«Հրեշտակի աղոթք»-ը միավորեց բոլոր երեխաներին/ տեսահոլովակ

Երեկ ՄԱԿ-ի գրասենյակի շենքում  «Ես երեխա եմ» գրքի շնորհանդեսի   ընթացքում տեղի ունեցած «Հրեշտակի աղոթք» երգի պրեմիերան մեծ ոգեւորությամբ ընդունվեց ներկաների կողմից: Այն ամանօրին ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ՅՈՒՔՈՄ-ի նվերն էր բոլոր երեխաներին:  Երգն առանձնանում էր իր կատարողներով. բեմում կողք կողքի են  Երևանի քաղաքապետարանի «Ձայնի Պահպանման» վոկալ ստուդիայի սաները եւ  լսողական խնդիրներ ունեցող երեխաները՝ սուրդոթարգմանությամբ: Երգի միջոցով փորձ է արվել առաջին անգամ հեռուստատեսաշարը հասանելի դարձնել լսողական խնդիրներ ունեցող լսարանին: 

 

 

Երգի հեղինակ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը շատ կարևորեց նման նախաձեռնությունը.

–         Երբ երգը գրեցինք, հասկացա, որ ինչ որ բան պակասում է, եթե երեխան ուղղում է իր խոսքը առ աստված, ապա ինչու, օրինակ,  լսողության խնդիր ունեցող երեխան չպետք է այս ամենի մասնկիցը դառնա ու այստեղ առաջացավ այս նախագծի գաղափարը, որը նաև  լավագույն միջոցներից մեկն է հաշմանդամություն ունեցող երեխաներին ինտեգրելու հասարակություն.

 

Նա պատմեց, որ  երբ նկարահանում էին տեսահոլովակը, մոտ երկու- երեք ժամ երեխաները միմյանց հետ չէին շփվում, անտեսանելի պատնեշ կար, միայն վերջին երկու ժամվա ընթացքում, սկսեցին արդեն ազատ շփվել:

 

–         Իսկ երբ առաջին անգամ տեսա, թե ինչպես են բեմի վրա երգում ժեստերի լեզվով, այնքան գեղեցիկ էր ու շատ ազդեցիկ, բայց և ուզում եմ, որ այսօրինակ բաներն այնքան շատ լինեն մեր մեջ, որ այն դառնա հասարակ, սովորական մի բան, և ոչ թե՝ ազդեցիկ,- նշում է Նարինե Զարիֆյանը:

 

–         Ես շատ էի ուզում, որ մեկ օր չլսող երեխաները հավասարի պես կանգնեին լսողության խնդիրներ չունեցող երեխաների կողքին, ու միասին երգեինք, մեզ հավասար զգայինք, այսօր իմ փոքրիկ երազանքը կատարվեց,- ուրախությամբ պատմում է Անին, ով միջոցառման ընթացքում մի շարք այլ երեխաների հետ կատարեց «Հրեշտակի աղոթք» երգը:

 

Անին 18 տարեկան է,  լսողության խնդիրներ ունի: Ինքնաարտահայտման իր ձևն է գտել. մնջախաղ, ժեստերի լեզվով զգացմունքների արտահայտում, նաև՝ երգը:

 

Անիի հետ երգը կատարում էր նաև Գևորգը, ով 17 տարեկան է, նույնպես մնջախաղի թատրոն է հաճախում.

-Սկզբում ինձ թվում էր մնջախաղը շատ հեշտ է, բայց հետո հասկացա, որ իրականում շատ բարդ բան է. երբ խաղում եմ, ոնց որ երկու Գևորգ է լինում, մեկը ես, մյուսը այն կերպարը, օրինակ, մի խաղում, թուրք մարդասպանի էի մարմնավորել, մեկ այլ դերում էլ ծաղրածու էի, իմ կերպարի հետ ապրում եմ բեմում, դժվար է, բայց կարողանում եմ շատ էներգիա փոխանցել հանդիսատեսին:

 

Անիի ու Գևորգի համար իրավունքը ինքնարտահայտվելու հնարավություն ունենալն է ու նաև իրենց սիրելի գործով զբաղվելու համար անհրաժեշտ պայամանների ապահովումը:

 

-Ես շատ եմ ուզում, որ մեկ օր մեքենա վարեմ,- ասում է Անին, իսկ ահա Գևորգը կամ խոհարար կամ էլ մնջախաղի դերասան է ուզում դառնալ.

 

-Ես շատ լավ պատրաստում եմ, հատկապես աղցաններ, բայց երևի թե մնջախաղում եմ ինձ տեսնում, բեմում: Նաև շատ եմ ուզում ճանապարհորդել, դե , իհարկե, դա միջոցների հետ է կապված:

 

Մեր փոքրիկ հարցախույզը երեխաների շրջանում ցույց տվեց, որ նրանցից շատ քչերը գիտեն ինչ է իրավունքը, ինչ իրավունքներ ունեն….Գիրքը հուսանք շուտով այդ բացը կլրացնի.

 

13-ամյա Դավիթի համար ամենակարևորը կրթության իրավունքն է.

-Մենք պետք է ունենանք սովորելու իրավունք, որ գիտելիքներ ստանանք, բուհ ընդունվենք ու հետո լավ աշխատանք գտնենք, իսկ եթե չունենանք այդ իրավունքը, դպրոց չգնանանք, վատ կլինի,- անկեղծանում է Դավիթը:

 

15-ամյա Անի Ռուբենյանի համար էլ ամենակարևորը, որ.

-Մենք՝ երեխաներս խաղաղ, նորմալ պայմաններում մեծանանք, որ տանը վեճեր չլինեն, բռնություն չլինի, որ հետո էլ մենք լավ ընտանիքներ ունենանք…

 

12-ամյա Լիլիթ Պետրոսյանն էլ ասում է, որ շատ հաճախ հենց երեխաներն են խախտում միմյանց իրավունքները.

-Այ, օրինակ եղել է դեպք, երբ աշակերտը վարժ չէր կարողանում խոսել ու դրա պատճառով դասարանում նրան ծաղրում էին, չէին ընդունում: Սխալ է նման բան անելը, պետք է մարդուն միշտ ընդունել այնպես, ինչպիսին նա կա,- համոզված է Լիլիթը:

 

Զրուցեց Լիլիթ Քոչինյանը

 

 

 

Դիտումների քանակը` 4090

Գլխավոր էջ