«Մենք դեմ չենք, ուղղակի հնարավորությունների հարց է»…

Ազգային Ժողովն այսօր 45 կողմ, 67 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց  ԲՀԿ պատգամավորների հեղինակած  «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի  ներառումը օրակարգ` այդպիսով մերժելով նաև սոցիալական  կարևորագույն խնդրի քննարկումը խորհրդարանում: Խոսքը մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու հարցում աշխատող և չաշխատող մայրերի միջև խտրականության վերացման մասին է: Ինչպես արդեն հաղորդել ենք` կին պատգամավորները  քվեարկել են  ըստ իրենց քաղաքական պատկանելիության, թեև  «դեմ» քվեարկածները  պնդում են, որ իրականում կողմ են….

 

«Ես դեմ  եմ քվեարկել, բայց հիմնավորեմ, թե ինչու: Այս հարցը մենք ու անձամբ ես բազմիցս բարձրաձանել ենք` թե հանձնաժողովներում, թե քննարկումներում, քանի որ իսկապես մտահոգ ենք այս հարցով: Եվ ես կողմ եմ, որ որևէ անհավասարություն չդրվի այս ոլորտում»,- WomenNet.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը` պարզաբանելով իր մոտեցումը: Պատգամավորի խոսքով` անհավասարություն չպետք է լինի և եթե կինը երեխա է ունենում, ապա անկախ նրանից նա լավ է ապրում, վատ է ապրում, աշխատում է, թե չի աշխատում, ինքը կողմ է, որ նպաստ տրամադրվի առանց խտրականության.

 

«Այնպես որ, այս հարցի քննարկումը առաջարկվեց հետաձգել  ոչ այն պատճառով, որ չենք ուզում: Հակառակը` և ՀՀԿ-ն, և Կառավարությունը շահագրգռված են այս հարցում և որոշել ենք անդրադառնալ այդ հարցին տարեվերջին ավելի հիմնավոր»,- նշեց նա ու ավելացրեց, որ ձգձգումը բացառապես կապված է հնարավորությունների հետ: Կարինե Աճեմյանի խոսքով` պարզ է, որ հարցի լուծումը հավելյալ մեծ գումարներ է պահանջում և հենց այս պահին կառավարությունը չի կարող գնալ այդ փոփոխության, բայց մեղադրել իշխանություններին փոփոխությանը դեմ լինելուն ամենևին էլ ճիշտ չէ.

 

Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ոչ միայն աշխատող, այլ նաև չաշխատող  մայրերին տրամադրելու համար`  ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ կլինի  հավելյալ  շուրջ 15.7 մլրդ դրամ հատկացնել:

 

«Պետք չէ մեզ մեղադրել, թե մենք դեմ ենք, չենք ուզում: Դա իրականությանը չի համապատասխանում,  քանի որ չեմ կարծում, որ ՀՀԿ-ից որևէ մեկը` կին թե տղամարդ, դեմ լինի այս գաղափարին: Պարզապես հնարավորությունների հարցն է առաջ գալիս, ինչի համար  մենք ենք պատասխանատու, մենք ենք կառավարությունը ձևավորել»,- ասաց նա ու հավելեց, որ տարեվերջին այս հարցին անպայման կանդարադառնան:

 

Հիշեցնենք, որ  որ ուրբաթ օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, բերելով նույն պատճառաբանությունը, թե այս պահին նման փոփոխությունը հնարավոր չէ, քանի որ հավելյալ ֆինանսական միջոցներ է պահանջում, որոնք չկան, առաջարկել էր հարցը քննարկել 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Բայց ԲՀԿ-ական պատգամավորի հարցադրմանը` դա նշանակում է, որ արդեն հունվարի 1-ից կամ գոնե 2016թ-ից նպաստները կտրվեն առանց որևէ խտրականության, ասել էր, որ կդժվարանա ասել այդ մասին: Միակ բանը, որ կարող է հստակ ասել դա նա է, որ կառավարությունը ԴԵՄ չէ քննարկել:

 

Էնզելա Մակարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

 

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 

 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

 

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

 

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

 

 

Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 

 

Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար

 

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

Դիտումների քանակը` 3295

Գլխավոր էջ