոնից էին տեղափոխել մեր դպրոց, քանի որ այդտեղի դպրոցի տնօրենը դեմ էր, որ 16 տարեկան ամուսնացած և երեխայի սպասող աղջիկը սովորի մյուս երեխաների հետ, ասում էր՝ վատ օրինակ կծառայի: Մեր դպրոցի երեխաները սկզբում վատ էին նայում, չէին շփվում, բայց Աննան լավ սովորող աշակերտ է և կարողացավ իր մասին կարծիքը փոխել: Սա առաջին դեպքն է իմ մանկավարժական պրակտիկայում, որ աշակերտուհին նման կարգավիճակում դպրոց է հաճախում: Բայց երջանիկ ընտանիք է կազմել, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, – պատմում է դպրոցի ուսուցչուհին:
Աղջիկների կրթության տեսակետից խնդրահարույց են հատկապես ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները՝ մալականների և եզդիների համայնքները: Օրինակ, մալականների մոտ դեպքեր են արձանագրվել, որ երեխաներին տարրական դպրոցից հետո են արգելում սովորել, ծնողները դա բացատրում են նրանով, որ իրենց երեխաներին ավելին պետք չէ:
« Ասում են, տառաճանաչ են, գրել, կարդալ գիտեն, դա իրենց հերիք է: Խուլիգանություն չեն անում, օրենք չեն խախտում, նրանք օգնում են հող մշակելու, անասնապահական գործերում: Եվ երբ ես փորձել եմ միջամտել, ինձ նույնիսկ մեղադրել են ազգային, կրոնական փոքրամասնաությունների վրա ճնշում գործադրելու մեջ», – պատմում են մեր զրուցակիցները:
Իսկ եզդիների մոտ աղջիկները դպրոց են հաճախում մինչև 14-15 տարեկան, հետո ծնողները հանում են դպրոցից, համարվում է, որ «այդ տարիքի հասուն աղջիկը ամոթ է, որ դպրոց գնա»: Նման դեպքերում համայնքի վրա ներազդելու շատ քիչ հնարավորություններ կան, քանի որ ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք»: Արդյունքում եզդիական համայնքներում մշակութային ավանդապահությունը նպաստում է երեխաների թերի կրթությանը:
Ըստ «Կրթություն հասանելիության գենդերային ասպեկտները» հետազոտության,
Օքֆամի հայաստանյան գրասենյակ 2014 թ
Լուսանակարը՝ Լիլիան Գալստյանի «Մեր աղջիկները» շարքից
Դիտումների քանակը` 3498