«Վատ չէր լինի, եթե Հայաստանում կին վարչապետ ունենանք, նաև՝ նախագահ»

 

WomenNet.am- ը փորձեց հավաքագրել մարտի 8-ի կապակցությամբ  հնչեցված կին քաղաքական ու հասարարական գործիչների հրապարակային ելույթները…

 

 

Մարգարիտ Եսայան,

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության  պատգամավոր.

«Եթե կանայք վերցնեն իշխանությունն աշխարհում»…

…Կարծում եմ, եթե հեղափոխություն լինի և կանայք վերցնեն իշխանությունն աշխարհում, հաստատ աշխարհն ավելի լավն է լինելու, քան հիմա: Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե մենք թույլ արարածներ ենք, իրականում կինն ավելի ուժեղ տեսակ է, ավելի լիդեր է, քան շատ տղամարդիկ:  Կուզենայի կանայք շատ լինեին խորհրդարանում, մեկ-երկու կին նախարար չունենայինք: Նաև ես համարձակվում եմ ասել՝ վատ չէր լինի, եթե Հայաստանում կին վարչապետ ունենանք, նաև՝ նախագահ: Ես չեմ բացառում, որ դա կարող է իրականություն դառնա, քանի որ կինը տուն պահող, կարգի բերողը կինն է և նա կարող է ավելի շատ լավ կարգի բերել որևէ գերատեսչություն, քաղաք, պետություն…

 

 

 

Խաչանուշ Հակոբյան,

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն.

« Ուզում եմ, որ մեր ընտանիքներում լինի ներդաշնակություն»

–         Եթե ամուր է  ընտանիքը, ապա ամուր է պետությունը, իսկ ընտանիքը ամուր է, երբ առողջ է մայրը, քանի որ գաղտնիք չէ, որ ընտանիքի սյունը մայրն է: Մենք ենք օջախի պահապանները, մենք ենք երեխաներին դաստիրակողները: Իհարկե, առանց տղամարդկանց մեր կյանքը առ ոչինչ է դառնում, ուստի ուզում եմ, որ մեր ընտանիքներում լինի ներդաշնակություն, լինի փոխադարձ հարգանք, զիջումներ՝ առանց որի ընտանիքները չեն կարող կայուն լինել…

 

 

Մարգարիտ Խաչատրյան,

«Զինվոր» ՀԿ -ի համակարգող խորհրդի նախագահ

«Մեր մայրերին ուժ, կորով մաղթենք»

 

–         Մարտի 8-ի կապակցությամբ առաջին հերթին պետք է շնորհավորել այն մայրերին, որոնց երեխաներն այսօր առաջին գծում սահման են պահում: Մեր մայրերին ուժ, կորով մաղթենք, կանայք երբեք տղամարդկանց չեն զիջում: Եթե կինը տրամադրվեց, որ իր խոսքը պետք է գործ դարձնի, ապա կանի: Կնոջ խոսքն ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ, քան տղամարդու: Հիշեք՝ կինը տան սյունն է, տղամարդը՝ դրսի պատը…

 

 

Լարիսա Ալավերդյան,

 ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան

«Կանայք կարող են երկրի դեմքը փոխել»

 

–         Այն ներուժը, որն ունի հայ կինը, եթե ներդնի, ապա մեր երկրի դեմքը կփոխվի: Կանայք նաև պետք  է հասկանան, որ պարտավոր են մասնակցել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին, մասնակցություն ունենան երկրի հասարակական, քաղաքական կյանքում: Ազգային ժողովում էլ կանայք ավելի ընդգրկված կլինեն: 100 տոկոս պետք չի, ես ներդաշնակության կողմնակից եմ: Հայաստանը մնում է տղամարդկային մշակույթի երկիր, բայց այս մշակույթի ներքո կանայք պետք է իրենց արժանի տեղը զբաղեցնեն. այդ ժամանակ տղամարդկանց պատիվը ավելի բարձր կլինի…

 

 

Անուշ Սեդրակյան,

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ

 

«Ավելի լավ է մեր օրացույցը հարուստ լինի նման տոներով, քան բազմաթիվ մեռելոցներով»

–         Դեմ եմ  մարտի 8-ին, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ դեմ եմ ընդհանրապես կանանց տոն ունենալուն, ոչ: Պարզապես Հայաստանը պետք է կանանց տոնը նշի ապրիլի 7-ին: Կուզենայի, որ նույն եռանդով ապրիլի 7-ը նշեինք և դա դառնար պետական տոն, ոչ թե մարտի 8-ը:   Հատկապես եթե հաշվի առնենք, որ  իրավունքների պաշտպանության խորհուրդ մարտի 8-ը միեւնույն է չունի:  Սա տղամարդկանց հումորների և կանանց մի տեսակ ներքին ստորացման օր է…

 

 

Ա. Բախշյան,

 «Ժառանգություն» կուսակցության անդամ

«Կանայք կարող են կարգի գցել քաղաքականության թափթփված դարակները»

 

Ես տոն չեմ զգում մարտի 8-ին, իսկ նորհավորանքներ ու մարտիության վերաբերմունք ակնկալում եմ ստանալ ամեն օր, քանի որ դրա համար ամեն օր եմ ջանք գործադրում:

Ինչ վերաբերվում է  կանանց իրավունքներին, ապա նրանց մասնակցությունը կառավարման մարմիններում, լինի դա գործադիր, օրենսդիր կամ  դատական իշխանություն, մինիմալ է: Մենք կարող ենք կարգի գցել քաղաքականության թափթփված դարակները, մենք կարող ենք, մենք ուժեղ ենք…

Մարիա Թիթիզյան,

ՀՅԴ անդամ

«Չմոռանանք, որ մենք ենք  մեր երկրի վաղվա ղեկավարները»

Հայ կինը միշտ պատրաստ է եղել հայ ժողովրդին, և ազգային զարթոնքի, շարժման այս օրերին հայ կինը չի կարող անտարբեր մնալ: Այս օրերին մեզ ոչ թե ծաղիկներ էին պետք, այլ՝ արդարություն, ոչ թե սիրուն խոսքեր, այլ՝ համերաշխություն: Մենք` կանայք, որպես հասարակության լիարժեք անդամ պարտավոր ենք վճռական լինել մեր ապագա սերունդների համար, լինել ոչ միայն կանանց իրավունքների, այլև ժողովրդի իրավունքների պաշտպան…

 

Մերի Մարգարյան

էնզելա Մակարյան

 

 

Դիտումների քանակը` 4772

Գլխավոր էջ