«Միակ երազանքս ազատությունն է, ուրիշ ոչինչ չեմ ուզում»…
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, 145 կին-դատապարտյալ, միջին տարիքը 45… Մեկը ամուսնուն է կացնահարել, այնուհետ արդեն անշունչ դիակը զրկել աչքերից. պատճառը` ամուսնու անտանելի խանդը: Մյուսը դարձյալ ամուսնուն է սպանել, սակայն ոչ թե խանդի, այլ ուրիշ պատճառներով… Չնայած նման ծանր հանցագործություններով այստեղ կին-դատախարտյալ քիչ կա, հիմնականում կանայք բանտում են հայտնվում խարդախություն, գողություն կատարելու, ինչպես նաև մարմնավաճառությամբ զբաղվելու համար:
Ինչո՞վ են ապրում նրանց, ի՞նչ հույզեր, սպասումներ, երազանքներ ունե՞ն… դժվար է նրանց հետ խոսել, առավել ևս, երբ լսում ես, թե ինչ հոդվածներով են նրանք դատվել: Ինչպիսի՞ բառեր գտնես նրանց հետ զրուցելից, չես էլ կարողանում կողմնորոշվել` ով էր ճիշտ, ով սխալ, իսկ որն ուղղակի պահի թելադրանքով է գործել … Մի խոսքով անբացատրելի զգացում է …
Անաստասիա. «Զղջում եմ , բայց պետք է ապրեմ»…
-Դրսում շատ բան եմ թողել ու շատ-շատ կարոտող, սպասողներ էլ ունեմ…
-Երեխա՞…
-Երեխայիս այստեղ եմ ունեցել… բայց չեմ ուզում նրա մասին խոսել….
2008թ-ի մարտից գեղեցկադեմ Անաստասիայի համար «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը երկրորդ տունը դարձավ (եթե, իհարկե, այս հաստատությունը կարելի է այդպես որակել), որտեղ նա կանցկացնի երկար ու ծանր 12 տարիներ:
172-րդ հոդված` ավազակային հարձակում. հենց սա է, որ նրան ուղորդել է դեպի ուրիշ աշխարհ, որտեղ գույների փոխարեն իշխում են մռայլ ու գորշ երանգներն ու խիստ զգացմունքները` լինել ուժեղ, որպեսզի դիմադրել, լինել տոկուն, որպեսզի չկոտրվել և լինել խիզախ, որպեսզի կարողանաս տեսնես ճշմարտությունը ու հասկանաս, որ կյանքի այս դաժան շրջադարձի միակ մեղավորը գուցե հենց ինքդ էիր …
Սկզբնական շրջանում Անաստասիան խուսափում էր ցանկացած շփումից. այդ ճանապարհով, պատմում է, անցնում են բոլորը, ով թեկուզ ամենակարճ ժամկետով է այստեղ են հայտնվում` փշալարերից այն կողմ տիրող կյանքը իր կանոններն է թելադրում և հենց դու պետք է հարմարվես դրանց և ոչ թե հակառակը: Սակայն կյանքն այնպիսին է, որ մարդ սովորում է անգամ դրա ամենավատ դրսևումներին` կամաց-կամաց եկավ հանգստություն, բայց ոչ այնպիսին, որ լինում է ազատության մեջ, եկավ հետաքրքրություն` դարձյալ ոչ այնպիսին, ինչպես անցյալ կյանքում. ուղղակի պետք էր մի բանով զբաղվել…
«Մոտ մեկ ամիս առաջ իմ անհատական ցուցահանդեսն էր գաղութի այս դահլիճում` գեղանկար, գունանկար, գրաֆիկա, այն բավականին լավ անցավ: Այն կյանքում ես բավականին ակտիվ հասարակական կյանքով էի ապրում, ցուցահանդեսն էլ դրա մասնիկն էր, որ ապացուցեց, որ պետք է շարունակեմ ապրել»,- պատմում է Անաստասիան, ով երազում է, որպեսզի իր այսօրվա նկարները տեսնի նաև աշխարհը: Տեսնեն նաև արտերկրում` անկախ նրանից, որ ինքն այդ ժամանակ չի կարողանա ներկա գտնվել, քանզի շարունակելու է գտնվել մեկ այլ վայրում` դեռ ութ տարի ունի այստեղ անցկացնելու:
Գեղանկարից ու գունանկարից բացի Անաստասիան կանանց գաղութում շարունակում է կրթվել, օտար լեզուն է թարմացրել ու մի պահ անգամ դատապարտյալներին է այն դասավանդել: Ասում է, որ այդպիսով աշխատում է իրեն տրված ժամանակը զուտ չվատնել:
«Զղջալը առաջին օրվանից եմ զղջում, բայց փորձում եմ ոչ թե բառերով, այլ իմ քայլերով ցույց տալ, որ իսկապես հասկացել եմ դա…Պետք չէ, որ անզգույշ բառը կամ անզգույշ քայլը բերի նրան, որ ուրիշները տուժեն… Չէի ուզի, որ այդպես լիներ, իսկապես չէի ուզի»:
Մի պահ նրա աչքերում արցունքները ամբողջությամբ ծածկում են քարացած հայացքը, ու նա հիշում է, որ ավազակային հարձակման մենակ չի գնացել, և այդ անձն էլ այսօր դատապարտված է ցմահ ազատազրկման, քանզի ամբողջն ավարտվել է մահով.
«Որ հնարավորություն ունենայի այն մարդուց ներողություն կխնդրեի, բայց նա չկա ու չեմ կարող ոչինչ փոխել… չեմ կարող»,- մեկ վայրկյան անց արդեն զգացմունքները տեղի են տալիս դառը իրականությանը:
27-ամյա Անաստասիան երազում է ունենալ այն ամենը, ինչ ունեցել է և ինչը կորցրել է անզգույշ քայլի պատճառով ու լինել ուզած մարդու կողքին: Ասում է, որ անպայման կամուսնանա, երբ վերջապես ազատության մեջ կհայտնվի, ու ամեն ինչ լավ կլինի.
«Չգիտեմ, երևի հենց այսպես էր, որ պետք է լիներ… զղջում եմ, բայց գուցե հետագա քայլերովս պետք է ուղղեմ սխալս, ու պետք է ապրեմ»…
Սեդա. «Ես ոչ մեկի մեջ մեղքս չեմ փնտրում»…
Վառ երկնագույն զգեստով, նույն գույնի օղերով, բարձր ու ձիգ կապած, դառնությունից դեռևս չսպիտակած սև մազերով 23-ամյա Սեդան (անունը իր խնդրանքով փոխված է) արդեն երկու տարի է «Աբովյան»-ում է: Թեև թիվը հնչեցնելով ավելացնում է` «արդեն երկու տարի երեք ամիս».
«Ամեն օրն այստեղ հաշվում ես… ութը տարվա վեց ամսվա ազատազրկման եմ դատապարտվել` 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (ավազակային հարձակում) »,-ասում է նա: Դառը կատակում է` այս թվերի շարանը ամբողջ կյանքում կհիշի, չնայած` երբ գնում էինք «ռազբոյի», ոչ մեկս չէր էլ մտածում հետևանքների մասին. «Գուցե տարիքն էր պատճառը»,-արդարանում է:
Սեդան շատ է նեղսրտում, որ դատարանը հանցագործություն կատարած երեք երիտասարդների` իր և ևս երկուսի տարիքը հաշվի չի առել, բայց ամենից շատ այն , որ ինքը` ամուսնալուծված լինելով, հանցագործության պահին հղի է եղել: Ասում է` դա ոչ միայն մեղմացուցիչ հանգամանք չդիտարկվեց, այլ հակառակը ինչ-որ տեղ ծանրացրեց մեղքը, քանի որ ստացվում էր, որ Սեդան հղի վիճակում ուրիշ բաների մասին մտածելու փոխարեն հանցագործություն է կազմակերպել ու իրականացրել այն.
«Դատարանում ասացին` օրենք չիմանալը դեռ չի ազատում պատասխանատվությունից… Տղես հիմա 4 տարեկան է, ծնողներիս մոտ է»,- պատմում է նա:
«Այն կյանքում» Սեդան վարսահարդարում է սովորել ու հիմա բանտում փորձում է իր հմտությունների կիրառմամբ բախտակից ընկերուհիների արտաքին տեսքը պահել բարձրության վրա: Բացի այդ, նաև համակարգչային դասընթացների է հաճախում ու կարուձև սովորում` զբաղվում է, որ չձանձրանա, «համ էլ էներգիաս եմ վատնում»:
«Ամենից շատ այստեղ նեղվում եմ կարոտից ու նրանից, որ ոչ մի բան էլ չի փոխվելու: Եթե այս համակարգը ինձ ութ տարի տվել է, որպեսզի ես ուղղվեմ, այդպես հաստատ չի լինի, որովհետև ուղղվելու ոչ մի բան այստեղ չեմ տեսնում. ոչ մի բան: Հակառակը` այստեղ ավելի շատ կշեղվես, եթե նորմալ մարդ ես, բայց խնդիրը աշխատակիցների մեջ չի, ովքեր բոլորովին մեղք չունեն, որ ես այստեղ եմ հայտնվել: Ես ոչ մեկի մեջ մեղքս չեմ փնտրում»…
Այնուամենայնիվ, նա ապագայի հետ լուրջ խնդիրներ է կապում, առաջնայինը կամուսնանա, որդուն կմեծացնի արդեն որպես լիարժեք մայր, ով միշտ կողքը կլինի: Չնայած ասում է, որ երբ 30 տարեկանում այս պատերին հրաժեշտ տա, որդին էլ բավականին մեծ կլինի, բայց հույս ունի, որ կհասցնի դեռ մի բան էլ իր կողմից ավելացնի նրա դաստիարակության մեջ:
«Մեզանից յուրաքանչյուրը գիտակցված թե չգիտակցված սխալի, սոցիալական ծանր պայմաններից, կամ չգիտեմ ինչ բերումներով են այստեղ հայտնվել, բայց երազում եմ, որ բոլորս դուրս գանք, որովհետև մենք մայր ենք, քույր ենք, կին ենք… Միակ երազանքս ազատությունն է, ուրիշ ոչինչ չեմ ուզում»…
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 3492