«Սպիտակ ժապավենի» ասպետները

Երեկ Մոսկվա կինոթատրոնի  սրահում բացվեց Կանանց ռեսուրսային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Տղամարդիկ  ընդդեմ  կանանց  նկատմամբ  բռնության» ֆոտոցուցահանդեսը: Տարբեր կառույցներ ներկայացնող 28 տղամարդիկ միանալով «Սպիտակ ժապավենի» նախաձեռնությանը համաձայնվել էին լուսանկարվել «Ես դեմ եմ կանանց նկատմամաբ բոլոր տեսակի բռնություններին» գրությամբ պաստառներով:

 

 

 

Հիշեցնենք,  որ «Սպիտակ ժապավենը» խորհրդանշում է տղամարդկանց  ու կանանց միասնությունը ընդդեմ բռնության  ընտանեկան հարաբերություններում: Այդ քարոզարշավը սկսվել է Կանադայում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 1989 թ.  դեկտեմբերի 6-ին  Մարկ Լեպին անունով 25-ամյա մոլագար երիտասարդը  ներխուժելով Մոնրեալի համալսարանի ինժեներական ֆակուլտետ՝ կրակելով սպանեց  14 ուսանողուհիների սոսկ այն պատճառով, որ, նրա կարծիքով, բոլոր դժբախտությունները կրթված կանանցից են: Կանադայի խորհրդարանի որոշումով՝ դեկտեմբերի 6-ը հայտարարվեց զոհերի հիշատակի և կանանց նկատմամբ բռնությունների դեմ գործողությունների օր: Այդ օրը  սպիտակ ժապավենը կապեցին հարյուր հազարավոր տղամարդիկ:

 

 

Հայաստանի տղամարդիկ առաջին տարին չէ, որ  այս քարոզարշավի մասնակիցներն են:  2009-ին «Սպիտակ ժապավենի»  առաջին դեսպան ընտրվեց Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

 

 

Ակցիայի մասնակիցները հանրային ճանաչում ունեցող դեմքեր են. տարբեր կուսակցությունների անդամներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հաղորդավարներ, արվեստագետներ, ուժային կառույցի ղեկավարներ:

 

«Մեր  նախաձեռնության նպատակն էր ընդդեմ կանանց նկատմամբ քարոզարշավին  տղամարդկանց ներգրավելն էր, հատկապես, հայտնի տղամարդկանց, ովքեր ի պաշտոնե ունեն որոշակի պատասխանատվություն եւ աշխատելով   մարդկանց տարբեր խմբերի հետ կարող են ներազդել հասարակական կարծիքի վրա: Իրականում, բոլորին թվում է, թե գենդերային բռնությունը միայն կանանց հիմանխնդիր է, մինչդեռ այն ողջ հասարակության խնդիր է ու իր լուծումը կարող է ստանալ միայն այն ժամանկա, երբ ոչ միայն կանայք ու կանանց  ՀԿ-երը, այլ բոլորը պայքարեն դրա դեմ,- պատմեց  Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Տաթև Դանիելյանը:

 

Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» կուսակցությունից, այս նախաձեռնության մասնակիցներից է.

 

–         Այն որ պետությունը, հասարակությունը պետք է ջանքեր գործադրեն ոչ միայն կանանց նկատմամբ, այլ առհասարակ բռնության դեմ պայքարում, միանշանակ է: Ես ինքս երկու աղջիկ ունեմ, հետևաբար, ցանկանում եմ այնպիսի հասարկություն, որտեղ ես հանգիստ կլինեմ իմ երեխաների ապագայի համար: Դրական արձագանքեցի այս առաջարկին, որովհետեւ  «Ժառանգություն»  կուսակցությունն էլ է դեմ խտրականությանը, բռնությանը: Բայց, ցավոք, մեր երկրում ոչ միայն կանայք են բռնության ենթարկվում, այլև մեր ամբողջ հասարակությունը` սկսած ընտրական գործընթացների կեղծիքներից,  մինչև` կենցաղային բռնության մակարդակ:

 

Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերել նաև Շիրակի մարզը: Ցուցահանդեսին ներկա էր Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանը.

 

–         Մենք դրական արձագանքեցինք այս նախաձեռնույթյանը, քանի որ աշխատում ենք անչափահասների հետ, և ընտանիքը կարևոր նշանակություն ունի երեխաների դաստիարակության գործում: Իսկ բռնությունը ընտանիքում, առաջին հերթին հարվածում է երեխային: Այս ցուցահանդեսը իրազեկման կարևոր միջոց է.  եթե հայտնի մարդիկ ընդունում են, որ կա բռնություն և պայքարում են դրա դեմ, դա անշուշտ պրոֆիլակտիկ, կանխարգելիչ նշանակություն ունի:

 

Ակցիայի մասնակիցներից էր նաև  ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը.

 

–         ՀՀ-ում գենդերային անհավասարության խնդիրը բավականին սուր է դրված, ընդ որում, շատ կտրուկ տարբերակում կա քաղաքի և գյուղական վայրերի միջև: Սա միջոցներից մեկն է, որը լրացուցիչ ուշադրություն է սևեռում այս խնդրին և որոշակի ազդակ է պարունակում ողջ հասարակության համար, որ  ոչ միայն կանայք են պայքարում իրենց իրավունքների համար, այլև տղամարդիկ էլ , հանդիսանալով այդ իրավունքների առաջին իսկ «պոտենցիալ»  խախտողները,  պաշտպան են  կանգնում դրանց:  ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում, հատկապես թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ծրագրում, հաճախ ենք առնչվում  բռնության տարբեր դրսեւորումներին:  Ըստ վերջին տվյալների, դրանք ցավոք աճի  միտում ունեն, ու եթե 2010-ին  թրաֆիքինգի են ենթարկվել են 34 անձ, ապա 2011- ին նրանք 60-նն են, որոնց մոտ 80 % կանայք են:

 

Նշենք, որ  ցուցահանդեսը իրականցվում է Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի շրջանակներում: Այն կցուցադրվի ևս 2 օր:

 

 

 

Լիլիթ Քոչինյան

Լուսանկարները՝ հեղինակի

Դիտումների քանակը` 4056

Գլխավոր էջ