«Նման մարդիկ ոստիկանի ուսադիրներ չպետք է կրեն». Հրայր Թովմասյան

 

Կոմիտաս 5 փողոցում ոստիկանների գործողությունները իրավաչափ էին-նման տեսակետ  ՀՀ կառավարության  նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

«Ես ձեզ կարող եմ տասնյալ երկրներ թվարկել, որտեղ քաղաքային կամ միջքաղաքային ճանապարհները փակելու համար նաև քրեական պատասխանատվություն է նախատեսվում, և որևէ հանրային միջոցառում փողոցներում չի թույլատրվում, քանի որ մարդու իրավունքները դադարում են գործել, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը»,- ասաց Հ.Թովմասյանը:

 

Անդրադառնալով  ոստիկանների և քաղաքացիների միջև բախման ժամանակ տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես սեռական բնույթի հայոյանքներին,  կամ ասենք այն դրվագին, ըստ որի՝ ոստիկանը «թիկունքից փաթաթվել» ու համբուրել է «քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ» պարանոցը, նախարարը նշեց, որ կարող են լինել դեպքեր, երբ ոստիկանը գերազանցած լինի իր լիազորությունը: Սակայն, ըստ նրա, դրանք  պետք է առանձին ուսումնասիրել: «Կարող են լինել այն դրվագները, որոնց մասին ԶԼՄ-ները գրում են`  սեռական բնույթի հայհոյանքներ և այլն: Դա ոչ ոք չի կարող բացառել: Ցավալի կլինի և ես շատ կափսոսամ, որ մեր ոստիկանությունում դեռևս նման մարդիկ կան: Նման մարդիկ ոստիկանական ուսադիրներ չպետք է կրեն, քանի որ դա նշանակում է, որ  տվյալ մարդը իրեն տիրապետելու, հավասարակշռության առումով խնդիրներ ունի»,- ասաց Հ. Թովմասյանը:

 

 

Նախարարը, ճանաչելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին,  համոզված է, որ նա նման ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն: «Ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունները ես դրական եմ գնահատում: Իսկ այդպիսի իրավիճակներ, ցավոք սրտի, դեռևս կան: Մի կողմից քաղաքացիական հասարակությունը փորձում է դիրքավորվել, մյուս կողմից` պետք է հասկանալ, թե մինչև որ աստիճանը կարող ենք դա թույլատրել: Այսինքն` այստեղ խաղի կանոնների կամ փոխադարձ հարգանքի սահմանագիծ պետք է ունենանք»,- ընդգծեց Հ.Թովմասյանը:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 5393

Գլխավոր էջ