«Յուրաքանչյուր կին ու աղջիկ իրավունք ունի ապրելու առանց բռնության». ՄԱԿ-ում ընդունվեց պատմական փաստաթուղթ
ՄԱԿ–ի Կանանց Կարգավիճակի Հանձնաժողովի 57-րդ նստաշրջանը երեկ ավարտեց իր աշխատանքները: Երկարատեւ ու բուռն քննարկումներից հետո հանձնաժողովին հաջողվեց համաձայնեցնել ամփոփիչ փաստաթուղթը, որը դատապարտում է կանանց ու աղջիկների դեմ բռնության ցանկացած դրսևորում եւ միջոցներ առաջարկում այդ երեւույթը վերացնելու եւ կանխարգելելու ուղղությամբ:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կազմակերպության անդամ 130 երկիր համաձայնություն է հայտնել փաստաթղթի ընդունման վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել իշխանություններին «պատմական» հավաքի արդյունքները վերածել կոնկրետ գործողությունների` նպատակ ունենալով պաշտպանել կանանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
«Կանանց դեմ բռնությունը մարդու իրավունքների զարհուրելի խախտում է, գլոբալ սպառնալիք, վտանգ` ուղղված հանրային առողջության դեմ և կոպիտ բարոյական վիրավորանք: Անկախ այն բանից, թե որտեղ են ապրում, ինչ մշակույթ կամ սոցիալական կարգավիճակ ունեն, յուրաքանչյուր կին ու աղջիկ իրավունք ունի ապրելու առանց վախի»,-ասել է Բան Կի Մունը, ավելացնելով, որ կանայք իրավունք ունեն ապրել առանց բռնության և իրենց պոտենցիալն ուղղել ապագայի համար:
17 էջանոց փաստաթուղթը պարտավորեցնում է բոլոր երկրներին ձեռնպահ մնալ կանանց նկատմամբ բռնություններն արդարացնելու համար իրենց ավանդույթներին, սովորույթներին ու կրոնական սկզբունքներին հղումներ անելուց: Այն կոչ է անում ՄԱԿ-ի անդամ-պետություններին խթանել սեռական դաստիարակությունը դպրոցներում, ստեղծել բռնության զոհերին հրատապ օգնության համակարգ և ավելի խիստ պատժել գենդերային հողի վրա կատարված սպանությունների համար: Փաստաթղթով կարևորվում է բռնության ենթարկված կանանց հոգեբանական, բժշկական ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև սեռական ու վերարտադրողական առողջության պաշտպանության անհրաժեշտությունը:
Հռչակագիրը նաև հաստատում է սեռերի իրավահավասարության սկզբունքը, տարբեր ոլորտներում, հատկապես կրթության, քաղաքականության, տնտեսության, սոցիալական հավասար ներկայացվածությունը:
ՄԱԿ-ը հղում անելով իր տվյալներին, նշում է, որ 10 կանանցից 7-ն իրենց կյանքի ընթացքում ենթարկվում են բռնության: 125 երկրներ ունեն օրենք, որոնք պատիժ են սահմանում ընտանեկան բռնությունների համար, միաժամանկ 603 մլն կին ապրում է այնպիսի երկրներում, որտեղ ընտանեկան բռնությունը քրեական հանցագործություն չի համարվում:
«Ընդունելով այս փաստաթուղթը, կառավարությունները հստակեցնում են, որ խտրականությունն ու կանանց նկատմամաբ բռնությունները տեղ չունեն 21-րդ դարում: Հետդարձ չկա»,- եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ 2003-ին նման փաստաթուղթ ընդունելու Հանձնաժողովի փորձը ձախողվել էր, քանի որ անդամ երկրներին չհաջողվեց համաձայնության գալ:
«Շատ ոգևորված եմ ձեռք բերված համաձայնության համար: Պետք է շարունակել առաջ շարժվել` հասնելու այն օրվան, երբ աղջիկներն ու կանայք կապրեն առանց վախի, առանց բռնության ու խտրականության»,- ասել է ՄԱԿ-Կանայք գործակալության նախագահ ՝ Միշել Բաչելետը, «պատմական» անվանելով ընդունված փաստաթուղթը:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դեսպան Կարեն Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում
Բան Կի Մուն. «Այդ կանանց մենք ասում ենք. ՄԱԿ-ը ձեր կողքին է»
Դիտումների քանակը` 3329