«Վարդագույն սարյակից մինչև Թեղուտ»
Երբ հանդիպեցի Սիլվա Ադամյանին, նա Մարդու Իրավուքների պաշտպանության գրասենյակից էր գալիս: Վերջերս ԱԺ-ում ընդունված օրինագծով Սևանա լճից 320մլն խորանարդ մետր ջուր պետք է բաց թողնվի` ջրելու մոտակա ցանքատարածքները: Բնապահպանները դեմ են այդ որոշմանը, իմ զրուցակիցը՝ նույնպես: Նա երկար ժամանակ զբաղվում է Հայաստանում կանաչ տարածքների պահպանմամբ, հիմնադրել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ–ն, այժմ Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ է:
– Մենք հիմա խնդիր ունենք: Սևանա լճից ջրբացթողնման նախագիծ կա, որը կիսով չափ արդեն կատարված է, բայց հանրային լսումներ չեն եղել: Հանդիպել էինք կառավարության ներկայացուցիչների հետ ՄԻՊ գրասենյակում` պարզելու դրա պատճառը: Մի քանի նամակներ ենք ուղղել պատկան մարմիններին, այդ թվում նաև ԱԺ նախագահին, ով խախտելով օրենքը մինչև այժմ չի պատասխանել մեզ:
Այսօր մեկ այլ լուրջ խնդիր ևս ունենք: Վերջերս ահազանգ ստացանք Մարիամ Սուխուդյանից, որ Խոսրովի անտառում կառուցապատում են կատարում: Պարզվեց, որ ճանապարհ են կառուցում: Ըստ բնապահպանության նախարարության բացատրությունների դա հակահրդեհային ճանապարհ է: Հիմա նախարարությունից մեզ զանգահարեցին ու ասացին, որ նախարարը ցանկանում է հանդիպել մեզ, պայմանավորվեցինք միասին այցելել ու տեղում փորձել բանակցել խնդրի շուրջ:
Երբ ավելի երիտասարդ էինք ավելի շատ ու ավելի բուռն էինք մասնակցում ակցիաներին՝ պառկում էինք տրակտորների տակ, որպեսզի չավերեն կանաչ տարածքները: Այդ ճանապարհը անցած լինելով` այժմ փորձում ենք կառավարության հետ բանակցության դաշտ դուրս գալ:
– Այդ ճանապարհին ո՞րն է եղել ձեր առաջին ակցիան
– Ես նաև «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական կազմակերպության նախագահն եմ և երկար տարիներ է, ինչ աշխատում եմ երեխաների հետ: Այն ժամանակ դեռ Երևանում նոր էին սկսվել ծառահատումները:
Առաջին ակցիան թռչնասերների խմբի հետ արեցինք Հաղթանակի այգում:10-13 տարեկան երեխաները ինքնակամ ու ինքնաբուխ պաշտպանում էին բնությունը: Նրանք պատ էին կազմել տրակտորների դեմ ցուցանակներով ու միանման հագուստներով ու չէին թողնում ծառահատել իրենց սիրելի այգին: Այդտեղից սկսվեց կանաչ տարածքների պաշտպանությունը: Դա 2003 թվականն էր…
– Այն ժամանակ հասարակությունն ավելի կոնսերվատիվ էր, ինչպե՞ս էին վերաբերվում ձեր ակցիաներին:
– Սարսափելի: Մի անգամ արտակարգ իրավիճակների վարչությունից զանգեցին ինձ. « Տիկին Ադամյան, Ձեր քիթը չխոթեք ավելորդ գործերի մեջ» : Դա այն ժամանակ էր, երբ մենք պաշտպանում էինք կամերային տան այգին, որտեղ ուզում էին գիշերային ակումբ կառուցել:
Երբ գնում էինք հանքերի շահագործումներն արգելելու, բոլորս իրական վախ էինք ապրում, ինչ ասես կարող էր պատահել մեզ հետ: Բայց անցանք այդ ճանապարհը:
Ճիշտ եք, այսօրվա հասարակությունն ավելի առաջադեմ է դարձել, բայց այժմ ես նկատում եմ, որ ակտիվ երիտասարդության մեջ մի քիչ գռեհկություն կա: Գուցե դա էլ իրենց աշխատելու ձևն է, բայց մենք այդպես չէինք, դրա համար մեզ ընդունել են, մեզ հետ բանակցել են, չնայած մենք էլ էինք փողոցում:
Ես մի օր Նորագավիթի այգիների համար դիմեցի Ռուբեն Հայրապետյանին, նա բավականին կոպիտ կերպով հարձակվեց ինձ վրա, վիրավորեց: Եթե ես նույն կերպ արձագանքեի, դժվար թե հաջորդ օրը նա գնար այգին նայելու ու ի վերջո չէր որոշի պահպանել այն: Իմ ուժը ՝ հանգիստ բացատրությունն էր ու խնդիրը հանգամանորեն ներկայացնելը, ինչը այս դեպքում ավելի ազդեցիկ էր: Դրա համար էլ միշտ խորհուրդ եմ տալիա չհատել քաղաքակիրթ բանավեճի սահմանը և գռեհկությամբ չպատասխանել նույնիսկ այն ժամանակ, եթե դիմացինն է պարտադրում այդ ոճը:
– Այսօրվա երիտասարդ բնապահպանները, կարծես թե, այն երեխաներն են, որոնց հետ սկսել էիք «վարդագույն սարյակների» համար պայքարը…
– Այո, այն երեխաները, որ նախկինում գալիս էին մեզ մոտ, մեծացան ու այժմ կանգնած են Թեղուտի պաշտպանության, Մաշտոցի այգում և այլ ակցիաների: Ես հիշում եմ այն գործերը որոնք մենք արել ենք ժամանակին և հպարտանում եմ այսօրվա երիտասարդությամբ, որը «Վարդագույն Սարյակից» հասել է Թեղուտին: Իմ նախկին խմբի երեխաներից բոլորը հիմա մասնագիտացված են` կենսաբաններ, աշխարհագրագետներ, բնապահպաններ:
Բայց այժմ ես մի բան եմ նկատում: Այն դպրոցահասակ երեխաները, որոնց հետ մենք հիմա ենք աշխատում, բավականին պասիվ են, կամավորական ջերմ զգացումներ չեմ նկատում նրանց մեջ: Դրա համար էլ ուզում եմ այսօրվա ակտիվ երիտասարդներին հորդորել աշխատել երեխաների հետ, ներարկել այս սերունդի հոգեբանության մեջ քաղաքացու գիտակցությունը, ինչպես որ իրենք ունեն հիմա:
– Իսկ ինչո՞վ է զբաղվում հիմա ձեր «Թռչնասերների կենտրոնը»
– Մենք շարունակում ենք պայքարել կանաչ տարածքների պահապանման համար: բացատրում ենք, որ վերացնելով պուրակներն ու կանաչ տարածքները` մենք վերացնում ենք նաև քաղաքի երգեցիկ թռչուններին, որոնք ուղղակի բնակվում են այդ տարածքներում և կարող են բնադրվել առնվազն 20-30 ծառի տարածքում: 70-80-ական թվականներին Երևանում այնպիսի թռչնատեսակներ կային, ինչպիսիք են սարյակն ու բեղավոր երաշտահավը: Այսօր քաղաքի կանաչ գոտիների կրճատումից հետո դրանք պարզապես հեռացան այլ վայրեր: Փոխարենը ավելացել են ագռավներն ու կաչաղակները, որոնք քաղաքի աղտոտման յուրօրինակ ցուցիչ են: Հիմա քաղաքում կարելի է տեսնել միայն փոքր երաշտահավերի, որոնք քիչ թե շատ դիմանում են այս պայմաններին, և նրանց երգեցողությունը երբեմն կարելի է լսել:
Սեփական նախաձեռնությամբ ենք փորձել կարգավորել այս խնդիրը, թռչնաբներ են տեղադրել քաղաքի որոշ հատվածներում: Բայց դա չի կարող փոխել իրավիճակը, որովհետև ծառահատումները և պուրակների ոչնչացումը գնալով մեծ չափեր է ընդունում:
Աշխատում ենք նաև Զիկատար և Կողբ գյուղերում, երեխաների համար ուսուցում ենք կազմակերպում Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կողմից հիմնադրված բնապահպանական կենտրոնների շրջանակներում:
Նաև մեկնում ենք Հայաստանի տարբեր մարզեր դիտարկումների: Բոլորովին վերջերս եղանք որորների հովտում, հայկական որորի հաշվարկումներ ու դիտարկումներ արեցինք: Դա անում ենք մեր միջոցներով, կամավորության սկզբունքներով… Մի խոսքով բնապահպանի ամենօրյա աշխատանքով ենք զբաղված…
Նարե Սահակյան
Դիտումների քանակը` 4757