Մարգարիտ Եսայան. «Մարդը միշտ պետք է պատրաստ լինի փոփոխությունների»
ԱԺ պատգամավոր եւ «Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի կենսագրությունը հարուստ է մասնագիտական ձեռքբերումներով: Լրագրողական կարիերան սկսելով «Պիոներ կանչից» շարունակել է այն «Առավոտում» որպես քաղաքական լրագրող-մեկնաբան՝ արժանանալով մի շարք մասնագիտական պարգեւների: 2011-ից դասավանդում է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Թերեւս ամենապատկերավոր ձեւով միայն ինքն իրեն է բնորոշում. « ես սիրում եմ իշխել և ասել որոշիչ խոսքը, բայց տանը ես մայր եմ, տատիկ, կին և անտանելի խոհարար»… Մեր զրույցը նրա հետ սկսվեց ամանօրյա ավանդական հարցադրումից՝ ինչպիսի՞ն էր անցած տարին հայտնի լրագրող, իսկ այժմ պատգամավոր Մարգարիտ Եսայանի համար եւ ի՞նչ ակնկալիքներով է նա դիմավորել 2013-ը…
– Անցած տարվա 2012-ը ինձ համար բավականին դժվար տարի էր, այն առումով , որ ես համարձակվեցի հեռանալ իմ ամբողջ կյանքի գործից, սիրած աշխատանքից` շուրջ 30 տարվա լրագրողական աշխատանքից: Դա իրոք հեշտ որոշում չէր, բայց, կարծում եմ, մարդը միշտ պետք է պատրաստ լինի փոփոխությունների:
Ազգային ժողովի պատգամավոր դառնալը անշուշտ բավականին պատասխանատու և մեծ էներգետիկ լիցքեր պահանջող քայլ էր: Հուսամ, այս նոր աշխատանքում ես նույնքան սիրված կլինեմ, որքան լրագրության մեջ, և ես նույնպես իմ նոր աշխատանքը կսիրեմ այնպես, ինչպես սիրում եմ լրագրությունը…
–Ի՞նչ տվեց անցնող տարին Ձեզ իբրև կնոջ, Ձեր ընտանիքին:
-Օ~… Ես մեկ տարով էլ «ջահելացա», ծնվեց իմ երկրոդ թոռնիկը`Արևիկը, ամուսանացավ իմ երկրորդ դուստրը, իմ մեծ թոռնիկը` Ցողիկը դարձավ հինգ տարեկան, որդիս արդեն ավարտում է համալսարանը… ամուսինս հիմա ավելի հոգատար է, երևի նկատում է, որ ինձ համար լարված տարի էր:
-Իսկ Հայաստանի համար ինչպիսի՞ն էր 2012-ը…
– Կարծում եմ, մեր երկրի համար վատ տարի չէր. մարդիկ ավելի իրատես դարձան, աշխատատեղերի մասին հայտարարությունները հիմա ավելի հաճախ են հնչում, աշխատավարձերը քիչ-քիչ , բայց բարձրանում են… Լեռնային Ղարաբաղի հարցում մեր դիրքերն այսօր, կարծում եմ, ավելի ուժեղ են, հարևան Ադրբեջանի դիմակն էլ հենց այս անցնող տարվա մեջ պատռվեց՝ սաֆարովյան խայտառակության շնորհիվ, և սա շատ կարևոր էր Հայաստանի համար:
–Ի՞նչ ակնկալիքներով եք մուտք գործել 2013-ը…
– Միայն լավագույնի ակնկալիքով: Ուզում եմ, որ մեր երկրի քաղաքացին ավելի ապահով և ավելի բարեկեցիկ երկրում ապրի, վստահ լինի իր վաղվա օրվան, աշխատատեղերը լինեն ավելի շատ, վարձատրությունն ավելի արժանապատիվ, որ եվրոպական չափանիշներից ոչ միայն խոսենք, այլև` ապրենք դրանցով: Օրինակ, որ վերանան երթուղային տաքսիները, հասարակական տրանսպորտը դառնա այնպիսին, ինչպիսին է այն եվրոպական նորմալ երկներում:
Ուզում եմ, որ գազի գինը չբարձրանա, որ մարդիկ լավ ապրեն ու չհեռանան երկրից, որ նախագահական ընտրություններն անցեն խաղաղ և արժանապատիվ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի, որ հայրիկս առողջ լինի, երեխաներս երջանիկ, որ տաքսու վարորդները սափրված և բարեկիրթ լինեն, որ քաղաքական գործիչները չարացած չլինեն, որ բոլոր մարդիկ միմյանց մեջ տեսնեն իրենց նմանին ու սիրեն կյանքը…. շատ են ակնկալիքներս (ժպտում է):
–Ակնկալիքներն արդեն իսկ բարեմաղթանք էին…
– Բարեմաղթա՞նքս: Երջանիկ եղեք, թող ձեր կյանքը նոր` 2013-ին լինի այնպիսին, ինչպիսին դուք այն պատկերացնում եք ձեր ամենաանհավանական երազներում: Հավատացեք, որ ամեն ինչ լավ է լինելու, պարզապես հարկավոր է մի քիչ էլ համբերել…
Զրուցեց՝ Է. Մակարյանը
P.S. Ի դեպ, մեր հարցազրույցի ընթացքում արտահայտված իր անթաքույց հակակրանքը երթուղային տաքսիների հանդեպ Մարգարիտ Եսայանը ամբողջացրել է ֆեյսբուքյան իր էջում այս փոքրիկ էսսեի միջոցով.
ՀԱՍ-ՏԱ-ՔԱՄԱԿ
Կինը տնքոցով բարձրացրեց աջ ոտքը, ձախ ձեռքով հենվեց երթուղայինի դռնակին, հետո՝ ավելի ուժեղ տնքոցով փորձեց վեր բարձրացնել հետույքը եւ այն ամենը, ինչ կախված էր իրենից, ու կրկնակի ուժով ոտքն ու ձեռքը հրելով՝ իր մարմնի ողջ պարունակությամբ գցվեց երթուղայինի մեջ: Մինչ այդ գրեթե լեփլեցուն մեքենան դարձավ անհնարինի չափ լիքը: Կինը իր մսեղ մարմնով գրավեց այնքան տարածք, որքան գրավել էին մեքենայի մեջ կիպ-կից տեղավորված մյուս ուղեւորները միասին վերցրած: Հաստլիկ տիկինը բարձրացել էր: Նրա միայն հետույքը գրավել էր մեքենայի ամբողջ ազատ օդը: Մարդիկ մի տեսակ նեղսրտեցին, եւ առանց բառ իսկ փոխանակելու, մի մարդու պես սկսեցին իրար վրա տեղավորվել՝ այդ հսկայական հետույքը տեղավորելու համար: Մի քանի ջահել-ջուհուլ ծույլ-ծույլ վեր կացան եւ գնացին ավելի հետ, երկու կին գրեթե իրար գիրկ նստեցին: Վարորդի կողքին նստած ճաղատ տղան խեղճ-խեղճ վիզը պտտեց եւ թույլ ձայնով ասաց. ՙՄեկդ եկեք իմ կողքը՚: Դռնից դա հնարավոր չէր անել: Մի փոքրիկ մարդուկ հենց մեքենայի մեջ տեղափոխվեց առաջ ու ծվարեց վարորդի ու ճաղատ տղայի արանքում: Մի տատիկ կես ոտքի վրա հենվեց, մի պարոն բառացիորեն պտտվեց սեփական ոտքերի վրա:
Հետույքը գրավեց երեք նստարան եւ դրանց բաժանող ազատ տարածքը: Տեղավորվեց. ՙՕ՛ֆ՚,- տնքաց, հանեց ձեռքերի մեջ ճմրթված ու արդեն թաց թաշկինակը, սրբեց ճակատի քրտինքը, ու երբ բարձրացրեց թեւերից մեկը (սա մոտավորապես նույն հաստության էր, որքան վարորդի կողքին նստած ճաղատ տղայի ողջ մարսինը) ու որոշեց թեւատակի քրտինքը սրբել, ետեւի նստարանին նստած տիկինը այլեւս չդիմացավ: Նրա պոռթկուն ձայնը կարծես հնչեց երթուղայինի բոլոր ուղեւորների սրտից.ՙԱյ տնաշեն, գոնե մի շարժվիր էլի, հանգիստ նստիր, սպանեցիր՚:Հաստլիկի քրտինքի հոտից ուղեւորներից մի քանիսը կիսաուշագնաց վիճակում էին: Անգամ անթրաշ վարորդը չդիմացավ. ՙԱյ ժողովուրդ, շոգ ա, գոնե պատուհան բացեք, մեկ-մեկ էլ լողացեք՚: Երթուղայինի մեջ սկսվեց մի անհասկանալի իրարանցում: ՙԻնչ մարդ ասես կա՚,- եզրակացրեց մանկավարժի արտաքինով մի կին: Մեկ ոտքի վրա տեղավորված տարեց կինը հոգոց հանեց. ՙՀիմա էլ հո ջուր ու լույս կա, այ տնաշեններ՚: Խուլ բողոքի ակցիան դեռ երկար կշարունակվեր, եթե չմիջամտեր Հաստլիկը: Նա որոշեց պայուսակից հանել արեւածաղկով լի մի տոպրակ եւ սկսեց չրթել արեւածաղիկը ու թափել պատուհանից դուրս: Հեչ պետքը չէր եւ չէր էլ մտածում, թե այդ ամբողջ աղմուկը իր պատճառով առաջացավ: Ու երբ մարդիկ սկսեցին ավելի կոնկրետ աղմկել, Հաստլոն շուռ եկավ, թքեց հերթական սերմը եւ հրահանգեց. ՙԷս ի՞նչ աղմկոտ ժողովուրդ եք, հանգիստ նստեք, էլի, զահլես գնաց…
Դիտումների քանակը` 5159