«Մայր հայրենիք» կուսակցությունը ՝ պարտադիր կենսաթոշակային վճարումների մասին

Վիճահարույց այս հարցի շուրջ իր եւ   իր ղեկավարած   «Մայր Հայրենիք» կուսակցության  տեսակետն է ներկայացնում   տ.գ.թ., դոցենտ, ՀՊՃՀ-ի /Պոլիտեխնիկ/ «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնի վարիչ, ՀԽ-ի Կրթության եւ Գիտության  ենթահանձնաժողովի նախագահ Կարինե Թումանյանը.

 

Ինչպես արդեն գիտենք, Հայաստանում 2014 թվականից, եթե Սահմանադրական դատարանը այլ որոշում չընդունի, գործելու է պարտադիր կուտակային համակարգը, որի շրջանակներում մինչև թոշակի տարիքի հասնելը քաղաքացիներն ամեն ամիս կուտակային հիմնադրամներին կփոխանցեն իրենց սոցիալական վճարները՝ աշխատավարձի 5 տոկոսի չափով, ևս 5 տոկոս կներդնի կառավարությունը: Կուտակային միջոցները կներդրվեն արժեթղթերի մեջ՝ պետական պարտատոմսեր, ձեռնարկությունների բաժնետոմսեր, այդ թվում՝ օտարերկրյա: Այդ օրենքը կարծես թե պետք է նպաստի մեր երիտասարդների «բարեկեցությանը» երեսուն տարի հետո, բայց զարմանալի է, որ դա ոչ մեկին չի «ոգևորում»: Առաջացել են հարցեր , որոնց ոչ մի պետական այր պարզ պատասխան չի տալիս: 1.Ինչո՞ւ նախատեսված «կամավորը» դարձավ «պարտադիր»: 2.Ինչո՞ւ 1974թ. ծնված երիտասարդները այդ «բախտին» արժանացան, այլ ոչ թե բոլոր աշխատող մարդիկ: Չէ՞ որ կա հնարավորություն ժառանգելու կուտակված գումարը: 3.Ինչո՞ւ 5% գանձվում է աշխատավարձի մայր գումարից առանձին, 26%, 24% եկամտահարկը և սոց.հարկը նույնպես գանձվում է առանձին էլի մայր գումարից: Ոչ մեկի մոտ անգամ կասկած չի առաջանում և դրա մասին շատերը բարձրաձայնում են, որ այս օրենքով իշխանությունը ուզում է լցնել բյուջեն, բայց ի՞նչ գնով: Ի՞նչ արդյունք կունենանք այսօր: Մենք փորձեցինք պատասխանել վերը նշված հարցերին`

1. Պարտադիր է, քանի որ կամավոր սկզբունքով ոչ մի խելացի մարդ Հայաստանի ներկայիս վիճակում՝ տնտեսության անկման, ցածր աշխատավարձի և դրամի արագ արժեզրկման պայմաններում չի գնա:

2.Տրամաբանական պատասխան չունեմ:

3 Այս ձևով գանձման գումարը կլինի շատ ավելի, քան թե այն դեպքում, եթե 5% գանձվի մնացորդից: Արդյունքում ՝ ա) կարտագաղթեն արդեն բարձր կարգի երիտասարդ մասնագետներ, որոնք, լավ, թե վատ, հարմարվել են Հայաստանում, պլանավորել էին իրենց ծախսերը. ոմանք բնակարան էին ուզում գնել, ոմանք ընտանիք էին որոշել կազմել , երեխա ունենալ; բ) կսկսվի IT արտասահմանյան կազմակերպությունների արտահոսք, քանի որ նրանց այստեղ գտնվելը պայմանավորված է համեմատաբար ցածր վարձատրվող, բայց խելացի և բանիմաց երիտասարդներով, իսկ այս դեպքում նրանք կանգնում են երկընտրանքի առջև՝ կամ բարձրացնել աշխատավարձերը, կամ գնալ կրճատումների; գ)շատ կազմակերպություններ կանցնեն «ընդհատակ» և իրենց աշխատողներին կվարձատրեն երկու ձևով ՝ գրանցված և «առձեռն» աշխատավարձով, հետևաբար` ավելի բարձր մակարդակի կհասնի ստվերային տնտեսությունը, ինչից առաջին հերթին կտուժի պետությունը: Ի՞նչ անել: Իհարկե լավ կլիներ ընդհանրապես հրաժարվել այս օրենքից, բայց չեմ կարծում, որ մեր իշխանավորները կգնան այդ քայլին: Գուցե մեր կողմից առաջարկվող փոփոխությունները կմեղմեն այս օրենքի կիրառման արդյունքում առաջացած խնդիրները`

1. Օրենքը կիրառվի բոլոր աշխատողների վրա՝ անկախ տարիքից և կամավոր սկզբունքով: Որքան գումար կկուտակվի թոշակի անցնելու պահին, այնքանն էլ կլինի հավելավճարը հիմնական թոշակի գումարին կամ, վատագույն դեպքում, կուտակված գումարը կժառանգվի երեխաներին:

2.Գանձվի ոչ թե 5%, այլ 2%, այն էլ մնացորդային, այլ ոչ թե մայր գումարից: Գումարները կվերաբաշխվեն տարբեր հաշվեհամարների վրա:

3.Կուտակային պարտադիր գանձվող գումարը, ինչպես և պետության համար, չպետք է գերազանցի 20000 դրամ: Ավել գումար կգանձվի միայն աշխատողի ցանկության դեպքում:

4.Ցանկացած պահին, հատուկ դեպքերում՝ հիփոթեքային մուծումներ, առողջության խնդիրներ, ուսում, ունենալ հնարավորություն հանել ամբողջ գումարը կամ նրա մի մասը:

Հ.Գ. Իհարկե ավելի ճիշտ կլիներ որոշակի ժամանակահատվածում հրաժարվել այդ օրենքից: Մենք նաև հորդորում ենք Հայաստանի կառավարությանը պետության բյուջեն լցնելու համար ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ավելի չեն վաթթարացնի մեր խելացի, բայց թշվառ կյանքով ապրող ժողովրդի սոցիալական վիճակը: Իսկ եթե պետությանը գումար է պետք, ավելի լավ է «անհանգստացնել» մերձավոր օլիգարխներին:

 

«Մայր Հայրենիք» կուսակցության նախագահ՝

Կ.Ա.Թումանյան

Դիտումների քանակը` 3190

Գլխավոր էջ