«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

Մարիամն ու Ադրինեն (անունները փոխված են) Երևանի հատուկ դպրոցներից մեկի շրջանավարտներից են: Դպրոցը հատուկ է կոչվում, քանի որ այստեղ սովորում են միայն մտավոր խնդիրներ ունեցող երեխաները: «Ինչքան էլ պատմեմ, մեկ ա` չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»,- ասում է Մարիամը:

 

«Հիշում եմ` մի անգամ մեր դպրոցի աշխատողներից մեկի հետ ավտոբուս էինք նստել, ես արդեն 15 տարեկան էի, շատ բաներ հասկանում էի: Ավտոբուսում մի տղա ինձ էր նայում, մի քիչ երկար նայեց, մեր դպրոցի աշխատողը կոպտեց էդ տղային, ասեց՝ ի՞նչ ես նայում, ինքը «դոդանոցի էրեխա» ա, իզուր մի նայի…»,- պատմում է Մարիամը:

 

Ադրինեն ևս իրեն ճնշված է զգացել հատուկ դպրոցում և երկու անգամ փորձել է այնտեղից փախչել: «Մեր էրեխեքը տարբեր աստիճանի մտավոր խնդիրներ ունեին, ու իմ կարծիքով ճիշտ չէր բոլորիս մի տեղ հավաքելը, ինձ դուր չէր գալիս այդ դպրոցը: Ես շատ կուզեի սովորական դպրոց գնայի, էնտեղի էրեխեքն էլ են իրարից տարբեր, մեկը խելացի ա, մեկը՝ էդքան էլ չէ, բայց իրենց ոչ ուսուցիչները, ոչ էլ մյուս մարդիկ այդպես չեն անվանում, ինչպես մեզ»:

 

Ադրինեի կարծիքով՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն ավելի լավ կկրթվեն սովորական` հանրակրթական դպրոցներում: «Մարդը ե՞րբ ա լավ սովորում, երբ աչքի առաջ օրինակ ունի, երբ տեսնում ա, որ իրա դասարանի էրեխեքն էլ են սովորում… Մենք լիքը աշակերտներ ունեինք, որ կարային սովորեին, ուղղակի ուսուցիչներին թվում էր, թե բոլորը նույնն են, ու նորմալ չէին սովորեցնում»:

 

Մարիամն էլ նշում է, որ հասարակությունը բացասական վերաբերմունք է դրսևորում հատուկ դպրոցի աշակերտների նկատմամբ. «Մարդիկ որ իմանում են հատուկ դպրոց ես գնացել, միանգամից մտածում են, որ դու աննորմալ ես, գիժ ես, ոչ մի բան չես հասկանում… Մեզ էնքան էին ասել «դոդանոցի էրեխա», որ մենք էլ էինք սկսել հավատալ, որ էդպիսին ենք…»:

 

Դպրոցն ավարտելուց հետո աղջիկները նոր դժվարությունների առաջ կանգնեցին: Մարիամը դեռևս չի կարողանում իր տեղը գտնել կյանքում, սկզբից ինչ-որ ծանոթների միջոցով գիշերային ակումբում աշխատանքի տեղավորվեց, հետո Ռուսաստան գնաց, այժմ ավագ քրոջ մոտ է ապրում, ասում է` ժամանակավորապես: Ադրինեն ամուսնացել և բաժանվել է, այժմ մատնահարդար է աշխատում…

 

Նշենք, որ  Հայաստանում այսօր  գործում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, որտեղ 2013-2014 ուսումնական տարում սովորել է շուրջ 2300 երեխա: Այդ դպրոցներից  15-ը նախատեսված են մտավոր հաշմանդամություն  ունեցող երեխաների համար:

Արման Ղարիբյան

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

 

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

 

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

 

«Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»

 

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

 

Դիտումների քանակը` 4420

Գլխավոր էջ