«Չեմ կարող հանգիստ քնել, եթե հարեւանի տանը խնդիր կա»…

Աթենքի հայկական թաղամասերում Աղավնի Մկրտչյանին գրեթե բոլորն են ճանաչում: Եթե նրան չեն դիմել օգնության խնդրանքով, ապա լսել են նրա ու նրա գործունեության մասին: Աղավնին չի էլ հիշում, թե տարիների ընթացքում քանի հոգի է իրեն օգնության խնդրանքով դիմել, քանի հոգու է փրկել կալանքից, քանիսի համար է կարողացել անվճար բուժման թուղթ հանել կամ լուծել հարկային ու այլ մարմինների հետ ծագած վեճերը…

Աղավնին Աթենքում է բնակվում 1993-ից, սակայն կապը հայրենիքի հետ միշտ պահպանել է: Հունաստանում հաստատվել է կյանքի ու գործի բերումով:

 

Բնավորությամբ աշխույժ, ուրիշների խնդիրներով մտահոգվող ու անտարբերությունն ատող Աղավնին 2007-ին հիմնում է «Հույն-ռուս-հայ բարեգործական»  միությունը, որի նպատակն էր օգնության ձեռք մեկնել կարիքավորին:

 

«Միությունը ստեղծվեց, երբ ինձ համար ակնհայտ դարձավ պարզ ճշմարտություն. բազմաթիվ հայաստանցիներ լուրջ խնդիրներ են ունենում Հունաստանում: Նրանք չեն տիրապետում լեզվին, հետեւաբար տեղյակ չեն իրենց իրավունքներին, փաստաթղթղերի առումով պրոբլեմներ ունեին, իսկ Եվրամիության անդամ Հունաստանում նման բացթողումները չեն ներվում»,- ասում է Աղավնին` հավելելով, որ օտար հողում անգամ ամենաուժեղ բնավորության տեր անձնավորությունն է օգնության կարիք զգում:

 

Միության ստեղծումից հետո, առաջին ամենալուրջ հարցն առողջական խնդիրներ ունեցող անձանց օգնելն էր: «Այդպիսիք շատ էին: Տեղյակ չէին, թե ինքն ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել, ինչպիսի՞ իրավունքներ ունի, կամ հիվանդության դեպքում ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնի: Հետեւաբար, մեր նպատակն այդ մարդկանց օգնելն էր, նրանց լուսավորելը: Երբ մարդուն ճիշտ խորհուրդ ես տալիս, դա արդեն մեծ բան է: Շատերն օրենսդրությունից տեղյակ չեն, օրենքներին չեն տիրապետում, եւ նրանց համար շատ ավելի բարդ ու վտանգավոր է օտար հողում բնակվելը»:

 

Ժամանակի ընթացքում կազմակերպության անդամները սկսեցին նաեւ իրավաբանական լուրջ օգնություն եւ խորհրդատվություն տրամադրել:

 

«Ապրելու կամ աշխատելու իրավունքի, վիզայի կամ անձնագրի ժամկետների երկարացման, հարկային դաշտի հետ կապված խնդիրներ էին ծագում եւ այդ ժամանակ քաղաքացին պետք է տեղյակ լինի օրենսդրությանը կամ դիմի խորհրդատվական որեւէ մարնի` աջակցություն ստանալու համար», – ասում է Աղավնին` շեշտելով, որ սկզբնական շրջանում իմացած գիտելիքների շնորհիվ օգնում էր հարեւաններին, ծանոթներին, հետո ծանոթների ծանոթներին եւ այդպես կարճ ժամանակահատվածում կազմակերպության գոյության եւ գործունեության մասին բոլորն իմացան:

 

«Մի կարծեք, թե ես հրեշտակ եմ կամ ամենազոր, որ փայտիկի մի հարվածով լուծում է բոլոր խնդիրները: Նման բան չկա: Ուղղակի, ես ուսումնասիրում եմ, հետեւում եմ քաղաքականությանը, գիտեմ օրենքներն ու իրավաբանություն: Հենց դա է պատճառը, որ կարողանում եմ աջակցել մարդկանց: Իհարկե լինում են բազմաթիվ դեպքեր, երբ որեւէ կերպ հնարավոր չէ մարդուն օգնել. օրենքը թույլ չի տալիս, մենք նստում ենք, խոսում, հասկանում միմյանց ու որոշում, թե ի՞նչ պետք է անենք հասնելու խնդրի լուծմանը: Գիտեք, չի կարելի ապրել անտարբեության մեջ, եթե մեկի տանը խնդիր կա, մեկի տանը վիշտ է, դու չես կարող հանգիստ ապրել: Ես այդ տեսակից եմ, չեմ կարող հանգիստ քնել, եթե գիտեմ, որ հարեւանի տանը խնդիր կա», ասում է Աղավնին` հավելելով, որ կազմակերպությունը բարեգործական հիմունքներով է գործում: Խորհրդատվության համար գումար չի գանձվում:

 

«Այն շնորհակալությունն ու լավ խոսքերը, որ մենք լսում ենք, այն բարեմաղթանքները, որ ասում են ինձ ու իմ երեխաներին, արդեն բավարար է, որպեսզի ես կրկնակի եռանդով աշխատեմ»:

Հասմիկ Հարությունյան

Աթենք-Երեւան

Դիտումների քանակը` 3252

Գլխավոր էջ