«Վարքի շեղումով աղջիկների համար «գիմնազիաներ» են անհրաժեշտ»…

Սխալ է որակել   վարքի շեղում ունեցող աղջիկներին որպես « մարմնավաճառությամբ զբաղվող  անչափահասներ», այսպիսի կարծիք հայտնեց  WomenNet-ի հետ զրույցում քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: «Չասենք մարմնավաճառ, բայց այո` ունենք աղջիկներ, որոնք վարքի շեղում ունեն: Ի դեպ, կան դեպքեր, երբ այդ ճանապարհին կանգնած աղջիկներին որակում են իբրև անչափահաս, ելնելով նրանց արտաքին տվյալներից, բայց իրենք չափահաս են»,- նշեց   նա:

Մեր զրույցը անչափահասների գործերով բաժնի պետ՝ Նելլի Դուրյանի հետ  կայացավ պետական մարմինների ու մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ  օրերս կազմակերպված խորհրդաժողովի շրջանակներում , որի  նպատակն էր երեխաների իրավունքների ոլորտի խնդիրները և ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016թ.թ. ռազմավարության նախագծի համատեղ քննարկումը:

 

Այս ծրագրի համատեքստում Նելլի Դուրյանը հատկապես կարևորում է իրավախախտ դեռահասների համար համայնքային վերականգնողական կենտրոնների ստեղծումը Հայաստանի բոլոր համայնքներում: Պատրաստվում է  առաջարկությամբ հանդես գալ՝ այն Ազգային ծրագրում ներառելու նպատակով:  Խոսքը հատկապես   12-18 տարեկան վարքի շեղում ունեցող աղջիկների մասին է, որոնց  համար, իր կարծիքով, պետք է  ստեղծել  վերականգնողական հաստատություն՝ նախկինում գործող գիմնազիաների տրամաբանությամբ:

 

«Նման հաստատություն ունենալու անհրաժեշտությունն այսօր իսկապես մեծ է` այն հնարավորություն կտա վարքի շեղում  ունեցող աղջիկների հետ վերադաստիարակման ու վերականգնողական աշխատանքներ տանել», – ասում է Դուրյանը:

 

Ներկայումս  Հայաստանում գործում է 15 վերականգնողական համայնքային կենտրոն, այդ թվում ՀԿ-ների կողմից  ստեղծված , որոնք  աջակցում են իրավախախտում կատարած եւ բռնության  ենթարկված երեխաներին: Բայց, նախ դրանց թիվը բավարար չէ, բոլորին օգնելու համար, երկրորդը, շատերը որոշակի ժամկետով են աշխատում: Դրա համար էլ,  ինչպես շեշտում է Դուրյանը,  վարքի շեղում ունեցող դեռահաս աղջիկների և տղաների համար առանձին կենտրոններ պետք է ստեղծել, որտեղ նրանց հետ հատուկ պատրաստված մասնագետներ կաշխատեն, հատուկ պայմաններում  ու երկարատեւ:  Ոչ միայն գործող վերականգնողական կենտրոնները, այլ  Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրը, նրա կարծիքով, նմանատիպ երեխաների խնդիրը չեն կարող լուծել,  այդ իսկ պատճառով պնդելու է իր առաջարկը, չնայած այն հավելյալ ծախսեր է պահանջելու: Բայց երեխաները այն դեպքը չեն, որ խնայողությունն արդարացված է…

 

Օգտվելով առիթից, խնդրեցինք նաեւ իրավախախտ անչափահասների մասին վերջին վիճտվյալները ներկայացնել: Գնդապետի տեղեկացմամբ, վերջին տարիներին հայաստանցի անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների աճ, բարեբախտաբար, չունենք: Ավելին` այս տարվա առաջին չորս ամիսների վիճակագրությունն էլ վկայում է, որ առկա է այդօրինակ հանցագործությունների թվի նվազում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 32 էպիզոդով պակաս է:

 

Մեր զրուցակցի խոսքերով, հիմնական հանցագործությունները, որ կատարվում են անչափահասների կողմից կողոպուտն ու գողությունն են, նաև` թեթև մարմնական վնասվածքներ հասցնելը: Աղջիկ-իրավախախտներ  ևս կան, բայց նրանց թիվը միշտ փոքր է եղել:

 

«Կարծում եմ յուրաքանչյուր դեպք, որ կապված է անչափահասի հետ արդեն իսկ լուրջ է»,- ասում է  Նելլի Դուրյանը,  ավելացնելով, որ ծանր հանցագործությունների թիվը գրեթե զրոյի կարելի է հավասարացնել` սպանություն չկա, սպանության փորձ` ևս:

 

Սակայն որքան էլ դրական միտումներ ներկայացած չլինեն պաշտոնական վիճակագրությունով, փաստը մնում է փաստ` անչափահասները ոչ միայն հանցագործություններ են կատարում, այլև հետագայում ևս կանգնում են այդ փշոտ ճանապարհին:  «Ճիշտ է, թիվը փոքր է ու կարծես նվազման միտում ունի, բայց ցավոք ունենք կրկնազատազրկման դեպքեր ևս»,- հավելեց Ն.Դուրյանը:

 

Հիշեցնենք, 2010 թվականին գրանցվել է 452 անչափահասի կողմից իրականացված 509 դեպք, իսկ անցյալ  տարի` 2011-ին գրանցվել է 527 դեպք :

 

   Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 5299

Գլխավոր էջ