«Մարդիկ վախենում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել»…

 

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է պանդեմիայի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի պետություն: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար:

 

 

Սկսած 1988թ., երբ Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը, առ այսօր ՀՀ-ում 1586 ՄԻԱՎ վարակակիր կա: Այս տարվա 11 ամիսների ընթացում արձանագրվել է 205 դեպք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ  Արշակ Պապոյանը, ավելացնելով, որ ըստ վիճակագրության, վերջին տարիներին արձանագրվող դեպքերի թիվն ավելացել է: Դա, իր խոսքով,  պայմանավորված է  այն հանգամանքով, որ զգալիորեն բարելավվել է խորհրդատվության և հետազոտության ծառայությունների հասանելիությունը:

 

 

Ասուլիսի մեկ այլ բանախոս Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանի դիտարկմամբ ՄԻԱՎ-ով հիվանդ կանանց 98 տոկոսը վարակվել է սեռական ճանապարհով, ընդ որում  շատ դեպքերում դրան նպաստել են իրենց ամուսինները:

 

 

«Ամուսինները արտագնա աշխատանքի ժամանակ ունենում են չպաշտպանված հարաբերություններ, այդտեղ ռիսկը բավական մեծ է, վարակվում են, ապա վարակում են իրենց կանանց»,- ասաց Մ. Հովսեփյանը` ավելացնելով, թե ըստ վիճագրական տվյալների Հայաստանում ՄԻԱՎ-ը ավելի շատ հետերոսեքսուալ  հարաբերությունների ճանապարհով է տարածվում:

 

Մասնագետների   գնահատմամբ, ՀՀ-ում բնակչության 2/3-ը չգիտի իր ՄԻԱՎ -կարգավիճակի մասին:  Այդ իսկ պատճառով նրանք կող են անում մարդկանց, հատկապես ռիսկային վարքագիծ ցուցաբերողներին,  հետազոտվել  ՄԻԱՎ-ի վերաբերյալ:  Արշակ Պապոյանը   ընդգծեց, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդը, եթե ժամանակին ախտորոշվում է  և ստանում է սպեցիֆիկ բուժում, նա կարող է ապրել այնքան, ինչքան որ կապրեր առանց ՄԻԱՎ վարակի:

 

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանի խոսքով՝ հասարակության շրջանում  վախ կա հետազոտություն անցնելու նկատմամբ. «Մարդիկ վախենում են, որ հետագայում իրենց կարգավիճակը կարող է հայտնի դառնա շրջապատում և վերաբերմունքի փոփոխություն լինի իրենց նկատմամբ: Մարդիկ նաև տեղեկացված չեն, որ գոյություն ունի բուժում և կարծում են, թե ախտորոշումն արդեն իրենց կյանքի վերջն է: Շատ կարեւոր է ժամանակին հետազոտվելը եւ վարակը հայտնաբերելը, հատկապես որ մեր երկրում հետազոտումն ու բուժումն անվճար է»,- ասաց Ժանետա Պետրոսյանը:

 

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը մի շարք խնդրով զբաղվող ՀԿ-ների  հետ համատեղ դեկտեմբերի 1-ին Հյուսիսային պողոտայում «Հետոզոտվիր և ապրիր» խորագրով ակցիա է կազմակերպում, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Եթե հավատարմություն լինի ընտանիքում …»

 

Այսօր Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը` արտագնա աշխատողներն են

 

DJ Vakcina. Հետազոտվի՛ր եւ ապրի՛ր / վիդեո

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը թվերով ՝ աշխարհում եւ Հայաստանում/ վիդեո

 

Դիտումների քանակը` 4313

Գլխավոր էջ