«Մեր սաներից շատերը տաղանդավոր են ու հետաքրքիր աշխարհայացք ունեն»
«Փրկություն» հասարակական կազմակերպությունը մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների միակ փրկությունն է դպրոցն ավարտելուց հետո, երբ նրանք հետագա կյանքում սոցիալականացման խնդրի առաջ են կանգնում:
«Նրանք իրականում տեղ չունեն գնալու, դպրոցն ավարտելուց հետո նրանց ոչ ոք աշխատանքի չի վերցնում, Հայաստանում որևէ վայր չկա, որտեղ նրանք կարող են գնալ և իրենց ազատ զգալ, որտեղ նրանց ոչ ոք չի ծաղրի կամ մատով ցույց չի տա»,- WomenNet.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ տնօրեն Արփինե Աբրահամյանը:
«Փրկությունը» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության միակ կենտրոնն է, ուր հաճախում է 66 երիտասարդ Երևանի տարբեր համայնքներից, ինչպես նաև Արզնուց և Փարաքարից: Մեր այցելության պահին կազմակերպության տնօրենը նստած էր տաղավարում՝ կենտրոնի սաների կողքին:
«Հավատացեք` եթե այստեղ չգան, ապա նրանցից շատերը պոտենցիալ մուրացկաններ են, նրանց մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է: Կազմակերպելով նրանց ցերեկային խնամքը՝ մենք հնարավորություն ենք տալիս ծնողներին աշխատելու, իսկ երեխան ապրում է իր ընտանիքում՝ չխանգարելով ընտանիքի առօրյայի կազմակերպմանը»,- ասում է տիկին Աբրահամյանը և մեկ առ մեկ ծանոթացնում իր սաների հետ:
Խնամքի կենտրոնի բացօթյա տարածքը գտնվում է բարձրահարկ բնակելի շենքի անմիջական հարևանությամբ: Տնօրենի խոսքով՝ նախկինում շենքի բնակիչները վատ են վերաբերվել «Փրկության» շահառուներին. «Գիտեք` որքան ենք պայքարել, որպեսզի վերևից աղբ չգցեն, լոլիկ ու սմբուկ չնետեն մեր սաների վրա… Մարդկանց մոտ կարծրատիպ կա, իբր մտավոր խնդիրներ ունեցողները վտանգավոր են, բայց նրանք ընդամենը ուշադրության և լավ վերաբերմունքի կարիք ունեն»:
Արփինե Աբրահամյանը սեփական օրինակով է ապացուցում, թե ինչպես կարելի է փոխադարձ հարգանքի և սիրո մթնոլորտ ստեղծել մտավոր հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ: «Տեսնում եք, թե մեր այգին որքան խնամված է, մեր սաներն են խնամում: Սա հսկայական աշխատանքի արդյունք է: Եթե մարդասեր չլինես, չես կարող աշխատել մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հետ»,- ասում է փորձառու մանկավարժը:
Արփինե Աբրահամյանը պատմում է, որ աշխատում են կենտրոնի սաներին տարբեր տեղեր տանել, էքսկուրսիաներ են կազմակերպում, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել նրանց հասարակական վայրերում շփվելու կարողությունները: Սակայն նկատում է, որ հասարակությունը դեռ այնքան էլ պատրաստ չէ ընդունելու իրենցից տարբերվող մարդկանց, խնդիրներ հաճախ են լինում…
Խնամքի կենտրոնում փորձում են հետաքրքիր դարձնել երիտասարդների առօրյան, տարրական ուսուցումից բացի այստեղ գործում է բազմամասնագիտական խմբի ծառայությունը, ինչպես նաև խմբակներ կան՝ ձեռագործի, նկարչության, բրնձագործության, կավագործության, թատերական և այլ: Կենտրոնի համակարգող Անուշ Եղիազարյանը մեզ է ցույց տալիս շահառուների պատրաստած կավե աշխատանքները, գործած պայուսակներն ու նկարները: «Նրանցից շատերը տաղանդավոր մարդիկ են ու հետաքրքիր աշխարհայացք ունեն»,- ասում է Անուշը:
«Փրկություն» հասարակական կազմակերպությունը փորձում է նաև լուծել մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների զբաղվածության հարցը: Կենտրոնը ստանում է նաև պետական որոշակի աջակցություն՝ աշխատակազմի աշխատավարձը և կոմունալ վարձերի գրեթե 50 տոկոսը, սակայն դա չի բավարարում նույնիսկ տարրական կարիքները հոգալու համար:
«Մեր ծառայություններն անվճար են, միայն ունենք ֆոնդի սիմվոլիկ գումար՝ ամսական 2000 դրամ, որը հնարավորություն է տալիս փոքր հարցեր լուծելու»,- ասում է կենտրոնի տնօրենը:
Կենտրոնին որոշակի օգնություն են ցույց տալիս մասնավոր ընկերություններն ու անհատները. «Շատ խնդիրներ ունենք, շուտով ամառ է, իսկ ես արդեն պետք է մտածեմ, թե ինչպես ձմռանը լուծել ջեռուցման վարձի հարցը: Պետությունը պետք է նման կենտրոններ ստեղծելու համար ավելին անի, քանի որ «Փրկությունն» այսօր եզակիներից է մեր հանրապետությունում»,- ասում է Արփինե Աբրահամյանը:
Արման Ղարիբյան
Լուսանկարները՝ հեղիանկի
եւ «Փրկություն» կենտրոնի արխիվից
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»
«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…
Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ
«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…
Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում
«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»
«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …
Դիտումների քանակը` 3868