«Պետք է անել ամեն բան, որ ոչ մի մանկան ու մոր սիրտ չդադարի բաբախել»…

ԱՀԿ-ն նոր առաջարկներ կներկայացնի Հայաստանին`

կրճատելու մանկական ու մայրական մահացությունները

 

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Գունտա Լազդանեն, ով Երևանում անցկացվող աշխատաժողովի ժամանակ թվեր էր հրապարակում, մտահոգություններ հայտնում միտումների մասին, զեկույցի վերջին էջում սիրտ է պատակերել: Բացատրությունը ավելին քան խոսուն է.  «Պետք է անել ամեն բան, որ ոչ մի մանկան ու մոր սիրտ չդադարի բաբախել»: Հայստանին նա խորհուրդ է տալիս այս ճանապարհն անցնել համեմատվելով ոչ թե  Թուրքմենստանի կամ Տաջիկստանի ցուցանիշների հետ, այլ եվրոպական երկրների, որտեղ մայրական մահացության ցուցանիշը բավականին փոքր է:

 

 

Հղիության ընթացքն ու ծննդաբերությունը վստահե՞լ բժշկին, թե՞ բուժքրոջը, հղիության ընթացքում քանի՞ անգամ անցնել ուլտրաձայնային հետազոտություն: Այս և այլ հարցերի շուրջ Հայաստանի առողջապահության նախարարություն ու Առողջապահության համաշխարհային կազմակիերպությունը համաձայնության չեն եկել: ԱՀԿ-ն պատրաստվում է մայրական ու մանկական մահացության դեպքերի նվազմանը ուղղված նոր առաջարկներ ներկայացնել տեղացի մասնագետներին:

 

 

Առողջապահության ոլորտի մասնագետներն այսօր փաստում են, որ ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում մայրական ու մանկական մահացության դեպքերի նվազման միտում կա, սակայն նվազման տեմպը բավարար չեն համարում: Պետք է հասնել ավելիին: Վերջին երկու տարիների ընթացքում եվրոպական տարածաշրջանում մայրական մահացության ցուցանիշը նվազել է 3.8 տոկոսով,  իսկ ԱՀԿ-ի համար ցանկալի արդյունքն այն է, որ տարեկան մայրական մահացության դեպքերը նվազեն 5.5 տոկոսով, որպեսզի 2015-ին 1990-ի համեմատ մայրական մահացության մակարդակը նվազեցվի մեկ քառորդով: Մայրական մահացության դեպքում այսօր քիչ տոկոս են կազմում մականաբարձական պատճառներով պայմանավորված դեպքերը:

 

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության արդյունքների համաձայն, անցած տասը տարիների ընթացքում Հայաստանում կրճատվել են նաև մանկական մահացության դեպքերը: 2001-2005-ին գրանցվել է 24 դեպք/ 1000 կենդանածինի հաշվով/, իսկ 2006-2010-ի ընթացքում` գրանցվել է 13 մահ:

 

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքով, մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում 1990-1992 թվականներին 100 հազար կենդանի ծնունդի հաշվով կազմում էր 40,  հետագա տարիներին այս ցուցանիշը նվազել է,  2008-2010-ին 100 հազար ծնունդի հաշվով կազմում է 23: Եվրոպական երկրներում միջին ցուցանիշը 100 հազար ծնունդի հաշվով  5 է, իսկ ԱՊՀ երկրներում` 29:

 
Ինչ վերաբերում է  մանկական մահացության ցուցանիշին, ապա Հայաստանում 1990-92 թթ կազմել է 18.9 պրոմիլ /մահացությունը 1000 կենդանածինի հաշվով/, իսկ 2008-2010 թթ. այդ ցուցանիշը կազմել է 10.9 պրոմիլ: Եվրոպական երկրներում մանկական մահացության միջին ցուցանիշը 5.1 պրոմիլ է, ԱՊՀ երկրներում` 13 պրոմիլ:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները մի քանի օր Հայաստանում են: Տասը օր շարունակ եղել են Երևանի, Լոռու, Շիրակի տարբեր բուժհիմնարկներում, ուսումնասիրություններ ու հարցումներ իրականացրել` պարզելու մայրական ու մանկական մահացության դեպքերի հնարավոր պատճառները:

 

Արդյունքներն ամփոփելուց հետո նրանք առաջարկություններ կներկայացնեն` Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղալի և ուղեգրումների համակարգի բարելավման արդյունքում մայրական և նորածնային հիվանդացության և մահացության կրճատման ուղղությամբ:

 

«Ծննաբերությունը կատարվում է անվճար, մենք տեսանք բարձր պատրաստվածությամբ մասնագետներ, ինչպես բժիշկները, այնպես էլ բուժքույրերը: Մենք հարցեր տվեցինք ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց ու երեխաներին: Նրանք գոհ էին, իրազեկված: Ակնհայտ է, որ մենք տեսանք բարեփոխումների համար մեծ պոտենցիալ»,- WomenNet.am-ի հարցին ի պատասխան ուսումնասիրությունների դեռևս չամփոփված արդյունքներն այսպես ներկայացրեց ԱՀԿ խորհրդատու, ռուս փորձագետ Օլեգ Շվաբսկիյը:

 

Նա միաժամանակ նշում է, որ սրանք ազգային իշխանությունների կատարած քայլերն են ու դրանց արդյունքները, սակայն իրենց առաքելության նպատակն այլ է, թե այդ քայլերը որքանով են տեղավորվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների շրջանակում: «Այդ առումով պետք է նշեմ, որ դրանք ոչ միշտ են համընկնում»,-ասաց կազմակերպության խորհրդականը: Օրինակ, Օլեգ Շբասկին հիշեցնում է, որ հղիությունը նորմա է, ապա հարց տալիս. «Իսկ եթե նորմա է, ինչու պետք է դրան հետևի մասնագիտացված բժիշկը, դա բուժքրոջ գործն է: Սա մի օրինակ է, շատ բաներ կան»:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ)  հայաստանյան գրասենյակի  գործադիր ներկայացուցիչը  Գարիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ծննդաբերությամբ բացարձակապես զբաղվում են բժիշկները, մինչդեռ զարգացած շատ երկրներում` Ճապոնիայում, եվրոպական երկրներում, նորմալ ընթացող հղիությամբ զբաղվում է բուժքույրը:

 

«Մեզ մոտ այդ ինստիտուտը գոյություն չունի, պատճառները տարբեր են, կարելի է քննարկել, բայց բուժքրոջ ինստիտուտը Հայաստանում չկա»,-ասաց Գ. Հայրապետյանը:

 

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանն  նկատեց, որ ներկայացվելիք առաջարկություններն ու խորհուրդները կքննարկվեն, դրանք պարտադիր կատարման ենթակա չեն:

 

 

«Բոլոր առաջարկները  տեղայնացվում են` երկրի պայմաններից ելնելով: Ես հասկանում եմ, որ կան երկրներ, որտեղ չկան այդ մասնագետները, այդ դեպքում, հա, թող մանակաբարձ գինեկոլոգի փոխարեն մանկաբարձուհին հսկի, եթե մենք բոլոր շրջաններում ունենք կանանց կոնսուլտացիաներ, նրանց հսկում է ընտանեկան բժիշկը, բայց մինիմում չորս անգամ մանկաբարձ գինեկոլոգը պետք է հղիին տեսնի: Մենք ասում ենք 2-3 անգամ է պետք է այցելի բժիշկին ,  իրենք ասում են, մեկ անգամը բավական է»,-արձագանքելով հնչած տեսակետներին»,-  ասաց Կ. Սարիբեկյանը: Կամ էլ ԱՀԿ-ն օրինակ առաջարկում է, որ կինը մեջքի վրա պառկած չծննդաբերի, դա կատարվի նստած, կանգնած, կամ էլ թեք պառկած վիճակում, իսկ Հայաստանում առավել ընդունված ու տարածված է մեջքի վրա պառկած տարբերակը:

 

Ինչևէ, վերջին օրերին կատարած ուսումանասիրությունների արդյունքներն ամփոփելուն պես, վաղն արդեն աշխատանքային խումբ է  ստեղծվելու, որը կզբաղվի առաջարկությունների ու քայելրի մշակմամբ:

 

Նշենք, որ նախարարության ու ՄԱԿ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ գյուղական բնակավայրերում նորածնային մահացության մակարդակն ավելի բարձր է, քան քաղաքային բնակավայրերում: Մանկական մահացության ցուցանիշը գյուղական բնակավայրերում կազմել է 1000-ի հաշվով 22,  իսկ քաղաքային բնակավայրերում` 16 ըստ 1000-ի:

 

Մանկական մահացության ցուցանիշներն աճել են  ծննդաբերության ժամանակ մոր տարիքին զուգահեռ և, ի տարբերություն մինչև 20 տարեկան մայրերի երեխաների, 20-29 և 30-39 տարիքային խմբերում ծննդաբերած կանանց երեխաներն  առավել հակված են եղել մահացության:

 

 

Բացի այդ, նորածնային մահացության ցուցանիշն ավելի բարձր է ավելի ցածր կրթական մակարդակ ունեցող կանանց երեխաների շրջանում` համեմատած բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող կանանց երեխաների հետ:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4157

Գլխավոր էջ