«Պետք է պտղի սեռով պայմանավորված աբորտների պատճառների դեմ պայքարել, ոչ թե հետեւանքների». իրավապաշտպանների կարծիքներ

Ինչպես հայտնի է,  ՀՀ կառավարությունը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով արգելել պտղի սեռի հիմքով հղիության արհեստական ընդհատումները (աբորտը): Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն, բժիշկը պարտավոր է անվճար խորհրդատվություն տրամադրել կնոջը հղիության  ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ եւ երեք օր ժամանակ տրամադրել նրան՝ վերջնական որոշում կայացնելու համար: Ու թեեւ առաջարկվող օրենսդրական փաթեթում վերահաստատվում է, որ յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք,   WomenNet.am- ի  հարցման մասնակից  քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպանները, այնուամենայնիվ, մտահոգություն ունեն, որ առաջարկվող փոփոխությունները կարող են սահմանափակել կնոջ ազատություններն ու իրավունքները: Բացի այդ, նրանց կարծիքով,  անտեսվում է սեռի նախածննդյան ընտրության հիմնական պատճառը՝ հասարակության մեջ  առկա գենդերային անհավասարությունը:

 

Թագուգի Թորոսյան,  ակտիվ քաղաքացի.

 

«Սա կարող է առաջին քայլը լինել կնոջ վերարտադրողական իրավունքների սահմանափակման գործընթացում եւ կարող է բարձրացնել ոչ բժշկական մեթոդներով հղիությունների ընդհատման և մահացության ցուցանիշները: Պետք է սեռով պայմանավորված աբորտների պատճառների դեմ պայքարել, ոչ թե հետեւանքների»:

 

Նվարդ Վահանե, ակտիվ քաղաքացի.

 

«Եթե հղիության ընդհատման կնոջ իրավունքը չի սահմանափակվում, սա լավ բան է, մասնավորապես,  այնպիսի  ընտանիքների դեպքում, որոնցում  պտղի սեռով պայմանավորված վիժեցման են դրդում կնոջը: Բայց եթե նորից կնոջ փոխարեն որոշելու են, թե երբ օգտվի հղիության ընդհատման  հնարավորությունից, երբ ոչ, դա արդեն հետնահանջ կլինի»:

 

Աստղիկ ՄարտիրոսյանՄանուկյան, ակտիվ քաղաքացի.

 

«Մի կողմից շատ լավ է, որ պետական մակարդակում այս խնդրի մասին խոսում են, մամուլում ու հեռուստատեսությամբ անդրադառնում են թեմային, այսինքն՝ կա խնդրի ձևակերպում պետության կողմից ու կա հանրայնացում: Մյուս կողմից իհարկե կան բազմաթիվ ռիսկեր ու խնդիրներ: Նախ,  կապված ժամկետների հետ: Սեռը որոշում են բավականին ուշ ժամկետում,  այսինքն սեռով պայմանավորված աբորտների մի մասը արդեն իսկ արվում է թույլատրելի ժամկետից ուշ, իսկ թղթերում կարող են նշել  այլ պատճառ կամ ժամկետ: Այսինքն փաստն ինքնին դժվար ապացուցվող է, ու, կարծում եմ,  իրականության մեջ շատ քիչ է ազդելու առկա պրակտիկայի վրա: Ի վերջո կա նաև այն ռիսկը, որ օրենքը կարող է հանգեցնել աբորտի իրավունքի սահմանափակման:

 

Բացի այդ   ավելի լուրջ արժեքային փոփոխությունների վտանգ էլ կա: Նշվում  է, որ սեռի հիմքով աբորտները վատ են, որովհետև հետագայում մայրեր  քիչ կլինեն: Այսինքն՝  ի սկզբանե չեն էլ առաջարկում փրկել աղջիկներին, որովհետև աղջիկներն էլ են հավասար մարդ…  Իհարկե կարելի է ասել, որ մարդկանց հետ պետք է իրենց հասկանալի լեզվով խոսել ու  առավել մատչելի կերպով  բացատրել խնդիրը, բայց, մյուս կողմից էլ,  դիսկուրսը ինքը սահմանում է արժեքներ, պետք չի թերագնահատել խոսքի ուժը: Եթե այս խնդրի լուծման դիսկուրսը պիտի լինի փրկել աղջիկներին՝ որպես հետագայում ծնելու գործառույթը կրողների, գուցե չարժի՞ էլ անել դա: Այսպիսով ոչ միայն գենդերային հավասարության խնդիրն են հետին  պլան մղում, այլ  փաստորեն գենդերային անհավասարություն են քարոզում: Մի հատ էլ գրեին, որ եթե այդքան աղջիկներ չծնվեն, բա ո՞վ ա ձեր տներն ավլելու, ձեզ համար ճաշ եփելու…»

 

 

Անի Ջիլոզյան, Կանանց աջակցման կենտրոն ՀԿ.

 

« Մենք կարող ենք նայել Հնդկաստանի, Չինաստանի և Կորեայի օրինակներին, երկրներ, որոնք օրենքներ են ընդունել՝ արգելելով առողջապահական ծառայություններ մատուցողներին հայտնել պտղի սեռը: Սեռի ընտրությունը նվազեցնելու այս քաղաքականությունների ազդեցությունը, ընդհանուր առմամբ, համարվում է ցածր:

 

Սեռերի համամասնության շեղվածության նվազումը, հատկապես Կորեայի դեպքում, հիմնականում պայմանավորված էր  ոչ թե պտղի սեռի նախածննդյան ընտրության վրա ինստիտուցիոնալ արգելքներով, այլ  սոցիալ-տնտեսական զարգացմամբ, ինչը  փոխեց խորքային սոցիալական նորմերը: Իրականում  որոշակի արգելքներ պարունակող օրենսդրությունը միայն անդրադառնում է խնդրին, սակայն չի վերացնում սեռի նախընտրության հիմնական պատճառներն, առաջին հերթին, հասրակության մեջ առկա գենդերային անհավասարությունը:

 

Բացի այդ, սահմանափակումներն՝ առանց սեռի նախընտրության հիմնական պատճառներին անդրադառնալու, կարող են  հանգեցնել գաղտնի ընթացակարգերի ավելի մեծ պահանջարկի, որոնք անօրինական են և վտանգավոր: Այս հարցում  ցանկացած օրենսդրական փոփոխություն պետք է իրականացվի կանանց ուժեղացնող և համայնքային մակարդակում նրանց սոցիալ-տնտեսական իրավիճակը  բարելավող միջամտությունների հետ զուգահեռ»:

 

 

Աննա Նիկողոսյան, Հասարակություն առանց բռնության ՀԿ.

 

«Այս ուղղությամբ իրազեկման աշխատանքներ տանելուց   պարտադիր պետք է բացատրել, որ պտղի սեռով պայմանավորված աբորտները հարկավոր է վերացնել, քանի որ դրանց հիմքում ընկած են հայրիշխանական նորմերի, գենդերային կարծրատիպերի ու բռնության տարրերը: Միևնույն ժամանակ պետք է նշել նաեւ այն, որ աբորտը, այդուհանդերձ, կնոջ վերարտադրողական ֆունդամենտալ իրավունքն է, և դրանով իսկ երկու հիմնախնդիրներն  իրարից զանազանել:

 

Նման մոտեցում չունենալու դեպքում ռիսկը կլինի այն, որ կնոջ իրավունքները որպես այդպիսին կսկսեն սահմանափակվել: Օրենսդրական փոփոխությունները, ինչ խոսք, կարող են բերել նաև կոռուպցիայի աճի,  տնային կամ ռիսկային պայմաններում աբորտների իրականացմանը՝ վտանգելով կնոջ առողջությունը:

 

 

Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ.

 

«Կարծում եմ, եթե պետական մաշտաբով այս օրենքի հստակ ու լայնածավալ իրազեկման արշավ չիրականացվի ու  եթե այն ուղղված չլինի երկրում գենդերային հավասարությանը, ապա դրանով նախատեսված  միջոցներն անիմաստ են»:

 

Կարծիքները հավաքեց Արման Ղարիբյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Որքանո՞վ առաջարկվող օրինագիծը կնպաստի պտղի սեռով պայմանավորված աբորտների վերացմանը. բժիշկների կարծիքներ

Օրինագծով պտղի սեռը հայտնելն արգելված չէ. պաշտոնական պարզաբանում

 Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

Ի՞նչ ռիսկեր է պարունակում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելող օրինագիծը. քննարկում են մասնագետները

Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

«Իսկ դու ունե՞ս աղջիկ».

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

«Հայաստանի չծնված աղջիկները…»

 

 

 

Դիտումների քանակը` 4565

Գլխավոր էջ