«Յուրաքանչյուր հաջորդ ընտրության հարկավոր է պատրաստվել նախորդ ընտրություններից անմիջապես հետո»…

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Եվրամիությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ գործընկերությամբ  պաշտոնապես ազարարեցին  «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացում» եռամյա ծրագրի մեկնարկը:

 

 

Նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու կանանց մասնակցությունը տեղական ընտրություններում և կիրառելով  մի շարք նորարարական մեթոդներ՝  զարգացնելու առաջնորդության  պոտենցիալ ունեցող  կանանց կարողությունները,   խորացնելու նրանց  գիտելիքները, օգնելու  հաղթահարել իրենց առաջընթացը արգելակող  սահմանափակումները,  դրանով իսկ մեղմելով  գենդերային անհավասարակշռությունը  տեղական ինքնակառավարման  մակարդակում:

 

 

«Իմ գնահատմամբ` այս ծրագիրը ոչ միայն կարևոր ու արդիական է, այլև փոքր-ինչ ուշացած, որովհետև յուրաքանչյուր երկրում  ժողովրդավարության հիմքը տեղական ինքնակառավարումն է:  Ինչքան էլ մենք վերևներում աշխատենք և փորձենք  օրենսդիր կամ գործադիր իշխանության  մակարդակում հավասարակշռել կանանց և տղամարդկանց  ներկայացվածությունը, մենք չենք կարողանա նպատակին հասնել, եթե  կանայք կշարունակեն անմասն մնալ  իրենց իսկ համայնքների  զարգացման ու կառավարման գործընթացներում:  Այս առումով  ծրագիրը, որ սկիզբ է առնում, առավել քան  կարևոր է», -WomenNet.am-ին ասաց «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

 

 

Մեր զրուցակցի դիտարկմամբ,   գուցե  ՏԻՄ ընտրությունները արդեն կայացան,  բայց եթե հիշենք, որ  յուրաքանչյուր հաջորդ ընտրության հարկավոր է պատրաստվել նախորդ ընտրություններից անմիջապես հետո , ապա  իսկ ժամանակն է զբաղվել կանանց մասնակցությունն ընդլայնելու  խնդրով, քանի որ Հայաստանն անշուշտ շատ  անելիքներ ունի այդ ուղղությամբ:

 

 

«Մի կողմից ՝այս ընտրություններից հետո  ակնհայտ ունենք որոշակի տեղաշարժ` կանայք ցանկություն ունեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, բայց կանանց մի  մասը չունի բավարար փորձ, մյուս մասը բավարար գիտելիքներ, որպեսզի ճիշտ մասնակցի ընտրական գործընթացներին և չունեն  նաև միջոցներ: Այս իմաստով լուրջ անելիք ունեն նաև քաղաքական կուսակցությունները, որոնք միտված են աջակցելու իրենց անդամներին ակտիվորեն մասնակցելու քաղաքական այս գործընթացներին»,- նշեց  Ջ.Հասրաթյանը:

 

 

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»-ն եռամյա այս ծրագրի շրջանակում իրականացնելու է կին առաջնորդների կարողությունների բարձրացմանը նպատակաուղղված  բաղադրիչը ` կանանց ՏԻՄ  համակարգում ավելի լայն ներգրավելու համար:  Նախատեսվում է անցկացնել  թրենինգներ, կանանց ակտիվի հետ մարզային հանդիպումներ, կլոր սեղաններ և այլն:

 

 

Ծրագրի մեկ այլ  բաղադրիչը իրականացնելու է ««Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» (APRA): Այն միտված է  քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների կարողությունների և գիտելիքների ամրապնդմանը ՝ կանանց ու տղամարդկանց ոչ կարծրատիպային ներկայացումը խթանելու նպատակով:

 

 

Շնորհանդեսի ընթացքում APRA-ի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում աշխատելու են մի քանի թիրախային խմբերի հետ` գենդերային հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների,  ԶԼՄ-ների  հետ, ինչպես նաև երիտասարդության շրջանում ՝ գենդերային կարծրատիպերի հանդեպ վերաբերմունքը  փոփոխելու նպատակով՝  իրազեկության բարձրացման ու սոցիալական ցանցերի ակտիվացման միջոցով:

 

 

Իսկ այն,որ իրավիճակը գենդերային տոլերանտության առումով հուսադրող չէ, հատկապես հայաստանյան լրատվամիջոցներում` դրա մասին են վկայում հենց APRA-ի կողմից վերջերս անցկացված  հատուկ մոնիթորինգի արդյունքները.

 

 

«Մոնիթորինգի արդյունքում շուրջ 4 հազար օնլայն- նորությունների դիտարկման  արդյունքում մենք  չենք հանդիպել որևէ  նյութ, որ կվերաբերվեր գենդերային խնդիրներին կամ որում  կարծարծվեր կանանց հիմնախնդիրներն ու ընտրություններում նրանց մասնակցության հնարավորությունները  : Եվ միայն 5 տոկոս նյութերի մեջ է, որ կանայք հիշատակվում էին: Նույն վիճակն է թե տպագիր մամուլում, և թե հեռուստատեսությունում, ընդ որում հեռուստատեսային  որոշ թոք-շոուներում  արձանագրել ենք վառ արտահայտված գենդերային կարծրատիպեր, որոնք գրեթե այս ֆորմատից անպակաս են»,- նշեց իր խոսքում  Տ.Փիրումյանը:

 

 

Նշենք, որ ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԶԱԾ-ի  մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան իր ելույթում  կարևորեց  ՀՀ-ում ՏԻՄ համակարգի զարգացումը և գենդերային հավասարության խթանումը:

 

 

«Հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մանդատի գլխավոր  անկյունաքարերից են և ճիշտ ժամանակին մեկնարկած այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել կանանց և տղամարդկանց մասնակցությանը կառավարման և որոշումների կայացման գործընթացներում` Հայաստանում աճող քաղաքացիական ակտիվության համատեքստում»:

 

 

Իսկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, իր հերթին նշեց, որ կանանց և տղամարդկանց հավասարությունը Եվրամիության  հիմնարար արժեքներից է և   նրանք  հավատում են, որ ` խթանելով կանանց ներկայացվածությունը ղեկավար պաշտոններում, այս ծրագիրը կնպաստի  հավասարակշռությանը և շահավետ կլինի Հայաստանի համար երկարաժամկետ  կտրվածքով՝ նորարարության, արդյունավետության  և կայուն զարգացման առումով: Նշենք, որ  Եվրամիությունը հատկացրել է 525,000 եվրո այս նախաձեռնության համար:

 

Է.Մ.

Դիտումների քանակը` 3593

Գլխավոր էջ