«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

Բազմազավակ ծնողները հաճախ են նման պատասխան ստանում պետական ատյաններից

«Վեց երեխա ունեմ: Ամուսնուս հետ, դառը քրտինք թափելով հող ենք մշակել, երեխաների մեծ մասի համար բարձրագույն կրթություն ապահովել, որ հետո մեզ պես հողի գերին չդառնան: Պետությունից ոչ մի խրախուսանք, ոչ մի շնորհակալագիր…միայն սոցիալապես անապահովների համար նշանակված նպաստ, որը կարելի է ասել ոչ մի բանի էլ չէր բավարարում»,-ասում է Արարատի մարզի գյուղերից մեկում ապրող Լուսինեն:

 

Երեխաների չափահաս դառնալուն զուգահեռ նպաստի չափն էլ քչացրել-քչացրել են, այսօր էլ արդեն հրաժարվում են տալ: Պետական բուհերում ճիշտ է, երկու երեխայիս վարձավճարը զեղչեցին, բայց հսկայական գումարներ էին պետք ճանախարհածախսի համար` մի քանի տարի ամեն օր գյուղից  Երևան, Արարատ քաղաքներ հասնել-վերադառնալու համար:

 

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և կարևորագույն իրավունքներից մեկը բազմազավակ մոր պաշտպանվածության իրավունքներից մեկն է: Հայաստանը շահագրգռված չէ ունենալ ազգաբնակչության աճ, որևէ երաշխքի չի տալիս կնոջը, որ նա ունենա շատ երեխաներ:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Որքանո՞վ է այսօր մեր պետությունն աջակցում և խրախուսում բազմազավակ մայրերին: Պաշտպանվա՞ծ են արդյոք նրանց իրավունքները և որո՞նք են առաջնային խնդիրները » թեմայի մասին խոսելիս ասաց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը, ընդգծելով, որ պատճառները պետք է փնտրել ոչ թե բյուջեի փոքրության, այլ դրա գումարները  տնօրինողների մեջ: Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում չկա բազմազավակ մայր սահմանումը, թե քանի երեխա ունեցողն է համարվում բազմազավակ: Իրավաբանին դիմել են մայրեր, որոնք պետական մարմիններից օգնություն են խնդրել, սակայն նրանց երեսին շպրտել են` «Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»:

 

«Տարբեր պետություններում պրակտիկան տարբեր է, որոշ երկրներում 3 երեխա ունեցողն է համարվում բազմազավակ, մի քանիսում էլ` 5 և ավելի երեխա ունեցողը»,-ասաց բանախոսը, նշելով, որ այդ սահմանման հիմքում վիճակագրական որոշ տվյալներ, այդ երկրի ֆինանսական կարողությունների հաշվարկ է դրված:

 

Նրա դիտարկմամբ, այսօր պետությունը արժանի կերպով օգնություն չի տրամադրում, չի խրախուսում բազմազավակ մայրերին:

 

«Պետությունը պետք է սոցիալական փաթեթ տրամադրի բազմազավակ մորը, ինչը մենք չունենք: Նրանք մեր երկրում ունենք աղքատի կարգավիճակ, քանի որ ստանում են աղքատության նպաստ` 7500 դրամ յուրաքանչյուր երեխայի համար»,-առկա վիճակի մասին իր մտահոգությունը հայտնեց իրավաբանը` հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդու համար մեր երկրում, վերջին տվյալներով, սպառողական զամբյուղը կազմում է 60 հազար դրամ:

 

Ներկայացնելով այլ երկրներում առկա փորձը, իրավաբանը նշեց, աշխատանքի շուկայում եթե մի տեղի համար դիմում է մի քանի մարդ,  ապա առաջնայնությունն անպայման տրվում է բազմազավակ ընտանիքի ներկայացուցչին: Իսկ Հայաստանում գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում բազմազավակ մայրերը: Իրավաբանին շատ են դիմել բազմազավակ կանայք, ովքեր առողջ երեխաներին հանձնում են գիշերօթիկ դպրոց: «Այսօր Հայաստանում երեխաների ավելի քան 41 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Աղքատությունն իր հետ բերում է հիվանդություններ, իսկ դա նշանակում է, որ վտանգված է մեր ապագա սերունդը»,-ասաց կին իրավաբանը:

 

Կրկին անդրադառնալով միջազգային պրակտիկային Մ. Եղիազարյանը նշեց, որ տնտեսական աճի դեպքում երկրների մեծ մասն ավելացնում է սոցիալական ծրագրերն ու դրանց ուղղվող գումարները: «Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ հայտարարում են, թե ունեն տնտեսական աճ, սակայն սոցիալական ծրագրերի մասով որևէ փոփոխություն չենք տեսնում: Նպաստների չափը ավելանում է շատ չնչին, իսկ դրան զուգահեռ կյանքն է թանկանում և ունենում ենք նույն պատկերը, եթե ոչ ավելի վատ»,-ասաց նա:

 

Այս համատեքստում իրավաբանը կարևորում է նաև «Բազմազավակ մայրերի մասին» օրենքի ընդունումը, իսկ ընդունումից առավել` դրա իրականացումը: «Մտավախություն ունեմ, որ կարող են ձևականորեն մշակել ու ընդունել նման օրենք, սակայն այն չիրագործել: Պետությունը չունի առանձին սոցիալական աջակցություն` նախատեսված բազմազավակ մայրերի համար»,-նկատեց իրավաբանը: Ֆրանսիայում օրինակ հասել են այն կետին, որ պետությունը հատուկ գումար է հատկացնում բազմազավակ կնոջը` յուրաքանչյուր երեխայի համար մեկ դայակ պահելու համար:

 

«Պետությունն այդպիսով շնորհակալություն է հայտնում կնոջը: Իսկ մեր երկրում կյանքը խթանելու փոխարեն խթանում ենք մահը, որովհետև կինը ստիպված է շատ դեպքերում գնալ արհեստական վիժման` գիտակցելով, որ չի կարող պահել 4-րդ և 5-րդ երեխային: Ինո՞ւ ենք մարդկանց զրկում մայրանալու իրավունքից»,-ասաց իրավաբանը:

 

Խնդիրների մասին բազմազավական մայրերը տեղյակ են պահել տարբեր գերատեսչություններիկ, սակայն մինչ օրսը, բանախոսի հավաստմամբ, դրանց լուծմանն ընթացք չի տրվել:

 

Իրավաբանն այսօր էլ չի կարողանում հասկանալ, թե ստեղծված իրավիճակը ոլորտի պատասխանատուների վրիպե՞լու, թե դիտավորյալ վարվող քաղաքականության հետևանք է:

 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 27-ի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ գործադիրը աննպատակահարմար է համարում ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանի օրենսդրական նախաձեռնութանը, քանի որ, նրա հիմնավորմամբ,  գործադիրն արդեն իրականացնում է ծնելիության աճը խրախուսելու միջոցառումներ: Նախարարը թվարկեց «Ծննդօգնության պետական հավաստագիր» նպատակային ծրագիրը, որով ծննդօգնությունը դարձել է անվճար, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվող 50 հազ. դրամ միանվագ գումար, իսկ երրորդ և հաջորդ երեխայի համար` 430 հազ. դրամ: Կառավարությունն արդեն հայտարարել է նախատեսվում է 2014 թ-ից 3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում կիրառել նոր մոտեցում` երրորդ երեխայի միանվագ տրվող գումարի չափը հասցնել 1 մլն դրամի:

 

Ժողովրդագրագետների մեծ մասն այն կարծիքին է, որ այդ գումարը պետք է տրվի ոչ թե 3-րդ, այլ 2-րդ երեխա ունենալու համար, քանի որ շատ ընտանիքներ սահմանափակվում են մեկ երեխայով:

Հ. Կարապետյան

Կարդացեք նաև  մեր կայքում.

 

Կառավարությունը դեմ է «Պատվավոր մայր» և «Մայրական սխրանք» կոչումներին

 

Բազմազավակ մայրերը պետությունից հարգանք են պահանջում  

 

 

Դիտումների քանակը` 4818

Գլխավոր էջ