«Վարդագույն սարյակից մինչև Թեղուտ»

Երբ հանդիպեցի Սիլվա Ադամյանին, նա  Մարդու Իրավուքների պաշտպանության գրասենյակից էր գալիս: Վերջերս ԱԺ-ում ընդունված օրինագծով Սևանա լճից 320մլն խորանարդ մետր ջուր պետք է բաց թողնվի` ջրելու մոտակա ցանքատարածքները: Բնապահպանները դեմ են այդ որոշմանը, իմ զրուցակիցը՝  նույնպես: Նա  երկար ժամանակ զբաղվում է Հայաստանում կանաչ տարածքների պահպանմամբ, հիմնադրել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿն, այժմ Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ է:

 

–         Մենք հիմա խնդիր ունենք: Սևանա լճից ջրբացթողնման նախագիծ կա, որը կիսով չափ արդեն կատարված է, բայց հանրային լսումներ չեն եղել: Հանդիպել էինք կառավարության ներկայացուցիչների հետ ՄԻՊ գրասենյակում` պարզելու դրա պատճառը: Մի քանի նամակներ ենք ուղղել պատկան մարմիններին, այդ թվում նաև ԱԺ նախագահին, ով խախտելով օրենքը մինչև այժմ չի պատասխանել մեզ:

 

Այսօր մեկ այլ լուրջ խնդիր ևս ունենք: Վերջերս ահազանգ ստացանք Մարիամ Սուխուդյանից, որ Խոսրովի անտառում կառուցապատում են կատարում: Պարզվեց, որ ճանապարհ են կառուցում: Ըստ բնապահպանության նախարարության բացատրությունների դա հակահրդեհային ճանապարհ է: Հիմա նախարարությունից մեզ զանգահարեցին ու ասացին, որ նախարարը ցանկանում է հանդիպել մեզ, պայմանավորվեցինք միասին այցելել ու տեղում փորձել բանակցել խնդրի շուրջ:

 

Երբ ավելի երիտասարդ էինք ավելի շատ ու ավելի բուռն  էինք մասնակցում ակցիաներին՝ պառկում էինք  տրակտորների տակ, որպեսզի չավերեն կանաչ տարածքները: Այդ ճանապարհը անցած լինելով` այժմ   փորձում ենք կառավարության հետ բանակցության դաշտ դուրս գալ:

 

–         Այդ ճանապարհին ո՞րն է եղել ձեր առաջին ակցիան

–         Ես նաև «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական կազմակերպության նախագահն եմ  և երկար տարիներ է, ինչ աշխատում եմ երեխաների հետ: Այն ժամանակ դեռ Երևանում նոր էին սկսվել ծառահատումները:

 

Առաջին ակցիան թռչնասերների խմբի հետ արեցինք Հաղթանակի այգում:10-13 տարեկան երեխաները ինքնակամ ու ինքնաբուխ պաշտպանում էին բնությունը: Նրանք պատ էին կազմել  տրակտորների դեմ ցուցանակներով ու միանման հագուստներով ու չէին թողնում ծառահատել իրենց սիրելի այգին: Այդտեղից սկսվեց կանաչ տարածքների պաշտպանությունը: Դա 2003 թվականն էր…

 

 

–         Այն ժամանակ հասարակությունն ավելի կոնսերվատիվ էր, ինչպե՞ս էին վերաբերվում ձեր ակցիաներին:

 

–         Սարսափելի: Մի անգամ արտակարգ իրավիճակների վարչությունից զանգեցին ինձ. « Տիկին Ադամյան,  Ձեր քիթը չխոթեք ավելորդ գործերի մեջ» : Դա այն ժամանակ էր, երբ մենք պաշտպանում էինք կամերային տան այգին, որտեղ ուզում էին գիշերային ակումբ կառուցել:

 

Երբ գնում էինք հանքերի շահագործումներն արգելելու, բոլորս իրական վախ էինք ապրում, ինչ ասես կարող էր պատահել մեզ հետ: Բայց անցանք այդ ճանապարհը:

 

Ճիշտ եք, այսօրվա հասարակությունն ավելի առաջադեմ է դարձել,  բայց այժմ  ես  նկատում եմ, որ  ակտիվ երիտասարդության մեջ մի քիչ գռեհկություն կա: Գուցե դա էլ իրենց աշխատելու  ձևն է, բայց մենք այդպես չէինք,  դրա համար մեզ ընդունել են, մեզ հետ բանակցել են, չնայած մենք էլ էինք փողոցում:

 

Ես  մի օր  Նորագավիթի այգիների համար դիմեցի Ռուբեն Հայրապետյանին, նա բավականին  կոպիտ կերպով հարձակվեց ինձ վրա, վիրավորեց: Եթե ես նույն կերպ արձագանքեի, դժվար թե հաջորդ օրը նա գնար այգին նայելու ու ի վերջո  չէր որոշի պահպանել այն: Իմ ուժը ՝ հանգիստ բացատրությունն էր ու խնդիրը հանգամանորեն ներկայացնելը, ինչը այս դեպքում  ավելի ազդեցիկ էր:  Դրա համար էլ միշտ խորհուրդ եմ տալիա  չհատել  քաղաքակիրթ բանավեճի սահմանը և  գռեհկությամբ չպատասխանել նույնիսկ այն ժամանակ, եթե դիմացինն է պարտադրում այդ ոճը:

–         Այսօրվա երիտասարդ բնապահպանները, կարծես թե, այն երեխաներն են, որոնց հետ սկսել էիք «վարդագույն սարյակների» համար պայքարը…

 

–         Այո, այն երեխաները, որ նախկինում գալիս էին մեզ մոտ, մեծացան ու այժմ կանգնած են Թեղուտի պաշտպանության, Մաշտոցի այգում և այլ ակցիաների: Ես հիշում եմ այն գործերը որոնք մենք արել ենք ժամանակին և հպարտանում եմ այսօրվա երիտասարդությամբ, որը «Վարդագույն Սարյակից»  հասել է Թեղուտին: Իմ նախկին խմբի երեխաներից բոլորը հիմա մասնագիտացված են` կենսաբաններ, աշխարհագրագետներ, բնապահպաններ:

 

Բայց այժմ ես մի բան եմ նկատում: Այն դպրոցահասակ երեխաները, որոնց հետ մենք հիմա ենք աշխատում, բավականին պասիվ են, կամավորական ջերմ զգացումներ չեմ նկատում նրանց մեջ: Դրա համար  էլ  ուզում եմ այսօրվա ակտիվ երիտասարդներին հորդորել աշխատել երեխաների հետ, ներարկել այս սերունդի հոգեբանության մեջ քաղաքացու գիտակցությունը, ինչպես որ իրենք  ունեն հիմա:

 

–         Իսկ ինչո՞վ է զբաղվում հիմա ձեր «Թռչնասերների կենտրոնը»

 

–         Մենք շարունակում ենք պայքարել կանաչ  տարածքների պահապանման  համար:  բացատրում ենք, որ վերացնելով պուրակներն ու կանաչ տարածքները` մենք վերացնում ենք նաև քաղաքի երգեցիկ թռչուններին, որոնք ուղղակի բնակվում են այդ տարածքներում և կարող են բնադրվել առնվազն 20-30 ծառի տարածքում: 70-80-ական թվականներին Երևանում այնպիսի թռչնատեսակներ կային, ինչպիսիք են սարյակն ու բեղավոր երաշտահավը: Այսօր  քաղաքի կանաչ գոտիների կրճատումից հետո դրանք պարզապես հեռացան այլ վայրեր:  Փոխարենը  ավելացել են ագռավներն ու կաչաղակները, որոնք քաղաքի աղտոտման յուրօրինակ ցուցիչ են: Հիմա քաղաքում կարելի է տեսնել միայն փոքր երաշտահավերի, որոնք քիչ թե շատ դիմանում են այս պայմաններին, և նրանց երգեցողությունը երբեմն կարելի է լսել:

 

Սեփական նախաձեռնությամբ ենք փորձել կարգավորել այս խնդիրը, թռչնաբներ են տեղադրել քաղաքի որոշ հատվածներում: Բայց դա չի կարող փոխել իրավիճակը, որովհետև ծառահատումները և պուրակների ոչնչացումը գնալով մեծ չափեր է ընդունում:

 

Աշխատում ենք նաև  Զիկատար և Կողբ գյուղերում, երեխաների համար  ուսուցում ենք կազմակերպում Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կողմից հիմնադրված բնապահպանական կենտրոնների շրջանակներում:

 

Նաև մեկնում ենք Հայաստանի տարբեր մարզեր դիտարկումների: Բոլորովին վերջերս եղանք որորների հովտում, հայկական որորի հաշվարկումներ ու դիտարկումներ արեցինք: Դա անում ենք մեր միջոցներով, կամավորության սկզբունքներով… Մի խոսքով  բնապահպանի ամենօրյա աշխատանքով  ենք զբաղված…

 

 

Նարե Սահակյան

Դիտումների քանակը` 4707

Գլխավոր էջ