«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»
Իր ապագա կնոջ՝ Յոլանդի հետ Րաֆֆի Ռշտունին ծանոթացավ 1990-ին, երբ իր ծննդավայր Ալ-Հասակե քաղաքից տեղափոխվեց Հալեպ: Նորաստեղծ ընտանիքն ապրում էր Հալեպի հայաբնակ Սուլեմանի թաղամասում: Ողջ քաղաքում մեծ հեղինակություն էր վայելում Րաֆֆի Ռշտունու ավտոմեքենաների և վերելակների վերանորոգման մասնավոր արտադրամասը: Եկամտաբեր աշխատանքը Րաֆֆու բազմանդամ ընտանիքին ապահովում էր բարեկեցիկ կյանքով: Մարդամոտ ու հյուրընկալ Յոլանդը մշտապես զբաղված էր երեք երեխաների՝ Եվայի, Սարգիսի և Թիթառի դաստիարակությամբ ու ընտանեկան հոգսերով: Սակայն Սիրիայում սկսված պատերազմը խափանեց կյանքի խաղաղ ընթացքն ու ապագայի բոլոր ծրագրերը: Այն խլեց նրանցից ոչ միայն հարազատ տունն ու մշտական աշխատանքը, այլև զավակների համար փայփայած երազանքները:
Հայաստան եկան 2012 –ի հոկտեմբերին: Մինչ այդ ը Րաֆֆի Ռշտունին դիմել էր Հայաստանի անձնագիր ստանալու խնդրանքով: Հայաստան գալուց անմիջապես հետո պարզվեց, որ Սիրիայում թեժացող պատերազմի պատճառով հետվերադարձն անորոշ ժամանակով հետաձգվում է: Ունեցած ֆինանսական միջոցները բավարարեցին միայն բնակարանի վարձակալման և մի որոշ ժամանակ ապրելուն, իսկ Հալեպ վերադառնալու հույսը նվազում էր: Ինչևէ, ապրելու համար աշխատել էր պետք:
– Հայաստանում իմ մասնագիտությամբ աշխատանք չգտա, իսկ 57-ամյա տղամարդու համար , համաձայնվեք, որ դժվար էր մի նոր մասնագիտություն ձեռք բերել: Ես ու կինս որոշեցինք զբաղվել արևելյան քաղցրավենիքների արտադրությամբ, որով այնքան հայտնի է Հալեպը: Տնային պայմաններում պատրաստում ենք տարբեր քաղցրավենիքներ, իսկ խնայողության համար թխվածքների ձևավոր տարաները ինքս եմ պատրաստում: Նախկին մասնակգիտությունս ինչ-որ չափով այս հարցում պետք եկավ,-պատմում է Րաֆֆի Ռշտունին:
Ընտանիքի համար տեսակ-տեսակ համեղ կերակուրների ու թխվածքների պատրաստման գործում հմտացած Յոլանդը որոշեց վարպետանալ նաև մեծ պահանջարկ վայելող սեղանի ձևավորման արհեստում: Որոշ ժամանակ հաճախեց դասընթացների: Այսօր արդեն օրեցօր ընդլայնվող ծանոթների շրջանակում Յոլանդի պատրաստած չրեղենի, դարչինով ու շոկոլադով թխվածքների, չորակի, փախլավայի ու աղի թծվածքների պատվիրատուները նախընտրում են միայն նրա արտադրանքը: Ռշտունի ամուսինները հաճախ ստանում են նաև հարսանեկան պատվերներ:
– Թեև Հայաստանում հարկադրված մնալու և անորոշ վիճակից մի փոքր շփոթվել էինք, սակայն այն շատ կարճ տևեց, քանի որ հուսահատվել, կնշանակեր մատնվել անգործության: Շուտափույթ անցանք գործի և սիրիական խոհանոցի գիտելիքներս օգտագործեցի մեր փոքրիկ բիզնեսում: Հայաստանի սփյուռքի նախարարության խորհրդով մասնակցում ենք նաև էքսպո ցուցահանդեսների, կարծում եմ, այն կօգնի ընդլայնել պատվիրատուների շրջանակն ու գտնել նոր գործընկերներ: Սիրով ուսումնասիրում և կիրառում եմ նաև հայկական խոհանոցի որոշ ուտեստներ և ճաշատեսակներ: Արդեն հարմարվել ենք Հայաստանի կենցաղին, ունենք հիանալի բարեկամներ ու հարևաններ: Սիրիա վերադառնալու հույս չունենք, սակայն, եթե այնտեղ իրավիճակը մի փոքր հանդարտվի, կարծում եմ, կկարողանանք Հալեպի մեր տունն ու ունեցվածքը տեղափոխել այստեղ,- պատմում է Յոլանդը:
Անգործ չեն նաև Րաֆֆիի և Յոլանդի զավակները: Ավագ դուստրը՝ Եվան այժմ սովորում է Սիրիայի Լաթաքիա քաղաքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Շուտով փաստաբանի մասնագիտություն ստացած կվերադառնա Հայաստան ապրելու և աշխատելու: Կրտսեր դուստրը կավարտի դպրոցն ու կշարունակի ուսումը նախընտրած մասնագիտությամբ, իսկ Սարգիսն արդեն զբաղվում է մի փոքրիկ բիզնեսով:
– Անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը, նա աշխատասեր է, չընկճվող, անգամ ոչնչից կարող է զբաղմունք ստեղծել,- ասում է Րաֆֆին, – Ուղղակի խնդիրն այն է, որ հայաստանյան շուկան փոքր է, աշխարհագրական դիրքը՝ աննախանձելի, ի տարբերություն Սիրիայի, որի շուկան չափազանց մեծ է: Սակայն անկեղծորեն ուրախ ենք, որ հայրենիքում ենք, ուր գիշերները հանգիստ ննջում ենք, չվախենալով չընդհատվող ռմբակոծությունից: Իսկ դժվարություններ ամեն տեղ էլ կան, ու դրանք հաղթահարելի են, քանի որ կա ընտանեկան ջերմություն, փոխադարձ սեր ու վստահություն, ու նոր բնակավայրում քեզ չեն համարում օտար: Իսկ դա ամենակարևորն է:
Անուշ Ներսիսյան
Լուսանակրանեըը՝ ՄԱԿ ՓԳՀ Հայաստանում
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»
Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին
Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի
Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան
Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին
ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք
«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»
Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը
«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…
Դիտումների քանակը` 4004