«Վստահե՛ք կանանց ներուժին, նրանց գիտելիքներին ու կարողություններին».

Հռչակվեց  «կանանց օրակարգը» 2016-ի ՏԻՄ ընտրություններում 

Հունիսի 30-ին  Երևանում կայացած  «Կանանց օրակարգը տեղական ինքնակառավարման մարմինների 2016 թվականի ընտրություններում» հանրապետական համաժողովին մասնակցեցին  ավելի քան 70 կին  ավագանու անդամներ և համայնքի ղեկավարներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից: Նրանց թվում էին նաև կանայք, ովքեր մտադրություն ունեն առաջադրվելու այս տարվա  ՏԻՄ ընտրություններումֆորումը  կազմակերպվել էր  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից, նպատակն էր    քննարկել  այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են   կանայք՝ ոչ միայն մասնակցելով քաղաքական գործընթացներին, այլև ուղղակի որոշում կայացնելով մասնակցություն ունենալ դրանցում:

 

Համաժողովը  ներկայացուցչական էր նաև բանախոսների առումով ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԱԺ  Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ  Արայիկ Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդի ընտրությունների աջակցության և մարդահամարի բաժնի ներկայացուցիչ Կորնելիա Պեռլեն:

 

Համաժողովի մասնակիցները համակարծիք էին , որ կանանց  ներկայացվածության ընդլայնումը   տեղական իշխանության մակարդակում  ոչ միայն ժողովրդավարության և ՏԻՄ համակարգի հետագա զարգացման գրավականն է,   այն  կարևոր է   որոշումների ընդունման մշակույթի,   որոշումների բովանդակության և որակի փոփոխության տեսակետից:

 

«Ոչ մի երկիր, ունենալով կանանց այսպիսի ռեսուրս, չպետք է հրաժարվի դրանից»

 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը ՝ նշելով, որ Հայաստանի ազգաբնակչության 51,8 տոկոսը կանայք են, բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների 60 տոկոսից ավելին կանայք են, մտահոգություն հայտնեց, որ կանանց այդ ռեսուրսն մեր երկրի կառավարման ոլորտում , ըստ էության,  չի օգտագործվում:

 

«Ավագանիներում ունենք կանանց մասնակցության ընդամենը 9 տոկոս, այսինքն ամեն ավագանու անդամից 10-ից մեկն է միայն կին, իսկ խոշոր քաղաքներում մենք չունենք կանանց մասնակցություն ավագանիներում: Հայաստանի վերջին 20 տարիների պատմության մեջ չի եղել ոչ մի կին քաղաքապետ, այդ թվում և չենք ունեցել փոխքաղաքապետներ: Վերջին 18 տարիների ընթացքում նաև Երևանի քաղաքապետը կին տեղակալ չի ունեցել: Եվ սա ոչ թե կանանց խնդիրն է, այլ երկրի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիր, որի մասին պետք է մտածել»,-ընդգծեց նա:

 

Նա հատկապես  կարևորեց  կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման  առումով   առաջիկա  ժամանակահատվածը,  քանի որ Հայաստանում տեղի են ունենալու ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններ:

 

«Վերջերս ընդունված Ընտրական օրենսգրքով ամրագրվեց, որ այս  փուլում համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնել Հայաստանի ևս երկու քաղաքաներում՝ Գյումրիում և Վանաձորում: Այսինքն, կգործեն քվոտաներ, կուսակցությունները պարտավորված կլինեն իրենց ցուցակներում ներկայացնել կանանց՝ ամեն քառյակում   մեկ կին: Սա խնդիր է դնում կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար՝  պատրաստել կանանց այդ գործընթացներին:  Մենք  գտնում ենք  նաև,  որ այն քաղաքներում, որտեղ 40 հազարից ավելի բնակչություն կա` Հրազդան, Աբովյան և այլն, ընտրությունները ևս համամասնական ընտրակարգով անցկացվեն և աշխատելու ենք այն ուղղությամբ»,- հայտարարեց նա:

 

 

«Կանայք նույնքան խելացի են, նույնքան ուժեղ են և նույնքան սկզբունքային են, որքան և տղամարդիկ»…

 

Եվրոպայի խորհրդի ընտրությունների աջակցության և մարդահամարի բաժնի ներկայացուցիչ Կորնելիա Պեռլեն ևս անդրադարձավ   վիճագրական տվյալներին և  խոսեց  ՏԻՄ-րում  կանանց ոչ բավարար ներկայացվածությունը պայմանավորող պատճառների մասին:  Նա, մասնավորապես, նշեց, որ չի  կարծում, թե  կանայք ավելի խելացի են, ավելի ուժեղ են, քան տղամարդիկ, բայց ինքը հաստատ վստահ է, որ կանայք նույնքան խելացի են, նույնքան ուժեղ են և նույնքան սկզբունքային են, որքան և տղամարդիկ: Միևնույն ժամանակ, սակայն, իրականությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի քիչ վարձատրվող աշխատանք ունեն, ավելի դժվարությամբ են գտնում աշխատանք, քան տղամարդիկ, նրանք  քիչ են որոշում կայացնող դիրքեր զբաղեցնոմ, նրանց ներկայացվածությունը քաղաքական ղեկավար պաշտոններում  ցածր է …

 

«Իրավիճակն այսպիսին  է աշխարհի շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում: Ուսումնասիրությունները Արևելյան Եվրոպայի երկրներում և Հայաստանում ցույց են տալիս, որ փորձառու, գիտակ կանանց պակաս իրականում չկա, սակայն կան բավականին զգալի խոչընդոտներ կանանց քաղաքական մասնակցության համար: Արդյունքում  կանանց մասնակցությունը ավելի ցածր է, քան տղամարդկանցը նույնիսկ այն դեպքերում, եթե օրենքը չի ստեղծում  դրա հիմքերը»,- նշեց  Կորնելիա Պեռլեն:

 

Նրա խոսքով,  խտրականությունը  պայմանավորված է նաև կարծրատիպերով ու կանխակալ մոտեցումներով, որոնք կանանց թույլ չեն տալիս բավականաչափ վստահ լինել, իսկ հասարակությանն էլ թույլ չեն տալիս հավատալ, որ կինը կարող է ղեկավարել, այդ թվում և երկիրը: Տարածված կարծիք կա, մատնանշեց նա, որ կանանց տեղը տանն է, ընտանիքում  և որ կանայք ի վիճակի չեն երկիր կառավարել: Այս վերաբերմունքը և պատկերացումները, ըստ Պեռլեի,  իհարկե թերի են, բայց հենց դրանք թույլ չեն տալիս քաղաքական կուսակցություններին կանանց դիտարկել որպես թեկնածուներ:

 

Հաջորդ խնդիրը, որ խանգարում է կանանց առաջխաղացմանը, ըստ եվրոպացի բանախոսի, ֆինանսական միջոցների պակասն է : Հասարակության շրջանում առկա կարծրատիպերից հետո ֆինանսական միջոցները լուրջ խոչընդոտ են հանդիսանում կանանց մասնակցության համար և այդ խնդիրը գոյություն ունի նաև Հայաստանում:

 

«Իշխանությունները և կուսակցությունները պետք է մտածեն կանանց ֆինանսապես աջակցելու մասին, նաև աջակցություն ցուցաբերեն ընտրված կանանց, կուսակցությունները պետք է խորհրդակցեն նաև կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ և կանանց խնդիրները ներառեն իրենց ծրագրերում: Բոլոր կարծրատիպերը պետք է հանրորեն մերժվեն» ,- շեշտեց նա: Պեռլեն հավելեց, որ, բարեբախտաբար, աշխարհում կանանց մասնակցության մասով վերաբերմունքը գնալով փոխվում է, դա նկատելի է հատկապես երիտասարդության շրջանում, բայց անելիք դեռ շատ կա:

 

 

«Կանայք որպես համայնքի ղեկավարներ  աշխատում են ամենաբարդ համայնքներում»

 

Համաժողովին իր մասնակցությունը բերեց նաև Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս հատկապես  կարևորեց տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց դերը՝ ընդգծելով, որ ավագանին առաջին այն աստիճանն է, որն անհրաժեշտ է քաղաքական հետագա կարիերայի համար, տեղական իշխանությունը այն տեղն է,  որտեղ մարդիկ գիտելիքներ ու փորձ են ձեռք բերում: «Հայաստանում քիչ են կին համայնքապետերը, քիչ են նրանք նաև ավագանիներում, բայց վիճակագրությունը  ցույց է տալիս, որ կանայք որպես համայնքի ղեկավար աշխատում են ամենաբարդ համայնքներում, որոնք ունեն սահմանափակ ռեսուրսներ ու ահռելի խնդիրներ: Եվ հենց այն համայնքներում, ուր ղեկավար լինելու համար տղամարդիկ այդքան էլ մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում: Մինչդեռ կանայք կարողանում են արդյունավետ աշխատել»,- նշեց նա:

 

Հերմինե Նաղդալյանը կարևորեց կանանց մասնակցությունը նաև կուսակցական կյանքում, սակայն ,  նրա խոսքով, միայն կուսակցության շարքերում ակտիվ լինելը բավարար չէ և կանայք պետք է ձգտեն ակտիվանալ նաև հանրության աչքերում: Հենց դա է, որ նրանց կօգնի հաջողության հասնել ընտրություններում ու լինել մրցունակ:

 

Այս առումով նա ընդգծեց նաև, որ հասարակական սեկտորը քաղաքական գործիչների համար կարևորագույն սնուցող միջավայրն է, որի հետ շփումները թույլ են տալիս քաղաքական գործիչներին տեղեկանալ խնդիրներից և զբաղվել դրանց լուծումներով:

 

Անդրադառնալով  նոր Ընտրական օրենսգրում  կանանց մասնակցության ընդլայնման առումով  արված փոփոխություններին, նա  նշեց այն փաստը,  որ քվոտան այլևս պաշտպանված է. «Այսուհետ յուրաքանչյուր կին, ով կհանձնի իր մանդատը, վստահ կարող է լինել, որ նրան կփոխարինի կուսակցական ցուցակից հաջորդ կինը, ինչն անչափ կարևոր է ու մշտապես բարձրաձայնվում էր կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից»:

 

Նա նաև հավելեց,  որ  «իշխանությունը քաղաքական կամք է դրսևրում նաև, որպեսզի ոչ միայն ընտրովի, այլև նշանակովի պաշտոններում կանայք ներկայացված լինեն և այս կոնտեքստում դրական դինամիկան տեսանելի է»:

 

 

«Սխալ է  սպասել, որ կանանց կհրավիրեն քաղաքականություն»

 

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Թամար Պողոսյանի կարծիքով,   Հայաստանում կանանց մասնակցության հետ կապված խնդիրները ոչ միայն չեն լուծվում այն արագությամբ, ինչը պահանջում է ժամանակակից զարգացող աշխարհը, այլև օր օրի ավելանում են: Նրա խոսքով, սխալ է այն պասիվ սպասողական վիճակը, թե մի օր իրավիճակ կփոխվի, ինչ-որ դռուռ կբացվի և կանանց կհրավիրեն քաղաքականություն. սա, ըստ Պողոսյանի, պարտվողական մոտեցում է:

 

«Կինը ինքը պետք է ունենա նախաձեռնողականություն մասնակցելու քաղաքական գործընթացներում՝ հետագայում նպատակ դնելով, որ պետք է ունենա հաջողություն և հաղթանակ: Դա երկարատև գործընթաց է: Այնումենայնիվ,  կնոջն  դժվար է  միայնակ հաղթահարել  այդ խոչընդոտները, միակ արդյունավետ ու իրատեսական մեխանիզմը, որ կնոջը կբերի հաջողության, կանանց ներգրավվածությունն է կուսակցություններում: Հասարակական աջակցությունն էլ է անչափ կարևոր, որովհետև եթե միայն կուսակցության ներքին հարցերը լուծելով զբաղված լինես, ապա  հանրության աջակցությունը չես ստանա: Մենք պետք է բավարարվենք ոչ միայն մասնակցությամբ, այլ մասնակցությունից հետո էլ մինչև վերջ պետք է պայքարենք այդ գործընթացներում մնալու համար»,- հավելեց իր խոսքը Թամար Պողոսյանը:

 

 

«Նախարարությունը ձեր կողքին է»…

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկաներին ուղղված իր խոսքում ընդգծելով հասարակության զարգացման գործընթացներում կանանց ակտիվ մասնակցության կարևորությունը, նշեց, որ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում զգալի դերակատարում պետք է ունենան կանայք: Այդ առիթով նա կարևորեց  կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացման անհրաժեշտությունը: Նախարար Լոքյանը նշեց նաև, որ տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային հավասարակշռության ապահովման հիմնախնդիրները մշտապես գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: «Նախարարությունը ձեր կողքին է, և մենք ցանկացած հարցում փորձելու ենք ուղղակի կամ անուղղակի միջամտելով օգտակար լինել ձեր քաղաքական գերակշռությունն ապահովելու հարցերի լուծմանը»,- ասաց  նախարար Դավիթ Լոքյանը:

 

 

«Դիմում ենք երկրի ընտրողներին» 

 

Համաժողովն ավարտեց իր աշխատանքները համատեղ ուղերձի ընդունմամբ, որն էլ,  ըստ էության,  2016-ի ՏԻՄ ընտրություններում կանանց օրակարգն է հանդիսանում:

 

Ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում կանանց ներկայացվածության ավելացման, համայնքների կառավարման գործընթացներում նրանց մտավոր ներուժի լայն ընդգրկվածության ապահովման խնդիրները ներկա փուլում առավել արդիական և կարևոր բնույթ են ստանում:

 

«Կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին նպաստել տեղական մակարդակում քաղաքականության մեջ կանանց մասնակցության ընդլայնմանը՝ խթանելով հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում կին թեկնածուների առաջադրումը և աջակցելով նրանց ընտրական գործընթացներում:

 

Դիմում  ենք երկրի ընտրողներին.

 

վստահե՛ք կանանց ներուժին, նրանց գիտելիքներին ու կարողություններին: Ձեր ձայնը տալով կին թեկնածուներին՝ դուք կնպաստեք համայնքների կառավարման մակարդակում ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը բնակչության բոլոր խմբերի շահերի հաշվառմամբ: Անհրաժեշտ գիտելիքներ ու փորձառություն ունեցողկանանց մասնակցությունը կնպաստի համայնքների զարգացմանը և ողջ հասարակության առաջընթացին:

 

Մենք` համաժողովի մասնակիցներս, համոզված ենք, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված կանանցից և տղամարդկանցից է մեծապես կախված մեր երկրի հետագա զարգացումը»:

 

Լիա Խոջոյան

 

Հ.Գ.  Նշենք , որ համաժողովն անցկացվեց  Եվրոպայի խորհրդի աջակցությամբ  իրականացվող  «Տեղական ժողովրդավարության կայացման հեռանկարները Հայաստանում. Կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը տեղական ինքնակառավարման մարմինների 2016 թվականի ընտրություններում» ծրագրի շրջանակում:

 

Դիտումների քանակը` 3400

Գլխավոր էջ