«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն
Հայգան Բահարյանի տասնութը չէր բոլորել, երբ մոր ու եղբոր հետ Հալեպից Երեւան եկավ: 2012-ի հոկտեմբերն էր, մայրը` տիկին Լուսին Բահարյան Մխմելջյանը պատերազմի մեջ հայտնված Սիրիայից զավակներին Հայաստան հասցրեց, որպեսզի այստեղ ` անվտանգ պայմաններում ուսումը շարունակելու հնարավորություն ունենա: Մեկ ամիս անց տիկին Լուսինը պետք է վերադառնար Հալեպ` ամուսնու մոտ, բայց վերադառնալ չկարողացավ:
‘’Էնտեղ դպրոց երթալ-գալը շատ դժվար էր, վտանգավոր, ամեն տեղ հրթիռներ կային, մինչեւ պստիկներս տուն կգային, ես ջիղերու վրա էի: Երկու պստիկներիս հետ եկա, որ հետ վերադառնամ, ամուսինս հետս չէր , բայց Հալեպ-Երեւան օդանավակայանը գոցվեցավ, մենք մնացինք հոս, ամուսինս մնաց հոն’’,-WomenNet.am-ին պատմում է Լուսին Բահարյան Մխմելջյանը:
Երբ պարզ դարձավ, որ Հալեպ վերադառնալն անհնար է, տիկին Լուսինը աշխատանքի անցավ սիրիաական ‘’Զաթար պիցցա’’-ի խոհանոցում: Սիրիահայ ընտանիքներում ավանդաբար կինը չի աշխատել, դրամ վաստակողը ամուսինն է եղել, կինը զբաղվել է միայն տնային գործերով ու հասարակական գործունեությամբ: Բահարյանների ընտանիքում նույնպես միայն ամուսնու վաստակը բավական էր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: ‘’Ես ամբողջ կյանքում չեմ աշխատել, միայն ծառայել եմ իմ Օգնության Խաչին, երեսուն տարի եկեղեցում դպրուհի եմ եղել, ծառայել եմ ձրիաբար, բայց դրամով չեմ աշխատել: Այստեղ , որ եկանք, պետք ունեինք աշխատանքի’’,-պատոմում է տիկին Լուսինը:
‘’Զաթար պիցցա’’-ում Լուսին Բահարյանը սիրով էր աշխատում: Ասում է, ամեն ինչ այնպես էր պատրաստում, ինչեպես այնտեղ` Հալեպում ընտանիքի համար կպատրաստեր: Կարճ ժամանակ անց , սակայն, Լուսին Բահարյանը ավտովթարի ենթարկվեց եւ երեք ամսից ավելի ստացիոնար պայմաններում բուժվեց: Միայն ավտովթարից հետո, երբ սիրիահայ ընտանիքն էլ ավելի ծանր ու անելանելի վիճակում հայտնվեց, Լուսին Բահարյանի ամուսինը մեծ դժվարությամբ կարողացավ ցամաքային ճանապարհով` Թուրքիայով գալ Հայաստան հասնել: Բահարյանների ընտանքը վերջապես, վերամիավորվեց:
Հալեպում Բահարյաններն ապահով ու բարեկեցիկ կյանքով էին ապրում: Լուսին Բահարյանի ամուսինը մեքենանների նորոգման բիզնես ուներ: Սիրիական պատերազմի հենց սկզբում այն թաղամասում, որտեղ նրանց բիզնեսն էր գտնվում, իրավիճակը լարված էր: Ընտանիքը կորցրեց բիզնեսը: Բոստան Փաշա կոչվող այդ թաղամասը մինչեւ օրս գտնվում է ծայրահեղականների հսկողության տակ: ‘’Այնտեղ գործատեղիներն էին, արդեն գործը գոցված է, գործ չկա: Առաջին անգամ պատերազմը այնտեղեն սկսվեց’’’,-պատմում է Լուսին Բահարյանը:
Ավտովթարի հետեւանքով Լուսին Բահարյանի խնձորակը վնասվել էր, ծանր վիրահատությունից հետո մոտ վեց ամիս նա տնային պայմաններում բուժումը շարունակեց, հենակի օգնությամբ սկսեց նորից քայլել: Ստացած վնասվածքը Լուսին Բահարյանին զրկեց աշխատելու հնարավորությունից, բժիշկներն արգելեցին երկար ոտքի վրա կանգնել: Այժմ նրա որդին ու դուստրն են աշխատում: Երիտասարդ Հայգանը ժպիտը դեմքին մատուցում է սիրիական համադամ ուտեստները: Աղջիկն ասում է` սկզբում դժվար էր համակերպվել նոր կյանքին, Հալեպ վերադառնալու ցանկությունը մեծ էր:
‘’Մինչեւ մեկ տարի, չեինք համակերպվում, բայց մենք մեզի համոզեցինք` ուզենք չուզենք, պետք է աշխատենք, եթե չաշխատեինք, չէինք կրնար ապրել: Հիմա հոս շատ լավ է մեզի համար, անվտանգ է’’,-ասում Հայգանը: Աղջիկը հիշում է, Հալեպում, երբ ավարտական քննություններն էին հանձնում, դասարանից հրթիռների ձայն էին լոսում, ամեն վայրկյան վախը սրտներում էր, չգիտեին` հաջորդ րոպեին ինչ կարող է լինել: ‘’Մամաները , պապաները դպրոցում կսպասեին, որ մեկուն մի բան լիներ, բոլորը միասին լինեին, քննություն հանձնելիս կլսեինք` մի տեղ հրթիռ ընկավ’’,-հիշում է Հայգանը:
Բահարյանների ընտանիքը պատերազմի հետեւանքով հազարավոր սիրիահայերի նման ամեն ինչ Հալեպում թողեց: ‘’Իմ տունին տակը ռումբ ընկավ, երկու հարեւաննեսրս մահացավն: Այժմ իմ տունը փլած է : Մեկ –երկու հոգու լուր տվինք, գոնե դուռը գոցեն: Տան մեջ ամեն ինչ ունինք, ինձի նկարները ուղարկեցին` գորգերի վրա ապակիները, ամեն ինչ փլված…Շատ ծանր էր տեսնել այդ ամենը, շատ, բայց կարեւորը հոս անվտանգ ենք, զավակներս անվտանգ են’’,-ասում է Լուսին Բահարյանը:
Հալեպից վերջերս Հայաստան եկած ընտանիքները տիկին Լուսինին պատմում են, որ վիճակն իրենց ծննդավայրում ավելի օրհասական է դառնում: ‘’Լույս չկա, ջուր չկա, ամեն ինչի սղություն է, գործ չկա: Ես հինգ-վեց ընտանիք գիտեմ, որ տասնհինգ օր առաջ եկան: Շատ կան մասնատված ընտանիքներ: Ամուսնուս ազգականը երկու պստիկ երեխաներով տարի է այստեղ է, ամուսինը Հալեպ է, չի կրնար գալ, ընտանիք կա, չորս անդամ են եւ ամեն մի անդամը մի տեղ է, մարդիկ կան, որ հարս ու կեսուր բաժանվել են, հարսը մի տեղ երեխաներով, կեսուրը մի տեղ եւ հարսը չի կրնար երեխաներին տեղ մը դնել, որ երթա աշխատի: Պատերազմը շատ բան ըրավ, ամեն մեկին տեսակ մը չարչարանք, տեսակ մը մտահոգություն, մեր հիմքը քանդեց’’,-ցավով է ասում Լուսին Բահարյանը:
Սիրիահայ ընտանիքները Հայաստանում ստիպված են ամեն ինչ զրոյից սկսել: Լուսին Բահարյանի գլխավոր մտահոգությունն այժմ Հայաստանում սեփական տանիք ունենալն է:
‘’Այստեղ տուն գնելը շատ դժվար է, պետությունը գոնե սիրիահայերուն պետք է ձրի տուն տա, կարեւոր չէ որտեղ , ծայրամաս լինի, ուր որ լինի, կարեւորը մենք վարձ չտանք, եթե տուն ըլլա, մենք վարձից ազատվենք, ապրելը` մի կերպ կապրենք’’,-ասում է նա:
Շատ սիրիահայեր այսօր Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, դեպի Եվրոպա են ձգտում: Հայաստանից սիրահայերը հնարավորության դեպքում մեկնում են Գերմանիա, Շվեյցարիա կամ Հոլանդիա: Լուսին Բահարյանն ասում է` սիրեց Երեւանը: Ընտանիքը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի:
‘’Սա մեր հայրենիքն է, մենք պետք է մնանք, ինչպես Հալեպն ենք պաշտպանել, այստեղ էլ նույնը պետք է ըլլա, հայը պետք է տուն գա, Հայաստանը շենացնի, բայց ցավոք, հոս եկողը էստեղեն դուրս կերթա: Ես դեմ եմ դրան, բայց միեւնույն ժամանակ, այստեղի կյանքը թանկ է, աշխատավարձը քիչ է, հենց դա մեզ կնեղե’’,-ասում է տիկին Լուսինը:
Մարիաննա Ղահրամանյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»
«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»
Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին
Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի
Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան
Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին
ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք
«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»
Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը
Դիտումների քանակը` 4101