Հանուն «ընտանեկան արժեքների»…

 

Պահածոյացնենք կանանց աշխարհընկալո՞ւմը 

Գենդերային հավասարության հակառակորդները միայն տղամարդիկ չեն։ Ու ոչ միշտ են տղամարդիկ։ Հաճախ մամուլի էջերում հենց կանայք են անվերապահորեն պաշտպանում այսպես կոչված ավանդական հասարակության կողմից իրենց «վերապահված» տեղը՝ քաղաքական գործընթացներում կանանց մասնակցությունը գնահատելով որպես «թույլ սեռի հերթական քմահաճույք»։

 

Բնականաբար, յուրաքանչյուր տեսակետ գոյության իրավունք ունի։ Միակ խնդիրն այն է, որ այն «ավանդույթները», որոնց վրա խարսխված է նման դիրքորոշումը, ոչ այնքան ավանդույթներ են, որքան դոգմաներ։ Ինչ-որ մեկին դուր է գալիս կառչել վաղուց իր դարն ապրած հասկացություններից, ավելին՝ տարածել եւ հրամցնել որպես Ճշմարտություն, թեեւ ըստ էության խոսքն առասպելների մասին է։

 

Առասպել թիվ 1.

Ավանդական հասարակությունները լրջորեն չեն ընդունում կնոջը քաղաքականությունում։

 

Մենք, անշուշտ, հեռու ենք (օ՜, ոչ այնքան հեռու, որքան թվում է) այն օրից, երբ մեր երկրում կլինի նախագահի պաշտոնին հավակնող կին թեկնածու։ Արժանի թեկնածուի դեպքում կարելի է չկասկածել, որ նա համարժեք կընկալվի։ Այլ հարց է, որ կանցնեն մի շարք ընտրություններ, մինչև  կինը կարողանա զբաղեցնել երկրում բարձրագույն պետական պաշտոնը։ Ու պատճառը ոչ միայն նավթալինահոտ կարծրատիպերն են, այլև  տղամարդկանց կոպիտ չափանիշներով ձևված մեր ընտրական համակարգը։ Պատճառը նաև  կնոջ սոցիալական դիրքն է։ Ընտրություններին մասնակցելու համար, հայտնի բան է, անհրաժեշտ են ոչ քիչ նյութական միջոցներ։ Մեր երկրում միջոցները, դարձյալ, ըստ «ավանդույթի», կենտրոնացված են տղամարդկանց ամուր ձեռքերում։ Ընդ որում, միջոցները նրանց ձեռքում են, ով կազմում է հասարակության 10%-ից պակասը։ Ահա թե ինչու ստացվում է, որ քաղաքականությամբ կնոջ զբաղվելու համար դա նախ և առաջ պետք է կամենան տղամարդիկ։ Նրանք պետք է այնքան շռայլ և  վեհանձն լինեն, որ վճարեն նրա ընտրական քարոզարշավը, կամ, եթե խոսքը քաղաքական ուժերի առաջնորդների մասին է, ընդգրկեն նրան իրենց կուսակցական ցուցակներում, ընդ որում՝ ապահովելով անցողիկ տեղ։ Արդյոք շա՞տ են մեզանում նման «շռայլ» տղամարդիկ։

 

Այս հարցին պատասխանելը դժվար չէ, եթե հաշվի առնենք, որ օրենսդիր, գործադիր և  դատական իշխանություններում կանանց ներկայացվածությամբ մենք զիջում ենք տարածաշրջանի մեր բոլոր հարևաններին։ Կանայք, ովքեր առավել կամ պակաս չափով մասնակից են երկրում որոշումների ընդունմանը, իրենց՝ այսպես ասենք՝ քաղաքական գոյությամբ պարտական են տղամարդկանց։ Սրանում է իրավիճակի անհեթեթությունը։ Այլ ոչ թե նրանում, որ հասարակությունում լրջորեն չեն ընդունում քաղաքականապես ակտիվ կանանց։ Լրջորեն չեն ընդունում թերևս միայն այն կին ակտիվիստներին, որոնք ոչ մի միջոցից չեն խորշում՝ իշխանության բերելու իրենց քաղաքական տղամարդ կուռքերին։

 

Անկախության տարիներին Հայաստանում ստեղծվել են մի քանի զուտ կանանց կուսակցություններ։ Դրանցից ոչ մեկը չի համապատասխանել իր առաքելությանը՝ քաղաքական ուժի առաքելությանը։ Նրանք գործել են հասարակական կազմակերպության սկզբունքով։ Միակ կուսակցությունը, որը խորհրդարանում ձևավորել էր իր կանանց խմբակցությունը, այնուամենայնիվ տղամարդկանց նախագիծ էր՝ խիստ կարճատև , այսպես ասած՝ մեկանգամյա։

 

Այստեղ, իհարկե, կարելի է խոսել նաև  կանանց համերաշխության մասին։ Ակտիվ կին ընտրողների ներուժը համախմբելու բոլոր փորձերը, որպեսզի նրանք գիտակցաբար առաջադրեին իրենց ներկայացուցիչներին օրենսդիր իշխանությունում, նպատակին չեն հասել։ Դարձյալ «շնորհիվ» կարծրատիպերի, «ավանդական հասարակությունում» կնոջ դերի մասին պատկերացումների և  մասամբ իներցիայի։ Կանայք սովորաբար քվեարկում են տղամարդկանց օգտին, նրանք չեն շտապում կոտրելու իշխանության նկատմամբ տղամարդկանց մենաշնորհը։ Նրանց զայրացնում են քաղաքականապես ակտիվ կանայք, որովհետև  իրենք չեն կարող կրկնել նրանց, թող որ, վիճահարույց, բայց հաջողությունը։ Ահա թե ինչու կանանց համերաշխությունը սովորաբար արտահայտվում է այն դեպքերում, երբ պետք է սփոփել և  քաջալերել դավաճան ամուսնուց տառապող ընկերուհուն կամ հարևանուհուն և  այլն։

 

Ամփոփելով՝ մեկ անգամ ևս ընդգծենք. խնդիրը հասարակության կողմից կին քաղաքական գործիչներին ընկալելը չէ։ Խնդիրը իշխանության նկատմամբ տղամարդկանց մենաշնորհն է և  կանանց քաղաքական հավակնությունների սոցիալապես ամրապնդված չլինելը։ Իսկ որ այդ հավակնությունները կան և  երբեմն միանգամայն հիմնավորված են, չարժի կասկածել։ Միայն նրանք, ովքեր տառապում են սեքսիզմով, կարող են լրջորեն պնդել, թե կնոջ ուղեղը տղամարդու ուղեղից փոքր է։ Իսկ եթե այդպես են մտածում նաև  որոշ կանայք, ապա նրանց ուղեղն իրոք փոքր է։ Սակայն սա ամենևին չափանիշ չէ, որով պետք է գնահատել նաև  մյուսներին։

 

Առասպել թիվ 2.

 Քաղաքականությունում կինն անպայման ընդօրինակում է տղամարդկանց վարքագիծը՝ դրանով վնաս հասցնելով բացառապես կանացի գծերին և  կնոջ աշխարհընկալմանը։

 

«Կնոջ ուսերին չափազանց մեծ պատասխանատվություն է ընկած ավանդական ընտանեկան արժեքների, կնշանակի՝ վերջնարդյունքում հասարակությունում ներդաշնակության պահպանման առումով, որպեսզի իր ողջ եռանդը, խելքը, կանխազգացումը և  այլ հատկություններ մսխի նման կասկածելի (քաղաքական) ասպարեզում», –  այսպես են մտածում իգական սեռի որոշ ներկայացուցիչներ, որոնց կարծիքով՝ «տղամարդու աշխարհ մտնող կինը պետք է ընդունի նրա կանոնները և  գրեթե միշտ՝ ի վնաս բնության կողմից իրեն տրված հատկությունների և  կնոջ աշխարհընկալման։ Իսկ մեր օրերում, երբ բազմաթիվ քաղաքական գործիչների մակարդակը, ավաղ, կարող էր ավելի բարձր լինել, որքանո՞վ հարմարավետ է զգում իրեն կինը նման միջավայրում»։

 

Դժվար է հասկանալ, թե ի՛նչն է ավելի շատ մտահոգում նման մտքեր ծնող հեղինակներին՝ կին քաղաքական գործչի հարմարավետությո՞ւնը, թե՞ տղամարդու աշխարհում նրա հարմարեցման  կողմնակի հետևանքները։ Փորձենք «հանդիպակաց» հարցեր ուղղել. որքանո՞վ է հաճելի կնոջն ապրել այն զգացումով, որ ինչ-որ մեկը գծել է իր «առաստաղը»։ Դե իսկ եթե կինը շարունակ գլխով խփում է այդ նշաձողի՞ն։ Եվ արդյոք քաղաքականությունը չի դարձել զուտ տղամարդկանց աշխարհ, որ բազում կանայք ձևացնում են, թե բավարարված են իրենց սահմանափակ պայմանականություններով, նախապաշարումներով, կարծրատիպերով, կարգավիճակով։

 

Իսկ եթե կինը կարող է ավելի՞ն, քան միայն զբաղվել տնտեսությամբ կամ ըստ մասնագիտության զուտ «կանացի» գործով։ Բնատուր կանանց հատկությունները, պետք է ենթադրել, արտահայտվում են նրանով, որ լինեն թխսկան, հոգ տանեն օջախի ջերմության մասին, սպասեն ամուսնուն աշխատանքից հետո։ Կամ՝ եթե ամուսինը աշխատանք չունի, ամբողջ տնտեսությունը կրեն իր ուսերին՝ օջախին «փայտեր» ավելացնելով և  մեղմորեն ժպտալ՝ ձմռան համար պահածո փակելով։ Իսկ ո՞վ է ասել, որ սրանք իսկական կանանց հատկություններ են և  իրական ընտանեկան արժեքներ։ Եվ որ իշխանությունում գտնվող կինը իր հարևանուհի տնային տնտեսուհուց այդ ամենն ավելի վատ կանի, և  որ նրանից ընտանիքին օգուտը քիչ է։

 

Բնավ պարտադիր չէ, որ պատասխանատու պաշտոնում կինն անպայման տղամարդ գործընկերներին ընդօրինակի։ Այս թեզիսը, եթե դեռ չեք հասկացել, հնացել է։ Ընդհակառակը՝ միտումներն այնպիսին են, որ հիմա ընդունված է ընդգծել կանացիությունը, եթե նույնիսկ այն ի ծնե չի էլ եղել։ Համենայն դեպս, սա ամենագլխավոր հարցը չէ, որովհետև  կարևոր չէ, թե կին նախարարն ինչ քայլվածք, ինչ խոսելաոճ ունի և  այլն։ Չէ՞ որ մենք չենք դատում տղամարդ նախարարներին այս չափանիշներով, մեզ առանձնապես չի հուզում, թե կառավարության անդամը բռի, անտաշ  է, ինչպես «վայել» է տղամարդուն, կամ շատ խնամված է… Իսկ այն, որ կինը կարող է ինչ-որ բան կորցնել՝ աշխատելով տղամարդկանց միջավայրում, ընդ որում՝ ոչ այնքան կիրթ, ապա այս հարցին նախընտրելի է մյուս կողմից մոտենալ՝ արդյոք հասարակությունը կշահի՞ նրանից, որ այս կամ այն գծերով օժտված կինը, որն ունի այս կամ այն ծառայության ցուցակ, լինի նախարար։  Չափանիշը պետք է մեկը լինի՝ անկախ սեռից։

 

Կնոջ աշխարհընկալումը պահածոյացնելու համար սմբուկ չէ։ Աշխարհն ի սկզբանե «երկբևեռ» է՝ տղամարդու և  կնոջ։ Այնտեղ, որտեղ կա մի հայացք, պետք է լինի նաև  մյուսը՝ հավասարակշռության, ներդաշնակության համար, որպեսզի գործընթացները օպտիմալ զարգանան ընտանիքում, իշխանությունում, երկրում, ողջ աշխարհում։ Կնոջ դիրքի խտրականությունը ինքնաբերաբար հանգեցնում է ձևախախտումների բոլոր ոլորտներում։

 

Նախաստեղծ «կանացի էությունը» տուժում է ոչ թե այն բանից, որ կինը զբաղվում է քաղաքականությամբ։ Այն տուժում է, երբ նրան ճնշում են, երբ ասելիք ունեցող կնոջ բերանը փակում են՝ մատնացույց անելով նրա սեռը։ Գենդերային հավասարության կամ սեռերի հավասարության տեսությունը ծնունդ է առել ոչ կանանց և  տղամարդկանց միջև  սեպ խրելու համար։ Սա ընտանիքի և  պետության շրջանակներում խաղաղ գոյակցության միակ ողջախոհ ձևն է։ Այս տեսությունը չի ոտնահարում ոչ մեկի էությունը, սոսկ ամրագրում է բոլոր մարդկանց իրավունքները, անկախ սեռական պատկանելությունից, ազատ ինքնիրացում, ի դեպ՝ ազատությունից  չզրկելով նաև  նրանց, ով չի կամենում օգտվել այդ իրավունքից։

 

Նանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Դիտումների քանակը` 5397

Գլխավոր էջ