«Մանկահասակ մայրություն . հրապարակվել է «Աշխարհի բնակչությունը» 2013 թ. զեկույցը
Ամեն տարի աղքատ երկրների ավելի քան 7 միլիոն աղջիկներ ծննդաբերում են մինչև 18 տարեկանը՝ նրանցից 2 միլիոնը 14-ից ցածր են
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ ) հրապարակել է 2013-ի ՝ «Մանկահասակ մայրություն. դեռահասների հղիության մարտահրավերին դեմհանդիման» վերնագրով իր զեկույցը: Այն անդրադառնում է աշխարհում դեռահասների հղիության և մանկահասակ մայրության հիմնախնդրին:
Իրավիճակն աշխարհում
Ըստ զեկույցի, մանկահասակ մայրությունը ահռելի համաշխարհային խնդիր է՝ հատկապես զարգացող երկրներում, որտեղ ամեն տարի 7.3 միլիոն աղջիկ ծննդաբերում է մինչև 18 տարեկանը: Ընդ որում, այդ 7.3 միլիոն ծնունդներից 2 միլիոնը տալիս են մինչև 14 տարեկան աղջիկները:
Զեկույցի համաձայն, վաղաժամ հղիությունը վնասում է աղջիկների առողջությունը, կրթությունը ու իրավունքները: Այն նաև թույլ չի տալիս նրանց իրականացնել սեփական ներուժը և բացասաբար է ազդում նորածնի վրա:
Հետևանքներից տուժում են ոչ միայն մայրերը և երեխաները: Մայրացած երեխաների երևույթը նաև մեծապես անդրադառնում է համայնքների ու պետությունների տնտեսությունների վրա: Օրինակ՝ եթե Քենիայի ավելի քան 200,000 դեռահաս մայրերը հղիանալու փոխարեն զբաղվածություն ունենային, ապա տնտեսությունը հավելյալ կստանար 3.4 միլիարդ դոլար: Սա համարժեք է Քենիայի ամբողջ շինարարության ոլորտին: Եթե Բրազիլիայում և Հնդկաստանում դեռահաս աղջիկները սպասեին մինչև 20-21 տարեկանը, ապա այդ երկրների տնտեսական արդյունավետությունը կաճեր համապատասխանաբար ավելի քան 3.5 և 7.7 միլիարդ դոլարով:
Թեև զեկույցը եզրակացնում է, որ դեռահասների հղիությունը շատ ավելի մեծ մարտահրավեր է զարգացող աշխարհում, քան զարգացած երկրներում, սակայն, զեկույցի համաձայն, այն շարունակում է նշանակալի խնդիր մնալ նաև զարգացած երկրներում: Այսպես, Միացյալ Նահանգներում դեռահասության ընթացքում հղիացած աղջիկների միայն մոտ կեսն է ավարտում ավագ դպրոցը մինչև 22 տարեկան հասնելը, մինչդեռ չհղիացած աղջիկների դեպքում այդ ցուցանիշը 10-ից 9-ն է: Այն նաև վնասում է ընդհանուր տնտեսությունը՝ միայն ԱՄՆ-ում հարկատուներին տարեկան արժենալով մոտ 11 միլիարդ դոլար:
Հայաստանում
Զեկույցի համաձայն, Հայաստանում կենդանի ծնունդների մոտ 8 տոկոսն է բաժին ընկնում մինչև 20 տարեկան մայրերին: Ինչ վերաբերում է դեռահասներին, ապա նրանց շրջանում ծնունդների թիվը կազմում է 28.3՝ յուրաքանչյուր 1000 կնոջ հաշվարկով: Ըստ զեկույցի, Հայաստանում 15-ից 19 տարեկանների 3 տոկոսն է օգտվում բեղմնականխման ժամանակակից միջոցներից, իսկ 20-ից 24 տարեկանների դեպքում՝ 18 տոկոսը:
Զեկույցը ցույց է տալիս նաև, որ Հայաստանում մինչև 20 տարեկանների շրջանում աբորտների թիվը կազմում է մոտ 189՝ յուրաքանչյուր 1000 կենդանի ծնունդի հաշվարկով:
Ի՞նչ անել
«Մանկահասակ մայրություն» զեկույցն առաջարկում է նոր դիտանկյունից նայել դեռահասների հղիությանը՝ որպես վաղաժամ հղիության պատճառ դիտարկելով ոչ միայն աղջիկների վարքը, այլև նրանց ընտանիքների, համայնքների և կառավարությունների քայլերը:
«Չափազանց հաճախ է հասարակությունը միայն աղջկան մեղադրում հղիանալու համար», – ասում է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: «Իրականությունն այն է, որ դեռահասների հղիությունն առավել հաճախ արդյունք է ոչ թե միտումնավոր ընտրության, այլ ընտրության բացակայության և այնպիսի հանգամանքների, որոնք դուրս են աղջկա վերահսկողությունից: Դա դպրոցից, զբաղվածությունից, որակյալ տեղեկություններից և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորության մասնակի կամ ամբողջական բացակայության հետևանք է»:
ՄԱԲՀ-ն հետամուտ է դեռահասների հղիության մարտահրավերի լուծմանը ցուցաբերված ամբողջական մոտեցման, որը ներառում է.
• աղջիկներին դպրոցից դուրս չթողնելը,
• երեխաների ամուսնությունների բացառումը,
• գենդերային դերերի և գենդերային հավասարության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը,
• դեռահասների համար սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների, այդ թվում՝ բեղմնականխման միջոցների հասանելիության աճը,
• դեռահաս մայրերին ավելի լավ աջակցության տրամադրումը:
«Մենք պետք է խորհենք այն ընտանեկան, համայնական և կառավարական քաղաքականությունների և նորմերի շուրջ, որոնք հաճախ աղջիկների համար չեն թողնում այլ ճանապարհ, քան վաղաժամ հղիության ուղին է և պահանջենք դրանց փոփոխությունը», – ասում է դոկտոր Օսոտիմեհինը: «Սա այն է, ինչ մենք անում են ՄԱԲՀ-ում և ինչ մենք կշարունակենք անել ու առաջարկել, մինչև յուրաքանչյուր աղջիկ չկարողանա ընտրել իր կյանքի ուղղությունը, տեր կանգնել սեփական ապագային և առավելագույնս իրացնել իր ներուժը»:
***
ՄԱԲՀ-ի նպատակն այնպիսի աշխարհի կառուցումն է, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ, և յուրաքանչյուր երիտասարդ մարդու պոտենցիալ՝ իրացված:
Զեկույցը անգլերեն այստեղ
Զեկույցը ռուսերեն այստեղ
Մանրամասների համար այցելեք.
Հայաստանում ՄԱԲՀ-ի գրասեյակի կայքէջը , ինչպես նաև զեկույցին նվիրված էջը ՄԱԲՀ գլոբալ վեբ կայքում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Թուրքիայում 10 տարեկան աղջնակը երեխա է ունեցել
«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ»…
Դեռահաս աղջիկների հղիության խնդիրը աշխարհում և Հայաստանում
Անչափահասների հղիության հարցը գլոբալ ուշադրություն է պահանջում
Դիտումների քանակը` 6064