«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Հունիսի 20-ը փախստականների համաշխարհային օրն է։ Օրվա նախօրեին հրապարակված ՄԱԿ ՓԳՀ-ի «Համաշխարհային միտումներ» նոր տարեկան զեկույցը փաստեց, որ կտրուկ բարձրացել է այն մարդկանց թիվը ովքեր ստիպված են փախչել իրենց տներից պատերազմների և հակամարտությունների հետև անքով: 2014-ին բռնի տեղահանվածների թիվը հասել է 60 մլն-ի , վերջին մեկ տարի առաջ 51.2 մլն.-ի և մեկ տասնամյակ առաջ 37.5 մլն.-ի համեմատ: 2014 –ին գրանցված աճը ամենաբարձրն է եղել մեկ տարվա մեջ: Հիմնական պատճառը, որը մարդկանց ստիպում է թողնել իրենց տները, շարունակում է մնալ պատերազմը:
Լուսանակարը ՝ The Guardian – ի / Սիրաիյի փախստականները Թուրքիայի սահմանին /
«Մի կողմից սարսափելի է, որ ավելանում է անպատժելիությունը նրանց համար ովքեր սկսում են հակամարտությունները, և մյուս կողմից նկատվում է միջազգային հանրության կատարյալ անկարողությունը միասնաբար գործելու պատերազմները դադարեցնելու, խաղաղություն կառուցելու և պահպանելու հարցում», – մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեսը, նշելով, որ «աննախադեպ լայնածավալ տեղահանմանն ի պատասխան մեզ անհրաժեշտ է աննախադեպ մարդասիրական արձագանք, հանդուրժողականություն ցուցաբերել և պաշտպանել հակամարտությունից և հալածանքից փախչող անձանց»:
Վերջին երկու տասնամյակում փախստականների խնդիրներին է առնչվում նաև նորանկախ Հայաստանը, որը Ադրբեջանից ընդունելով հարյուր հազարավոր փախստականներ, այնուհետև ավելի քան 1000 մարդ Իրաքից, այսօր արդեն բախվում է Սիրիայից և Ուկրաինայից տարհանվածների խնդիրներին, որոնց լուծմանն անմասն չի նաև ՄԱԿ –ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը: Այս մասին խոսվեց Փախստականների համաշխարհային օրվա կապակցուցթյամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից հունիսի 19-ին անցկացված «Երկխոսություն լրագրողների հետ» հանդիպմանը: Մասնակցում էին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի իրավաբանական բաժնի ղեկավար և ժամանակավոր պաշտոնակատար Քեյթ Պոչապսկին, ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ազգային հետևորդ, երգչուհի Զարուհի Բաբայանը, սիրիահայեր և լրագրողներ:
«Ցանկանում եմ հասկացողության, հանդուրժողականության և սրտացավության կոչ անել բոլորին»
Տկն. Պոչապսկին իր ելույթում անդրադառնալով ողջ աշխարհում օրեցօր խարխլվող կայունությանն ու մարդկանց զանգվածային տեղահանումների աննախադեպ աճին, կարևորեց Հայստանում ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող աջակցությունը, որը միտված է փախստականների և տեղահանված անձանց արդյունավետ պաշտպանությանն ու նոր տեղում նրանց ինտեգրման ապահովմանը:
– Շուրջ 14.000 անձ՝ մեծամասամբ ազգությամբ հայ , փախչելով Սիրիայի հակամարտությունից պաշտպանություն է գտել Հայաստանում, ներառյալ առավել ծանր վիճակում գտնվող նոր ժամանողներին: Ուկրաինայի հակամարտության հետևանքով շուրջ 200 տեղահանված անձ ապաստանի խնդրանքով դիմել են ՀՀ պետական միգրացիոն ծառայություն: Հայաստանը փախստականներ է ընդունում նաև այլ երկրներից, ինչը լուրջ մարտահրավեր է հանդիսանում Հայաստանի նման փոքր երկրի համար: Այդ իսկ պատճառով ՄԱԿ ՓԳՀ-ն ՀՀ կառավարությանն աջակցելու համար 2015 թ. ընդլայնել է իր մարդասիրական գործողությունները Հայաստանում: Այնուհանդերձ, չնայած այս աշխատանքներում հասարակության, կառավարության, սփյուռքում գործող կազմակերպությունների, ՀԿ-ների և ՄԱԿ ՓԳՀ ներգրավվածությանը, Հայաստանում փախստականները և տեղահանված անձիք բախվում են մի շարք մարտահրավերների: Նրանք չենք կարողանում գտնել մատչելի բնակարան և ապրուստի բավարար հնարավորություններ, դժվարանում են հարմարվել նոր կենցաղավարությանն ու միջավայրին,-ասաց Քեյթ Պոչապսկին:
Նրա խոսքով ինտեգրումը համալիր և աստիճանական գործընթաց է, այդ իսկ պատճառով աջակցությանն ուղղված ջանքերը պետք է շարունակական բնույթ ունենան: «Ես ցանկանում եմ հասկացողության, հանդուրժողականության և սրտացավության կոչ անել բոլորին: Ոչ ոք չպետք է մոռանա այն ցավը, որով փախստականները տառապում են ստիպված լինելով լքել իրենց տունը, ետևում թողնելով իրենց նախնիների շիրիմները և մանկության հուշերը, ծանոթ միջավայրը, ընկերներին և ընտանիքի անդամներին, հաճախ դառնացած` իրենց սիրելի անձանց կորստի վշտով», -ասաց ՄԱԿ ՓԳՀ ժամանակավոր պաշտոնակատարը:
«Տեղահանվածներից յուրաքանչյուրը մայր կամ հայր է, որդի կամ դուստր է, նրանք բոլորն էլ «աովորական մարդիկ են, որոնք ն ապրում են անսովոր ժամանակներում», – եզրափակեց նա ՝ մեջբերելով այս տարվա Փախստականների համաշխարհային օրվա խորհութն արտահայտող հիմնական կարգախոսը:
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն իր խոսքում նշեց, որ փախստական հասկացությունն անծանոթ չէ 20-րդ դարի սկզբներին ցեղասպանություն տեսած, 1988-1992 թթ. Ադրբեջանից մազապուրծ փախած 350 հազար հայերի ապաստանած ժողովրդին:
– Շնորհիվ մեր ժողովրդի սրտացավ և ուրիշի հոգսին կարեկից լինելու զգացական, պատրաստակամ վերաբերմունքի մենք կարողացանք այդ խնդիրները լուծել օգտագործելով առկա բոլոր ռեզերվները: Մենք չգնացին փախստականների վրանային ճամբարներ ստեղծելու ճանապարհով՝ ժամանակավոր կացարաններ տրամադրելով Ադրբեջանից գաղթած մեր հայրենակիցներին: 1990-ականների կեսերից հանրապետությունում սկսեց ձևավորվել ապաստանի տրամադրման համակարգը, որի արդյունավետությունն նկատելի դարձավ արդեն 2000 -ից :Այդ թվականից ի վեր Հայաստանում ապաստան են հայցել 3064 օտարերկրյա քաղաքացի, նրանցից 1962-ին շնորհվել է փախստականի կարգավիճակ, այդ թվում Իրաքից՝ 947 և ավելի ուշ Հայաստան եկած 14 հազար սիրիահայերից՝ 700-ին: ՀՀ կառավարության ընդունած «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ բազմաթիվ խնդիրներ են լուծվել: Անկախ փախստականների ազգային պատկանելիությունից Հայաստանը հավատարիմ կմնա ստանձնած միջազգային պարտավորություններին,-ասաց Գ.Եգանյանը:
«Աշխատանքի խնդիր չկա, կա բարձր վարձատրության խնդիր»
Հայաստան տեղափոխված սիրիահայերի գերխնդիրն անցած երեք տարիներին եղել և մնում է աշխատատեղն ու կացության կարգավիճակը: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հավաստիացնում է, որ ՀՀ կառավարությունը սիրիահայերին վերաբերող իրավական ակտերում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում դյուրացվել է նրանց վիզաներ տրամադրելու և կացության վկայականներ հանձնելու, անվճար կրթություն և բուժում ստանալու գործընթացը: Այնուհանդերձ աշխատանքի, հատկապես աշխատանքի դիմաց ցածր վարձատրության խնդիրը դժվար լուծելի է: Սիրիահայերին շատ դժվար է համակերպվել Հայաստանում առկա ցածր վարձատրության հետ:
– Այս տարիների ընթացքում աշխատանքի տեղավորման հարցով մեր նախարարությանն են դիմել 2000 սիրիահայեր, որոնցից շուրջ 1000 –ին ՀՀ առողջապահության և աշխաըանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ ապահովել ենք աշխատանքով: Մյուսների հարցը լուծվել է աշխատանք գտած իրենց հարազատների ու բարեկամների օգնությամբ: Բազմաթիվ սիրիահայերի համար Հայաստանի տնտեսական շուկային ծանոթանալու և շուկայում պահանջված հմտություններ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել են դասընթացներ, նրանցից շատերը ցածր տոկոսադրույքով վարկեր են ստացել և փոքր ու միջին բիզնես ձեռնարկել: Միակ խնդիրը բարձր աշխատավարձով աշխատանքի պահանջն է, որը Հայաստանի նման փոքր երկրի համար դժվար լուծվող խնդիր է: Սակայն սիրիահայերն ըմբռնում են, որ մեր փոքրիկ հայրենիքն անում է առավելագույնն իրենց խնդիրները լուծելու համար,- նշեց Ֆ.Զաքարյանը:
«Նրանք ակնկալում են նաև հասարակության բարյացկամությունն ու հոգատարությունը»
Որքան էլ մեծ է կառավարության, միջազգային կառույցների և հկ-ների ներդրած ջանքերը փախստականների և նրանց սոցիալական խնդիրների լուծման հարցում , այնուհանդերձ չափազանց կարև որ է նաև նրանց հանդեպ հասարակության ուշադիր վերաբերմունքն ու հոգատարությունն, ինչի մասին էլ խոսեց ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ազզային հետևորդ, երգչուհի Զարուհի Բաբայանը:
– Դեպքերի բերումով Հայաստանում հայտնված մարդիկ ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ, այս ամենը կա բնականաբար, սակայն տնից, տեղից , իրենց բարեկեցիկ կյանքից զրկված մեր հայրենակիցներն ակնկալում են նաև հասարակության բարյացկամությունը, հոգատարությունն ու ուշադրությունը, իրենց համար նոր միջավայրի ջերմությունը: Ահա թե ինչու եմ ես այսօր կանգնած մի կազմակերպության կողքին, որն աջակցում է այդպիսի միջավայրի ստեղծմանը: Փախստականների հոգևոր կյանքի բարելավման նպատակով ես նրանց փոքրիկներին ներգրավում եմ մշակութային ծրագրերում, նրանցից շատերը երգում եմ իմ ստեղծած Երգի ստուդիայում: Կոչ եմ անում բոլորին՝ մեր հայրենակիցներին հասարակության լիարժեք անդամ դառնալու հնարավորություն տալ: Նրանք իրենց տաղանդով ավելի գունագեղ կդարձնեն մեր կյանքը, քանի որ ապրելով ու կրելով մեկ այլ մշակույթ, նրանք մեզ կփոխանցեն լավն ու ընդօրինակման արժանի արժեքներ,- ասաց Զարուհի Բաբայանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև «Սովորական մարդիկ, որոնք ապրում են անսովոր ժամանակներում» խորագրով տեսահոլովակներ Ուկրաինայից տեղահանված Էլլա Նախոյանի և Սիրիայից եկած Լենա Յակուբյանի մասին, ով ի դեպ ներկա էր դահլիճում: Մեզ հետ զրույցում Լենան նշեց, որ շնորհակալ և երջանիկ է, որ այստեղ են, զգացված է նաև շրջապատի մարդկաց վերաբերմունքից և Հայաստանից այլ տեղ չի պատրաստվում գնալ:
«Մարզերում բնակվում են Հայաստան ժամանած սիրիահայերի ընդամենը 7 %-ը»:
Ի պատասխան Womennet.am –ի հարցին, որքանո՞վ է պատրաստ ՀՀ կառավարությունը լուծելու աշխատանքի և բնակարաննեով ապահովելու խնդիրը Սիրիայից սպասվող փախստականների նոր հոսքի դեպքում՝ հաշվի առնելով այնտեղ սրվող իրավիճակը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանն ասաց, որ վերջին մեկուկես ամսում սեփական ցանկությամբ Սիրիայից ներգաղթել է շուրջ 500 մարդ:
Ըստ Ֆ.Զաքարյանի խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի մարզերում և քաղաքներում ապրելու կառավարության առաջարկին միշտ չէ որ ընդունվում է սիրիահայերի կողմից, նրանք հիմնականում նախընտրում են Երևանը, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Նա հավելեց նաև, որ ներկայումս մարզերում բնակվում են Հայաստանում ապրող սիրիահայերի ընդամենը 7 %-ը:
Մեկ այլ հարցին՝ թե որքանով են իրական լուրերը այն մասին, որ կրակի մեջ հայտնված սիրիահայերը չենք կարողանում արտագաղթել երկրից տոմսի համար անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով, պարոն Զաքարյանը պատասխանեց, որ սիրիահայերին Հայստան տեղափոխելու հարցում կառավարությունը ֆինանսապես կաջակցի միայն այն ժամանակ, երբ դրա մասին համայնքի ղեկավարությունը միասնական որոշում կայացնի: Այսօր երկիրը լքելու մասին միասնական դիրքորոշում համայնքի ներսում չկա: Դրա հետ մեկտեղ «Հալեպ» բարեգործական ՀԿ-ն կազմակերպում է ֆինանսապաես անապահով սիրիահայերի ներգաղթը Հայաստան:
Հայստանում ՄԱԿ ՓԳՀ ժամանակավոր պաշտոնակատար տկն. Քեյթ Պոչապսկին էլ հավելեց, որ իրենց կառույցը լիազորված չէ մարդկանց տեղափոխման հարցերի կանոնակարգմամբ զբաղվելու, բայց իրենք վերահսկում են տեղափոխման հասանելիությունը պատերազմական գոտիները լքելու ցանկություն ունեցողների համար: «Այդ նպատակով մենք ներգրավում ենք նման լիազորություններով օժտված մեր գործընկերներին, որպեսզի անմիջական մարդասիրական օգնություն ցուցաբերենք մարդկանց», – ասաց նա:
Միջոցառման մեկ այլ մասնակցի` Հայաստանում Save the Children կազմակերպության ղեկավար Արսեն Ստեփանյանի հարցը վերաբերում էր սիրիահայերի արտագաղթը դժվարացնող հարևան երկրների փակ սահմաններին: Ֆ.Զաքարյանը պատասխանելով հարցին նշեց, որ՞ իրենց տեղեկություններով, Սիրիայում բնակվող 17 000 սիրիահայերի մի մասը տեղափոխվել են երկրի համեմատաբար ավելի անվտանգ վայրեր, իսկ մի մասն էլ առանց արգելքի Լիբանանի միջոցով գալիս են Հայաստան:
«Մենք գիտենք, որ նրանց կարիքները ավելի մեծ են, քան այն ռեսուրսները, որ ունի պետությունը»
Միջացառման ավարտից հետո ՄԱԿ ՓԳՀ ժամանակավոր պաշտոնակատար տկն. Քեյթ Պոչապսկին WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը շատ մեծահոգի և պատրաստակամ է գտնվել Սիրիայից եկած փախստականներին ընդունելու հարցում, քաղաքացիության հարցերը ավելի մեծ աջակցման և ավելի արագացված ընթացակարգերում լուծելու համար: Նրա խոսքով Հայաստան ժամանած 14 հազար սիրահայերից միայն 700- 800 հոգի ստացել են փախստականի կարգավիճակ, մնացածներից մեծ մասը նախընտրել են Հայաստանի քաղաքացիություն ստանալ:
«Իհարկե նրանք բոլորն էլ ավելի ապահով են զգում այստեղ, ինչը շատ կարևոր է: Բայց մենք գիտենք, որ նրանց կարիքները ավելի մեծ են, քան այն ռեսուրսները, որ ունի պետությունը և անգամ միջազգային համայքը, որը կոչված է օգնելու, որպեսզի այդ բոլոր կարիքները լիովին բավարարվեն: ՄԱԿ-ի ՓԳՀ-ի առաքելության, գործառույթի մեջ չի մտնում հոգալ այնպիսի խնդիր ինչպիսին է՝ տեղափոխվելը, կամ երրորդ երկիր գնալը: Բայց մենք համարում ենք նաև, որ դրանք լուծումների տարբերակներ են և այդ լուծումների մեջ է նաև իրենց երկիր վերադարձը, իհարկե եթե այնտեղ հնարավորություն կա անվտանգ վերադարձի: Այսօր մենք ունենք որոշ սիրիահայերի օրինակներ, ովքեր նախընտրում են վերադառնալ Սիրիա կամ այլ երկիր գնալ, դա նշանակում է, որ այստեղ մենք ունենք խնդիրներ: Երբեմն դա հանգեցնում է ընտանիքի տրոհմանը, երեխաներն ու կանայք մնում են, տղամարդը կամ եղբայրը կարող է գնալ: Իսկ այս հանգամանքը կրկնակի տրավմա է առաջացնում երեխաներին», – ասաց մեր զրուցակիցը:
Նրա դիտարկմամբ, միջազգային կազմակերպությունների և կառավարության ջանքերից զատ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է այնպես անի, որպեսզի փախստականները և տեղահանված անձինք իրենց ընդունված զգան և իրական հնարավորություն ունենան նոր տուն և ապագա կառուցելու համար:
Ամփոփելով միջոցառումը Հայաստանում ՄԱԿ ՓՄԳ –ի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը առաջարկեց այցելել Փախստականների Համաշխարհային օրվան նվիրված քարոզարշավի կայքէջը, որտեղ զետեղված են ողջ աշախարհից փախստականների պատմությունները:
Քարոզարշավի կայքը՝ http://www.unhcr.org/refugeeday/ ,
որտեղ ներկայացվում են այդ պատմությունները,
հասանելի է 11 լեզուներով, այդ թվում ռուսերեն և արաբերեն:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները
«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Այսօր Փախստականների համաշխարհային օրն է
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ
Երեք քույրերի պատմություն / տեսանյութ
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Դիտումների քանակը` 4266