«Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը»/ ուղերձ եւ տեսահոլովակ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը
Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա կապակցությամբ
Կանանց և աղջիկների հանդեպ կատարված բռնություններն ուղղակիորեն ազդում են անհատների վրա՝ միաժամանակ վնաս հասցնելով մեր ընդհանուր մարդկությանը: Ի պատասխան այս գլոբալ մարտահրավերին՝ 2008 թ. ես հայտարարեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը» քարոզարշավի մեկնարկը։ Այդ ժամանակվանից ի վեր ամբողջ աշխարհի մեր գործընկերները միացան այս նախաձեռնությանը՝ պաշտպանելու կանանց և աղջիկների բռնություններից ազատ ապրելու մարդկային իրավունքը:
Ես ողջունում եմ շատերի ձայնը՝ ուղղված բռնությունը վերացնելուն, որից, միջին հաշվով, կյանքի ընթացքում տուժում է յուրաքանչյուր երեք կնոջից մեկը: Ես ողջունում եմ այն առաջնորդներին, ովքեր օգնում են ընդունել ու կիրառել օրենքներ, փոխել մարդկանց մտածելակերպը: Եվ ես հարգանքի տուրք եմ մատուցում ամբողջ աշխարհի բոլոր այն հերոսներին, ովքեր զոհերին օգնում են ապաքինվել և դառնալ փոփոխություն տարածող քարոզիչներ:
Անցյալ ամիս՝ ՄԱԿ-ի օրվա տոնակատարության ժամանակ, ինձ բախտ վիճակվեց կրկին հանդիպել այդպիսի մի հերոս՝ բժիշկ Դենիս Մուկվեգեյի հետ, ով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հիմնել է Պանցի հիվանդանոցը՝ բռնության ենթարկված կանանց ընդունելու համար: Բժիշկ Մուկվեգեն ասաց․ «Շատ դեպքերում մենք հուզմունքից արտասվում ենք. ամեն ինչ այնքան վնասված է լինում: Բայց մենք ստիպված ենք գործել: Մենք աշխատում ենք: Մենք շտկում ենք, ինչ կարող ենք, և դա քիչ չէ»: Նա ոգեշնչված է այն կանանց խիզախությամբ, որոնց նա բուժում է, ներառյալ նրանց, ովքեր, իրենց հերթին, օգնում են մյուսներին:
Չնայած բժիշկ Մուկվեգեն առնչվում է կանանց դեմ զինված հակամարտության պայմաններում կատարվող բռնությունների հետ, սակայն այս խնդրով զբաղվելու ու այն լուծելու նրա ցանկությունը պետք է օժանդակի մեր բոլորի ջանքերը օգնելու բոլոր այն կանանց, որոնք բռնության են ենթարկվում տանը, դպրոցներում և քաղաքացիական այլ միջավայրերում ամբողջ աշխարհի, յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր հասարակության կտրվածքով:
Ավանդաբար այս օրը նշվում է որպես Ակտիվության 16-օրյա մեկնարկի առաջին օր: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների օրը, մենք հատուկ ջանքեր ենք գործադրում կազմակերպելու և պայքարելու կանանց դեմ իրագործվող բռնությունների դեմ, որը մարդու իրավունքների համատարած խախտում է: Այս տարի իրազեկության բարձրացման նպատակով մենք ընտրել և կրում ենք նարնջագույնը` այս հարցում մեր աջակցությունը խորհրդանշելու համար:
Փոփոխություն մտցնելու միակ ձևը՝ աջակցությունն է Կանանց հանդեպ բռնության վերացման ՄԱԿ-ի հիմնադրամին, որն օգնում է արձագանքել մարդու իրավունքների խախտումներին և ֆիզիկական անվտանգությունից մինչև տնտեսական ապահովության կարիքներին: Մինչ վերջին տարիներին Հիմնադրամից ստացվող դրամաշնորհների պահանջն ավելի քան կրկնապատկվել է, միջոցները, որ Հիմնադրամն ի վիճակի է եղել տրամադրել՝ կրճատվել են 60 տոկոսով: Ես դիմում եմ բոլոր գործընկերներին օգնելու լրացնել կանանց և աղջիկների դեմ իրականացվող բռնությունը կանխելու և դրան վերջ տալու համար անհրաժեշտ միջոցների այս բացը՝ մեր հետագա ջանքերի իրականացման համար:
Կանանց դեմ բռնություններին վերջ դնելու այս միջազգային օրը հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց կրկին անգամ միավորվելու՝ հանուն կանանց և աղջիկների հանդեպ ամեն տեսակ բռնության կանխման ու դադարեցման:
Բան Կի Մուն
Դիտեք նաեւ «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը» քարոզարշավի տեսահոլովակը.
Դիտումների քանակը` 3053