Օքսֆամ.«Միասին կանգնեցնե՛նք խորացող անհավասարությունը»
Այս խորագրի ներքո աշխարհի տարբեր երկրներում մեկնարկեց այսօր Օքսֆամ միջազգային բարեգործական կազմակերպության կողմից հայտարարված քարոզարշավը: Օքսֆամի հայաստանյան գրասենյակը, որը շուրջ 20 տարի իրականացնում է Հայաստանում մարդասիրական և զարգացման ծրագրեր, այսօր պաշտոնապես ազդարարեց այդ քարոզարշավի մեկնարկը Հայաստանում: Միջոցառումը տեղի ունեցավ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում:
Քարոզարավի սկիզբն ազդարարվեց «Պայքար հավասարության համար. ժամանակն է վերջ տալ անհավասարության ծայրահեղ դրսևորումներին» Օքսֆամի զեկույցի հրապարակմամբ, որը ներկայացնում է մի շարք առավել քան խոսուն փաստեր աշխարհում խորացող անհավասարության մասին:
Օքսֆամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինա Հովհաննիսյանը ՝ համաշխարհային զեկույցի մանրամասները ներկայացնելու հետ մեկտեղ՝ նշեց , որ խորացող անհավասարությունը սպառնում է նաև Հայաստանին, որտեղ աղքատության մակարդակը 32.4 տոկոս է (980 հազար մարդ), որի 13.5 տոկոսը շատ աղքատներն են (408 հազար մարդ), 2.8 տոկոսը՝ ծայրահեղ աղքատները (մոտ 85 հազար մարդ):
Հայաստանում 2012թ. 10 տոկոս ամենապահով բնակչության դրամական եկամուտները գերազանցել են 10 տոկոս ամենաաղքատ խավի եկամուտները 15.9 անգամ, իսկ սպառողական ծախսերի մասով՝ 8.2 անգամ:
ՀՀ ԱՎԾ տվյալներով աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 69.4 մլրդ դրամ՝ ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցներին: Իսկ ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 2 մլրդ դրամ: Սա այն դեպքում, երբ որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամ կտրամադրվի միայն աղքատներին: Այնինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2013-ի ամփոփ տվյալներով` աղքատ ընտանիքների թիվը 241.772 է, իսկ ընտանեկան և սոցիալական նպաստ է ստանում 102.570 ընտանիք, այսինքն միայն 42,4%-ը: ՀՀ ԱՎԾ տվյալներով` 2012-ին ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների միայն 8,8%-ն է ունեցել անվճար բժշկական փաթեթից օտվելու իրավունք: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման բարձր հասցեականության բացակայության պայմաններում, աղքատության հաղթահարման համար պահանջվող նվազագույն ռեսուրսները հարկ է առնվազն կրկնապատկել:
Օքսֆամի հայաստանյան գրասենյակի «Հաշվետու կառավարում» ծրագրի ղեկավար Լիլիթ Չիթչյանի խոսքերով` քարոզարշավի շրջանակներում Օքսֆամը կոչ է անելու համախմբվելու ՝ համընդհանուր քննարկում ծավալելով ներկայիս ամենամեծ խոչընդոտի՝ աղքատության հաղթահարման շուրջ:
«Այս քարոզարաշավի նպատակն է մեկ անգամ ևս ներկայացնել աշխարհում խորացող անհավասարության մասին, որից անմասն չէ նաև Հայաստանը: Այսօր մեր երկրում անհավասարությունը լուրջ խնդիր է դարձել»,- ասաց Լ.Չիթչյանը:
Միջոցառման ընթացքում մատնանշվեցին բազնաթիվ փաստեր, որոնք վկայում են տարբեր ոլորտներում անհավասարության դրսեւորումներին: Օքսֆամի գործընկեր կազմակերպություններից՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանը խոսեց օրերս հրապարակված մեկ այլ զեկույցի ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2014-ի Գենդերային ճեղքվացքի գլոբալ զեկույցի (Global Gender Gap Report 2014 ) մասին, որի տվյալներով Հայաստանը 142 երկրների թվում զբաղեցրել է 103-րդ տեղը՝վատթարացնելով իր դիրքերը վարկանիշային ցանկում անցյալ տարվա համեմատ 8 կետով: Այս զեկույցը աշխարհում կարեւորվում է նրանով, որ բացահայտում է կանանց ներուժի անարդյունավետ օգտագործումը տվյալ երկրի զարգացման գործընթացներում եւ ցույց է տալիս գենդերային անհավասարակշռության և երկրի մրցունակության միջև անմիջական կապը:
Միջոցառմանը ներկա Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ եւ Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին, ընդգծեց, որ բոլոր այն ոլորտներում, որտեղ խնդիրներ կան, դրանցում հատկապես կրկնակի խոցելի են հաշմանդամություն ունեցող մարդիկ, իսկ կանայք` առավել ևս:
«Եթե կանայք ունեն խնդիր մեր երկրում, ապա հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խնդիրներ ունեն: Եթե աղքատ մարդիկ մեր երկրում խնդիրներ ունեն և բնակչության զգալի տոկոսն են կազմում, ապա հաշմանդամություն ունեցող մարդիկ այդ տոկոսի ամենամեծ մասն են կազմում, քանի որ չունեն կրթության, աշխատանքի հավասար հնարավորություններ, ինչպես նաև արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն: Դրա համար, եթե որևէ բան եք նախաձեռնում, ապա յուրաքանչյուր ոլորտի մասնագետ պետք է հիշի, որ դրանցում պետք է նկատի ունենալ նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց»,- ասաց նա՝ հավելելով, որ անգամ այս միջոցառմանը մեծ դժվարությամբ է հասել, քանի որ հարմարեցված տրանսպորտ չկա, միակ հարմարեցված տաքսին չի աշխատել, իսկ ճանապարհներն էլ մատչելի չեն հաշմանդամություն ունեցողների համար: «Միջոցառմանը մասնակցելու համար Կորյուն փողոցից մինչև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ հասել եմ սայլակով, իհարկե ինձ օգնել են նաև ընկերներս»,- ասաց նա:
Նշենք նաև, որ միջոցաումը զուգորդվում էր «Միասին՝ հանուն հավասարության» լուսանկարների ցուցադրությամբ: Լուսանկարները ընտրվել էին Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված մրցույթի շրջանակում: Ցուցադրության նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել մեր կյանքը շրջապատող անարդարության տարբեր դրսևորումների և առաջին հերթին աղքատության վրա:
Հասմիկ Քալանտարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է
Դիտումների քանակը` 4138